Ձեռքերդ հեռու Իմ Քաղաքից

Ես մեծ ցանկություն ունեմ, մեծ, հզոր մի ցանկություն, որ բոլորը՝ Սերժ Սարգսյանից սկսած, Տարոն Մարգարյանով վերջացրած, զգան իրենց հոգում այն նույն դատարկությունը, որն զգացի երեկ առավոտյան՝ տեսնելով, թե ինչպես են վախկոտ գողի նման լուսադեմին քանդել Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկի կարմիր տուֆով երկհարկանի երեւանյան հին, գեղեցիկ (Արամի 30) շենքը: Իմ քաղաքի հիշողության եւս մի բեկոր, որ երբեք չի լինելու:

Երկու տարի առաջ էլ շենքը փորձեցին քանդել, բայց մի խումբ քաղաքացիների ու ակտիվիստների ջանքերով դադարեցրին իրենց դավաճանական զզվելի գործը: Ահա՝ դադարեցրին, որ ցրեն, ըմբոստության ալիքը մեղմեն, սպանողների սառնասրտությամբ հավատացնեն, որ շենքը պահպանելու են... Դադարեցրին այսօրվա համար ու վաղվա համար, որ քաղաքին մեջքից հարվածող իսկական ստահակների նման գողեգող, արեւը դեռ չծագած՝ քանդեն ու ավերակների վերածեն եղած փշուրները: Ու դեռ քանդելու են, հենց այսկերպ են մեր միջից դուրս քաշելու ավանդույթի ու դրա շարունակության ոգին:

Ես մեծ ցանկություն ունեմ, որ Իմ Քաղաքը, հա, հենց Իմ Քաղաքը, օրերից մի օր ազատագրվի իր կեցությունը կալանած բարբարոսներից, որոնք Իմ մանկությունից, Իմ ողջ գիտակցական ու զգացական կյանքից ոչինչ չեն թողել: Փլատակների մոտով բնակիչներ են անցնում, օրորում գլուխները. «Էս քանդին, հա՞», «Ինչ էլ աֆերիստ են, թաքուն-թաքուն քանդին», «Վայ քո՝ էս շենքն էլ քանդին, ես ձեր»..., եւ այսպես շարունակ:

Քաղաքաբնակներն իջնում են Աբովյան փողոցով, մի փողոց, որից ոչինչ չի մնացել, բացի սրտխառնոց առաջացնող, սպառողական հասարակարգին, Սերժ Սարգսյանին, իր նախորդներին բնորոշ կազմությամբ նորակառույց բարձրահարկերից, որի մեջ էլ, քարերի ու մեռոտության լեշի մեջ կապրեն ու կմեռնեն իրենց ժառանգները... նաեւ մենք բոլորս, մեր ժառանգները, Մեր քաղաքը:

Վերջապես՝ Աբովյան-Արամի խաչմերուկի կարմիր տուֆով հին երեւանյան շենքը քանդելու մեթոդն այնքան խոսուն է ու համահունչ մի իշխանության, որ բացի ունայնությունից ոչինչ չի կրում ի մեջ, տալու ու վերցնելու բան չունի... Սրանցից, որոնք ղեկավարում են քաղաքը, ի՞նչ երեւանցի, ի՞նչ ավանդույթ, ի՞նչ ժառանգություն, որտե՞ղ են տեսել նման Երեւան, ո՞ր կյանքում, ո՞ւմ մեջ... Աբիժնիկների ու բառիս բուն իմաստով գեղցիների մի խունտա, վտարանդիներ, որոնք երդվել են քարը քարին չթողնել, փակել լույսի բոլոր հնարավոր ակունքները... Քաղաքի, նրա բնակիչների գլխի տակ փափուկ բարձ դնելով ու լուսաբացին նրանց դավադրաբար սպանելով մինչեւ ո՞ւր եք հասնելու, որքա՞ն եք ապրելու՝ 20, 50 տարի՞, մի դա՞ր: Այս քաղաքը, որն անխնա ոչնչացնում եք, ձեզ ձեր ժառանգներն իրենց հիշատակարաններից, հավատացեք, դուրս են փսխելու: Ձեզ չեն հիշելու, ձեզ մենակ պղծելու են ու անարգելու: Ես երջանիկ անապատ եմ մաղթում ձեզ:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X