Քաղաքագրություն. տարվա վայրերը

Այս մի քանի տողը կուզեի նվիրել ինձ համար սիրելի դարձած Երեւան քաղաքի այն վայրերին, սրճարաններին, ուր տարվա մեջ լավագույն օրեր ու ժամեր եմ անցկացրել:

Մհեր Մկրտչյան 10 հասցեում գործող «Միրզոյան» ֆոտո-գրադարանը, որ, ըստ իս, դարձավ քաղաքի ամենաինքնատիպ, իր ձեւով ու բովանդակությամբ հետաքրքրական մի վայր, որտեղ օրերով կարելի է վայելել լուսանկարչական բացառիկ ալբոմներ: «Միրզոյան» գրադարանի մյուս ընտիր հատկանիշներից մեկը սրահում պահպանվող լռությունն է, ինչի արդյունքում էլ այստեղ միշտ հարմար է աշխատել՝ գրել, կարդալ, ընթացքում խմել համեղ թեյեր, գինիներ, սուրճ, մատե:

Հաջորդ սիրելի վայրը Արամի 42/1 հասցեում գործող «Ժան Պոլ. էքզիստենցիալ» սրճարանն է, որը կարճ ժամանակում երեւանցիների, հատկապես երիտասարդության համար կարեւոր հանդիպատեղ դարձավ: «Ժան Պոլին» հաջողվել է ամբողջականության մթնոլորտ ստանալ՝ մի բան, որ լավ ժամանցի էական բաղադրությունն է: Ամբողջականություն բոլոր իմաստներով՝ ե՛ւ ինտերիերով, ե՛ւ աշխատակիցներով, ե՛ւ ճաշացանկով, ե՛ւ այցելուներով: Կարծում եմ՝ «Ժան Պոլը» բոլոր հնարավորություններն ունի դառնալու մեր ժամանակներում ավանդույթ ստեղծող եւ փոխանցող գլխավոր սրճարաններից մեկը: Սրճարանների թեման փակելով՝ հիշեմ նաեւ երկու հաճելի վայրեր՝

Աբովյան 1/3 հասցեում գործող «Սքուեր Ուանը» եւ Մաշտոցի 30/90-ի «Ռետրոն»:
Բաղրամյան 26 հասցեում ոչ միայն չարաբաստիկ դարձած նախագահական նստավայրն է, այլեւ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի եւ Սիրահարների այգու միջանցքում գտնվող մի չքնաղ, գրեթե կախարդական բակ-կիսայգի՝ շենքերի կտուրներից բարձր՝ իր հին, սլացիկ արծաթափայլ եղեւնիներով, կանաչ ներկով պատված նստարաններով, իր մենակությամբ ու անկախությամբ: Սա արդեն ուրիշ Երեւան է, ուրիշ ազատություն, որին էլ նվիրված է իմ անտիպ վեպի մի ամբողջ գլուխ:

Սպենդիարյան փողոցը, որ ասես նեղլիկ, աչքի չընկնող ու դրանով անչափ հետաքրքիր արահետ լինի, Մոսկովյանի ու Թումանյանի միջեւ ընկած գծիկ: Գարնանն ու աշնանը, երբ Մոսկովյանից ես փողոց մտնում, ծովի նման միանգամից բացվում են հոսանքալարերին հյուսված ծառերի սաղարթները, ու բացվում է փողոցի ինքնահրճվանքը, եւ դրա պատճառը որոնելն իմաստ չունի:

Բայց հերիք է: Սիրելի վայրերի մասին խոսելը հեշտ չէ, ուզում ես միայն քոնը լինեն: Սրանք միայն իմն են, ձերը չեն: Դրա համար էլ ավարտում եմ այս սյունակը՝ հապճեպորեն եւ ուրախությամբ:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X