Քաղաքագրություն. Ճամփորդություն գինու մառաններ

Առաջին անգամ ես միայնակ գնացի՝ մոտիկից դիտելու գինու մառանները եւ Իսակով փողոցով դանդաղ քայլեցի բարձր, հզոր, բայց եւ չափազանց կատարյալ պատի երկայնքով: Հետո շրջանցեցի կամրջին հանդիպակաց երեք համառ կամարները եւ անցա ձորահայաց կողմը: Ձորահայաց ափով ես դանդաղ առաջանում էի, որովհետեւ որմնասյուների խոյակների զարդերը շատ էին բարձր ու շատ գաղթակղիչ: Եվ այդ բարձր, սլացիկ որմնասյուները, իրենց ուղղահայաց ստվերներով, նազելի էին դարձրել կորանիստ ստվերները, եւ ձորահայաց այս պատը կեսօրվա շոգին աշխույժով էր լցվել: Ցածից ես նայում էի երրորդ հարկի սյունազարդ պատշգամբին, որը հատուկ բացված է Արարատյան դաշտի ընդարձակությունը տեսարանի մեջ ներգրավելու համար: Այդ կողմերով անցուդարձ համարյա չկա, թերեւս լռությունն ու բազալտից կոփված երկարաշունչ պատն է եւ ձորն ու ջրի վշշոցը, որ միայնակ անցորդին համակում է բերդապարսպի գաղափարը: Ցածում Հրազդանն է, եւ հենց նրա ժայռոտ ափերն են նաեւ, որ թելադրում են մառանների քարի գույնը: Ինչքան է մտահոգվել ճարտարապետը, որ գինու մառանները դառնան տեղանքի հարազատ բնակիչ…

Երկրորդ անգամ Արարատի գինու մառանները մոտիկից դիտելու համար գնացինք երեքով, տանելով մի բուրավետ վարդ՝ իբրեւ ընծա ճարտարապետին... Գինեգործ Հրայր Գարասեֆերյանը մեզ տարավ միջնաբակի այն մասը, որտեղ Շուստովի գինու գործարանն է: Ժամանակին հռչակ վայելած այդ գործարանը, որի արտադրանքը՝ հայոց արեւով տաքացած, մեդալներ էր շահում արտասահմանյան տոնավաճառներում, հիմա մի փոքրիկ, բայց գեղեցիկ մակետի է նման եւ գուրգուրանքով պահվում է մերօրյա մառանների մեծ շրջանակից ներս: Մենք իջանք մառանները եւ միանգամից ընկանք այլ աշխարհ: Մենք տեղափոխվեցինք գինու թագավորություն: Տակառներ, տակառներ, հսկայաչափ տակառներ: Կաղնեփայտե հզոր տակառները, որ իրենց մեջ ամբարած պահում են հայոց աշխարհի բարիքը: Շուստովի մառաններում տեղ կար 4000 լիտրի համար: Իսրայելյանի մառաններում 4 միլիոն լիտր գինի է ամբարված: Գինեգործ Հրայր Գարասեֆերյանի հետ իջնում ու բարձրանում ենք աստիճաններով եւ ընթացքում տակառների վրա կարդում գինու անունն ու տարիքը: Հասանք Շուստովի մառաններին, որ ճարտարապետը վերցրել է իր համալիրի մեջ: «Հիմա մենք կանգնած ենք բերդի տեղում: Մառաններից առաջ այստեղ բերդ է եղել. 1727 թվականին, հեղինակի ներկայությամբ, առաջին անգամ, ահա, այստեղ է բեմադրվել Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կոմեդիան, որի մասին արձանագրություն կա ձորահայաց պատի վրա: Այստեղից գաղտնի մուտք է եղել՝ Զանգվի տակով անցել է դիմացի ափը, դեպի Սարդարի ամառավայրը»: Պատմական այս իրողությունը վերհիշելու պահին մենք կանգնած էինք տակառի կողքին, որի վրա գրված էր. ««Արեւիկ» 1928թ.»…

Մենք դուրս ենք գալիս մառաններից եւ գնում դեպի տանիքը: Ճանապարհին Հրայր Գարասեֆերյանը պատմում է գինու երեք աստիճանի՝ ծննդի, կյանքի եւ մահվան մասին: Ծնունդը խաղողն է, կյանքը խաղողի հյութն է. գինին հասունանում, երիտասարդանում է տակառի մեջ: Հի՜ն գինի, ծե՜ր գինի, հարյուր, երկու հարյուր տարեկան գինի… Գինին շատ երկարակյաց է, սակայն կյանքն ավարտվում է, երբ փակվում է խցանը: Մենք արդեն տանիքում էինք, որտեղ դարձյալ տակառներ էին շարված, եւ բաց երկնքի տակ հասունանում էր «Օշական» գինին: Տանիքից մենք դիտում էինք մեծ համայնապատկերը՝ ձորը, ձորից այն կողմ՝ Սարդարի այգիները, բարձրում՝ Պասկեւիչի բլուրը, ավելի հեռու՝ գործարանային թաղամասը, դիմացը՝ կոնյակի գործարանը, որ բարի ու ներդաշնակ հարեւանն է գինու մառանների, ապա եւ «Հրազդան» մարզադաշտը, Սբ. Սարգիս եկեղեցու արեւագույն պատը՝ ճարտարապետի պաշտելի քարը:

Մարգո Ղուկասյանի «Ոսկեձեռիկ ճարտարապետը» էսսեից

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X