Հիտլերի «վերադարձը»

Մի փոքր խորհրդանշական է, որ հենց այս օրերին, երբ գերմանացիները, կապված Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի, իսկ դրանից առաջ Քյոլնում միգրանտների կողմից կանանց հանդեպ կիրառված բռնությունների հետ, սգի ու ցասման մեջ են, երբ կանցլեր Անգելա Մերկելը, տեղի ունեցածը խիստ դատապարտելով, փախստականներին կոչ է անում ընդունել եւ հարգել Գերմանիայի օրենքներն ու ավանդույթները, ահա, հենց այս օրերին Գերմանիայում, Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ վերահրատարակվում է Ադոլֆ Հիտլերի տխրահռչակ «Mein Kampf» («Իմ պայքարը») գիրքը: Վերահրատարակվում է եւ ժամեր անց դառնում բեսթսելլեր: Գրքի առաջին հատորը հրատարակվել է 1925 թվականի հուլիսի 18-ին, երկրորդ հատորը՝ 1926 թվականին: Անցած տարի այն Արտաշես Հովհաննիսյանի թարգմանությամբ հրատարակվեց նաեւ հայերեն։

«Mein Kampf»-ում ամփոփված մտքերն ու գաղափարները ծնվել են Լանսբերգ քաղաքի բանտում, որտեղ փակված էր նացիոնալ-սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ադոլֆ Հիտլերը: Ներկայացնելով իր անցած ուղին (գրքում Հիտլերը մռայլ դրվագներով վերհիշում է նաեւ իր մանկությունը)՝ նա հստակորեն առաջ է բերում քաղաքական ու նպատակադրական հայացքները՝ խոսելով «հրեական վտանգից», պարանոյիդ սեւեռումներով ահազանգում հրեաների կողմից համաշխարհային իշխանության մենաշնորհային գրավման մասին։ Առհասարակ, «Mein Kampf»-ը պսիխոդելիկ զառանցանք է, ուր հեղինակի կողմից լեգիտիմացվում եւ հետագայում գործածվում են ռասայական խտրականությունը, անտիսեմիտիզմը, ամբողջատիրությունը, մենիշխանությունը, արիական ցեղի անվերապահ գերակայությունը մյուս բոլոր ժողովուրդների նկատմամբ:

Շատերի մեջ հարց է ծագել, թե արդյոք համարյա մեկ դար անց այս գրքի բովանդակությունը եւ դրա մատչելիությունը կարելի՞ է վտանգավոր համարել: Կան մտավախություններ, որ «Mein Kampf»-ի նոր ընթերցանությունը նեոնացիստների համար կդառնա գաղափարական ուխտատեղի, կսրի ազգայնամոլության ու անհանդուրժողականության վտանգավոր եզրը, այն էլ այսպիսի միգրացիոն հոսքերի ու կրկնվող ահաբեկչությունների դժվարին ժամանակաշրջանում: Հրատարակիչներն ասում են, թե «Mein Kampf»-ի նոր վերահրատարակությունն ավելի շատ ակադեմիական բնույթ է կրում՝ ծավալուն մեկնաբանություններով, ծանոթագրություններով, որն ապագայում կկանխարգելի գրքի ավելի անորակ, սուբյեկտիվ դիրքորոշումներով լույսընծայումների հնարավորությունը, քանի որ լրանում է հեղինակային իրավունքների ժամկետը, եւ արգելքն ինքնին դուրս է գալիս:

Կարծես ամեն ինչ պարզ է: Այս պահին «Mein Kampf»-ի հրատարակիչները, թեկուզ ակադեմիայի եւ պատմության անունները լրջախոհ դեմքերով հնչեցնելով, գրքի վաճառքից հսկայական գումարներ են քաղում: Այլեւս փաստ է՝ մի նողկալի ու հրեշավոր գրքի հաշվին նրանք կապիտալ են դիզում: Շատերը կասեն, թե սա ճիշտ քայլ էր, որ պետք էր, պետք էր հենց գերմանացիների համար՝ դամոկլյան սրի պես կախված նացիզմի բարդույթը հաղթահարելու համար, որ «Mein Kampf»-ի վերահրատարակությունը Հոլոքոստի զոհերի հիշատակը, աղետի հիշողությունը ոչ մի կերպ չի վիրավորում, որ մարդիկ գրախանութների առջեւ հերթ են կանգնում ոչ թե այն պատճառով, որ երազում են այս գիրքը կարդալ, այլ որ ցանկանում են առաջին ձեռքից իմանալ ողջ եղելությունը: Այս վերջինը խիստ կասկածելի դրույթ է՝ իմանալ ողջ եղելությունը: Կարծես վաղուցվանից մարդկությանն ու աշխարհին ամեն ինչ էլ հայտնի է: Հիտլերի «վերադարձը» բնորոշվում է որպես պատմության վերադարձ, որը, իհարկե, տարբեր ժամանակներում վերանայել պետք է: Բայց ինչ էլ լինի, մի բան հստակ տեսանելի է՝ այս քաղաքակրթությունը աղետի հիշողությունը չանարգելու էթիկական հայեցակարգից վաղուց հրաժարվել է: Ի՞նչ է նրա համար այլեւս նշանակում պահպանել ու չապականել Հոլոքոստի հիշողությունը՝ Ոչինչ:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X