Գեներալի հերթական «զոհը» նախկին քաղաքապետն է

Դեկտեմբերի 29-ին գեներալ Մանվելի անմիջական մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած ծեծկռտուքը խլացավ տոնական եւ արձակուրդային օրերի տրամադրության մեջ: Աղմկոտ միջադեպը, սակայն, երկար լռության մատնվել չէր կարող: Էջմիածինցիների վիրավորանքն այնքան մեծ է, որ տեսածն ու լսածը մինչ այսօր մարսել չեն կարողանում:

Դեպքը, որ կատարվել է օրը ցերեկով՝ Բաղրամյան փողոցի վրա գտնվող թիվ 1 սուպերմարկետի հարեւանությամբ, մեծ թվով «հանդիսատես» է ունեցել: Թիվ 1 սուպերմարկետը գործում է քաղաքի գլխավոր շուկայի հարեւանությամբ, եւ, բնական է, որ նախատոնական եռուզեռի պահին մեծ թվով մարդիկ են ականատես եղել միջադեպին:

Սուպերմարկետի մոտակայքում կայանած տաքսիների վարորդների եւ այդ տարածքում գտնվող խանութների աշխատակիցների հետ զրույցից պարզեցինք, թե իրականում ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 29-ին: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ գեներալի եւ նրա մարդկանց կողմից ծեծվել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանը: Ըստ տաքսու վարորդների՝ նախկին քաղաքապետը կնոջ եւ հարսի հետ սուպերմարկետ է եկել՝ գնումներ կատարելու: Մեքենան կայանել է մարկետի հարեւանությամբ ու ներս մտել:

Դուրս է եկել այն պահին, երբ ինչ-որ մարդիկ իջեցնելիս են եղել նախկին քաղաքապետի մեքենայի անիվները: Երբ փորձել է կանխել, գեներալի թիկնազորը վրա է տվել, եւ սկսվել է ծեծկռտուքը: Գրեթե նույն պահին իր մեքենայից իջել է գեներալը, որն այս ամբողջ ընթացքին հետեւելիս է եղել մեքենայի պատուհանից եւ, հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղալով, միացել ծեծկռտուքին:
«Ամենազզվելին էն էր, որ, հաշվի չառնելով խանութ ներսուդուրս անող կանանց, աղջիկների ու երեխաների ներկայությունը, գեներալը տասներկու հարկանի հայհոյանքներ էր տալիս: Կանայք, ականջները ձեռքերով փակած, վազելով փախնում էին: Անհարմար չէր զգում, այլանդակ հայհոյանքներ էր տեղում նաեւ Հրաչի կնոջ հասցեին՝ նրա ներկայությամբ...»:

Ականատեսների պատմելով՝ Հրաչ Աբգարյանը, որ նախկինում բռնցքամարտիկ է եղել, հասցրել է նույնիսկ հարվածել թիկնապահներից մեկին ու վայր գցել նրան: Դրանից հետո, սակայն, ինքն է ընկել հարվածների տարափի տակ: «Ինքը մենակ, նրանք՝ խրձով: Հրաչի ձեռները բռնել էին, որ չխփի. նրա խփածը խփած ա: Եթե ձեռքերը չպահեին, տակ մնացողը չէր: Դուխով տղա ա, ճիշտ ա՝ նախաձեռնող քաղաքապետ չէր, բայց կարում էր հարցեր լուծել»,-ասաց դեպքի ականատեսներից մեկը, ըստ որի՝ նախկին քաղաքապետն այս վիրավորանքը մարսողը չէ:

Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ Հրաչ Աբգարյանը մի քանի ամիս առաջ որդի է կորցրել: «Տղայի առաջին նոր տարին էր... Բա դա մարդկայի՞ն ա: Խեղճ տղեն կնոջ ու հարսի հետ եկել ա առեւտուր անի, որ տղայի մահվան առաջին տարին նշի, ընկել ա դրանց ձեռքը: Լավ, եթե մարդու անցյալի, զբաղեցրած պաշտոնի վրա թքած ունեք, գոնե սուգը հարգել կարողացեք»,-վրդովված ասում էր զրուցակիցս: Մեկ այլ տասքու վարորդ էլ հավելեց. «Եթե նա իր տղու անունն ու պատիվն ա գետնով տալիս, ուրիշի անվան մասին կմտածի՞: Գեներալ մարդ ա, չի՞ հասկանում, որ էդ արարքով ոչ միայն իր, այլեւ իր քաղաքապետ տղու հեղինակության հետ ա խաղում: Ասենք՝ մարդ ես, ուզում ես կատարվածի մասին դիմես ղեկավարիդ էն մտավախությամբ, որ ամենիքիս հետ էլ կարա տենց բան կատարվի: Բայց ո՞ւմ դիմես՝ խաղաղ բնակչությանը ծեծող ու հայհոյող գեներալի քաղաքապետ որդո՞ւն, որ գլուխը թաքցնելու տեղ ա ման գալիս, թե՞ ոստիկանությանը, որն Էջմիածնի մի ոստիկանապետի ամիսներ առաջ հրաժեշտ տվեց նմանատիպ մի դեպքի առիթով նյութեր նախապատրաստելու համար»:

Զրուցակիցներիցս մեկի կարծիքով էլ՝ մեքենան ոչ ճիշտ կայանելն ընդամենը պատրվակ է եղել: «Իրանց մեջ երեւի հին հաշիվներ կան: Թե չէ բանը ծեծին չէր հասնի: Բայց, ինչ էլ որ լինի, արդարացում չկա: Ի վերջո՝ էլ հնարավոր չի սենց ստորացած ապրել: Էս դեպքը մեր համբերության հերթական կաթիլն ա, որ մի օր բաժակը կլցնի»,- ասաց վարորդներից մեկը:

ՀԳ. Մենք կապվեցինք ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին կառավարիչ, Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի հետ եւ հարցրինք. «Ձեզ ծեծի՞ են ենթարկել գեներալ Գրիգորյանի մարդիկ»։ «Ես նման գեներալ չեմ ճանաչում»,- ասաց Աբգարյանը: Ասում են՝ Ձեզ հետ հաշվեհարդար են տեսել միայն այն պատճառով, որ ավտոմեքենան «սխալ» տեղ եք կայանել։ «Ծեծկռտուք չի եղել»: Միակողմանի՞ են ծեծել, թե՞ քաշքշել են։ «Դե հա, էլի»,- ի վերջո խոստովանեց Աբգարյանը:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Մեկնաբանություն
X