Անակնկալներ ՀԿԵ-ից ծնողազուրկ երեխաներին, նախկին աշխատակիցներին եւ ոչ միայն

Դեկտեմբերի 25-ին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աջակցությամբ, «Երևան» կայարանում բացվեց «Սահմանը մեր ամրոցն է» խորագրով բարեգործական ցուցահանդես վաճառք, որին մասնակցում են տասնյակից ավելի վարպետներ մայրաքաղաքից, սահմանամերձ բնակավայրերից և Արցախից: Միջոցառման նպատակը հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի մշակութային կյանքի նկատմամբ ուշադրություն հրավիրելն է:

Այսօր լրատվամիջոցներում քիչ չեն խոսում այս կամ այն ընկերության բարեգործական ակցիաների մասին, սակայն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության անունը քիչ է հնչում: «Ի տարբերություն այլ ընկերությունների, որոնք բարեգործության համար տրամադրված միջոցներին երբեմն մի քանի անգամ գերազանցող միջոցներ են վատնում լրատվամիջոցներով գովազդելու համար, մենք գերադասում ենք այդ միջոցներով այլ բարի գործեր կատարել: Ուղղակի դրա մասին գիտեն հիմնականում նրանք, ովքեր իրենց վրա զգում են այդ բարեգործությունը»,- մեզ հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովի հետ:

Զրույցի ժամանակ երկաթուղու պաշտոնյայի ձեռքին մի ծավալուն ցուցակ կար, բայց բովանդակության մասին խոսում էր համեստորեն ու առանց ավելորդ պաթոսի:
«Չպետք է մոռանալ, որ մենք առավել կարևոր խնդիր ունենք Հայաստանում, դա երկաթուղու ենթակառուցվածքների վերականգնումն ու արդիականացումն է, որի համար տարեցտարի հսկայական միջոցներ են ներդրվում: Դրանք ուղղված են գծային տնտեսությոն կայունացմանը և երկաթուղու էներգետիկ տնտեսության արդիականացմանը, որպեսզի ապահովենք երկաթուղային տրանսպորտի միջոցով կայուն բեռնա և ուղևորափոխադրումներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Բայց երկաթուղում երբեք չեն մոռանում իրենց նախկին աշխատակիցներին, ովքեր հիմա վաստակավոր հանգստի են անցել, մշտապես նրաց կողքին են և օժանդակում են, լինի դա Երևանում, Գյումրիում և բոլոր այն վայրերում, որտեղով անցնում է երկաթուղին:«Քչերը գիտեն, որ վերջերս մեր երկաթուղու վետերանների համար գործնականում նոր շենք կառուցեցինք, Սոլակ համայնքում վերանորոգեցինք մեր բազմամյա աշխատակիցներից մեկի ընտանիքի բնակարանը, որ շատ անմխիթար վիճակում էր, բայց դե դա ի՞նչ գովազդելու բան է…»,- ասաց Օ. Շատալովը:

Ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հանձնարարությամբ հատուկ ուշադրության կենտրոնում են երեխաները: Ֆիոլետովո համայնքում երկաթուղու միջոցներով վերանորոգվել է տեղի դպրոցը: Գլխավոր տնօրենն անձամբ, դեսպանատան աշխատակիցների հետ միասին, մի քանի անգամ գնացել է այդ համայնք, ծանոթացել վերանորոգման աշխատանքների ընթացքին: Արդյունքում՝ ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան կրթական հաստատություն: Ամենաթարմ օրինակը Ալավերդի քաղաքում է, որտեղ վերջերս տեղի ունեցած բնական աղետի հետևանքով վնասվել էր նաև մանկապարտեզներից մեկի շենքը: Երկաթուղին ոչ միայն օժանդակել էր վնասված տանիքի նորոգմանը, այլև քաղաքային իշխանությունների հետ քննարկում է մանկապարտեզի շենքի ներքին վերանորոգման աշխատանքներին մասնակցելու հնարավորությունները:

Մեզ հետ զրույցի ժամանակ Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանն ասաց, որ նախատեսվում է ամբողջությամբ վերանորոգել մանկապարտեզի առաջին հարկը, որտեղ նաև ավագ տարիքի երեխաների խումբ կբացվի: Հիմա այդ երեխաների մեծ մասը հաճախում են քաղաքի այլ նախադպրոցական հաստատություններ: «Մենք լավ ենք պատկերացնում, որ այդ մանկապարտեզը սպասարկում է քաղաքի երկաթուղայինների թաղամասին և հիմնական շահառուները մեր աշխատակիցների երիտասարդ ընտանիքներն են: Շուտով կավարտվի մանկապարտեզի վերանորոգման նախագծային, նախահաշվային աշխատանքը, որի հաստատումից հետո մենք կորոշենք նորոգման աշխատանքներին երկաթուղու մասնակցության չափերը»,- ասում է ՀԿԵ գլխ.տնօրենի առաջին տեղակալը:

Անամորի տոնակատարությունների կապակցությամբ մի այլ անակնկալ էլ սպասվում է մայրաքաղաքի մանկական տուն-ինտերնատներում դաստիարակվող ծնողազուրկ և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Այս հաստատությունների 350 սան կմասնակցի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տոնական ներկայացումներին: Տոմսերը գնվել են երկաթուղու միջոցների հաշվին և, անկասկած, մեծ ուրախություն կպարգևեն առանձնահատուկ ուշադրության արժանի այս մանուկներին:

Բարեգործությունը Հարավկովկասյան երկաթուղու համար օտար չէ, դրանով այստեղ զբաղվում են մշտապես և համակարգված: Ուղղակի չեն սիրում դրա մասին բարձրաձայնել: Կարևորը կատարած գործն է և դրա շահառուների բարձր գնահատականը:

Էդուարդ Սարիբեկյան

Մեկնաբանություն
X