Հետո... Էսպես մինչև ե՞րբ...

Մեր կռիվն սկսվեց հատկապես այն բանից, երբ խորհրդային մամուլը 1988-ին հավասարության նժար դրեց ղարաբաղյան պայքարի եւ տգիտության ու մոլեռանդության միջեւ: Այն պահից, երբ մեզ էքստրեմիստ էին անվանում, իսկ սումգայիթյան եղերագործությունը՝ մի խումբ խուլիգանների գործ: Այդ ժամանակ կռիվ էինք տալիս մի ամբողջ գաղափարախոսության՝ «Պրավդայի», «Իզվեստիայի», ՏԱՍՍ-ի եւ այլոց դեմ:

Հայաստանյան մեր հայ սեփական թղթակիցները կաշվից դուրս էին գալիս ճշմարիտ ինֆորմացիայի բլոկադան ճեղքելու համար: Բայց հո նրանց ձեռքին չէ՞ր (ցավոք, այդ ժամանակ նրանց չգնահատեցինք, թացը չորի հետ խառնեցինք): Եվ այդ գաղափարախոսական կռվի ժամանակ առաջին միակ լուսավոր շողը (կենտրոնական հեռուստատեսությամբ) գրող, հրապարակախոս Հենրիկ Բորովիկի հաղորդումն էր, որն ինչ-որ չափով լույս սփռեց ղարաբաղյան խնդրի ու պայքարի վրա: Քաղաքակրթությունն ու տգիտությունը խառնել էին մի ընդհանուր կաթսայում եւ հրամցնում էին աշխարհին:

Հայերիս գենետիկ կոդը չափազանց դիմացկուն է, միայն թե ինքներս մեզ չավերենք: Մենք ամեն ինչի կարող ենք դիմանալ՝ բացառությամբ ստին ու անարդարությանը: Եվ պատահական չէր, որ կայսրությունը փլուզվեց:

Այն ժամանակ մեզ ուղղակի հունից հանեց այն, որ հնամենի քաղաքակրթություն ունեցող ազգը համեմատում էին ոչ միայն սեփական պատմություն, այլեւ այբուբեն չունեցող ժողովրդի հետ:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում այսօր…

Էն գլխից՝ վերջին երկու տասնամյակի ընթացքում՝ գաղափարախոսության իսպառ բացակայության պայմաններում, կամաց-կամաց, կաթիլ առ կաթիլ գլոբալիզացիայի կռապաշտ նոր դարաշրջանում արժանապատվության համար, ստի ու կեղծիքի դեմ կռիվ տվող հայն արդեն ինքն է աննկատորեն հավասարության ու համեմատության նշաններ դնում: Եվ ամենավտանգավորն այն է, որ չենք էլ զգում, թե ինչպես Հայաստանում բուն դրած զանազան «կառույցներ» երեխայի պես ձեռքներիցս բռնած, օգտվելով դժվարին կացությունից եւ նմանատիպ իրավիճակներից, քանոնը դրած՝ հայի ու թուրքի միջեւ հավասարության նշան են գծում:

Եվ այդ ամենն արվում է կավեենատիպի եւ դեմքի ծամածռությամբ ծիծաղ կորզող ֆիլմերի, էժանագին հումորի, աղանդների, փառատոների եւ այլ միջոցներով: Գաղափարական անկառավարելիությունը նրան է հասել, որ նույնիսկ բանակը չենք խնայում: Հապա մի դիտեք զինվորական թեմաներով տարիներ շարունակ ցուցադրվող երկարաշունչ սերիալները: Կամ թե չէ մի փոքր աչքի անցկացրեք երեւանյան օտարագիր ու օտարալեզու վահանակները: Ծայրահեղությունն այն աստիճանի է հասել, որ, դիցուք, «70 տոկոս զեղչ» բառերն արդեն անգլերեն են գրվում: «Դե եկ, վարդապետ ու մի խենթացիր»:

Մի խոսքով, մեզանում ամեն օր, գուցեեւ ամեն ժամ կորցնում ենք սեփականը, ազգային այն արժեքներն ու նորմերը, որոնք մեկ սերնդի ջանքերով չէ, որ ձեռք են բերվել: Պատճառները՝ այսպես ասած, այսբերգի ներքին շերտը, հանուրին են հայտնի: Պարզապես արդեն հաշտվել ենք՝ ինչպես բժիշկները մահվան հետ:

Հետո՞, էսպես մինչեւ ե՞րբ… Ես այլ ելք չեմ տեսնում, քան վերականգնել գեղարվեստական խորհուրդները, ոչ թե ձեւական, այլ՝ վճարովի: Կասեն՝ ըհը, գրաքննության կոչ եմ անում: Կեղտաջուրն էկրան չթողնելը, չմասսայականացնելը դեռեւս գրաքննություն չեն: Փորձեն ամենաժողովրդավարական երկրում նմանատիպ ֆիլմեր ու անհատի ներքնաշխարհն ավերող հաղորդումներ ներկայացնել… Այդ երկրներում մի այնպիսիի գրաքննության կհանդիպեք, որ խորհրդային ցենզուրան գլուխը քարով է տվել: Իսկ մենք նույնիսկ մեր երեխաներին չենք խնայում: Ինչ է, մենք նման գրաքննության կարիք չունե՞նք: Ոչ միայն ունենք, այլեւ պարտավոր ենք ունենալ…

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X