Քաղաքագրություն. Աբովյան փողոցի պատմությունը

1855 թվականին Կովկասի փոխարքան (որի նստավայրն էր Թիֆլիսը) հաստատեց Երեւան քաղաքի փողոցների պլանավորումը, որոնց համար սահմանվեց վեցից-քսան մետր լայնություն։ Քսան մետր լայնությամբ փողոց նկատի ունեցան միայն Աստաֆեւսկայայի (Աբովյանի) համար, իսկ մյուսների համար պահպանվեց միջինը՝ տասներկու մետր։ Ներկա Աբովյանը դարձավ քաղաքի անդրանիկ եւ գլխավոր փողոցը։ Երեւանի առաջին գլխավոր եւ պլանով կառուցված փողոցը՝ ներկայիս Աբովյանը, ունի ավելի քան մեկ դարի պատմություն։ Սկզբում կոչվել է Աստաֆեւսկայա, ի պատիվ Երեւանի նահանգապետի՝ Աստաֆեւի, որն այդ պաշտոնը վարել է 1864-1869 թվականներին։ Չնայած փողոցը պաշտոնապես Աստաֆեւսկայա էր կոչվում, բայց երեւանցիներն անվանում էին իրենց եղանակով՝ «եւսկայա» մասնիկը դարձնելով «յան»։ Դրա համար էլ Երեւանի առաջին եւ գլխավոր փողոցն ավելի շատ հայտնի դարձավ Աստաֆյան անունով։ Աստաֆեւսկայա փողոցին հարող, միաժամանակ քաղաքի աչքի ընկնող փողոցները եղան Նազարովսկայա (Ամիրյան), Բ֊եբուտովսկայա (Սվերդլովի) եւ Ցարսկայա (Սպանդարյան) փողոցները։ Ի դեպ, վերջինս՝ Ցարսկայա «թագավորական» անվանումը, կապված է Նիկոլայ Առաջինի Երեւան գալու հետ, որն այստեղ եկավ 1830 թվականին, այսինքն՝ Երեւանը ռուսական բանակի կողմից գրավելուց մոտ չորս տարի հետո։ Թագավորը երեք օր մնաց Երեւանում՝ այս փողոցի Կոնդին հարող բարձրադիր մասում, ուր նրան հատկացված էր հարմարավետ մի բնակարան: Աստաֆեւսկայա փողոցը ժամանակին դարձավ Երեւանի ամենաբարեկարգ փողոցը։ Նրա երկու կողմերում հոսում էին կարկաչահոս առուներ, որոնց ջրերով ամառը ջրում էին փողոցը եւ այն բարդիները, որոնք բարձրանում էին փողոցն ի վեր եւ նրան տալիս առանձին գեղեցկություն։ Բայց ափսոս, որ այդ ծառերին վիճակված չէր երկար կյանք ունենալ։ Պատճառը եղավ հետեւյալը. երբ Երեւանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը երեկոյան դուրս է եկել Աստաֆեւսկայա փողոցում զբոսնելու, բարդիների արանքից նրա վրա կրակել են։ Եվ այդ փաստից տուժեցին փողոցը գարդարող հոյակապ բարդիները, նահանգապետի հրամանով դրանք անխնա կտրատվեցին։ Միայն մի քանիսն են փրկվել, որոնք պահպանվում էին համալսարանի հին շենքի դիմաց եւ Ստեփան Շահումյանի անվան քաղաքական լուսավորության հանրապետական տան շենքի առջեւ, ուր այդ բարդիներից մեկը, որպես «վերջին մոհիկան», կանգուն էր մինչեւ վերջերս։ Ինչպես ասվեց, Աստաֆեւսկայա փողոցը եղավ Երեւանի առաջին պլանավորված փողոցը։

Այստեղից էլ «պլան» բառը երեւանցիների մոտ ստացավ ավելի շուտ փողոցի իմաստ (իհարկե՝ պլանավորված փողոցի)։ Այնպես որ, ժամանակին երեւանցիները «պլան» ասելով՝ նկատի էին ունենում առաջին հերթին Աստաֆեւսկայա փողոցը։ Դրա հետ մեկտեղ գործածական դարձավ նաեւ «Պլանի գլուխ» անունը, որն Աստաֆեւսկայա փողոցի վերին մասն էր։ Ի դեպ, ներկայումս այդ տեղը կոչվում է Աբովյան պուրակ, ուր կանգնեցված է մեծ լուսավորչի արձանը։ «Պլանի գլխով» էլ, փաստորեն, վերջանում էր Երեւանը (չհաշված բարձրադիր մասի մի քանի տներ) եւ սկսվում Քանաքեռ տանող խճուղին։

Աստաֆեւսկայան դարձավ քաղաքի աշխույժ փողոցը։ Այստեղով էր անցնում քաղաքի ձիաքարշը (կոնկան), որը հարմարեցված էր ավելի շատ ուղեւորների պահանջին եւ կանգնում էր այնտեղ, ուր պահանջում էին։ Ձիաքարշի գլխավոր ուղին սկիզբ էր առնում «Ղանթարի տակից» եւ հասնում «Պլանի գլուխ»։ Իսկ երկրորդ գիծը դարձյալ սկսվում էր նույն տեղից եւ գնում երկաթուղային կայարան։ Երեւանում ձիաքարշի շինարարությունն սկսվեց 1904 թվականին եւ շահագործման հանձնվեց 1906 թվականին։ Ձիաքարշն աշխատեց ընդամենը տասներկու տարի։ 1918 թվականին ձիաքարշն արդեն չէր գործում։

Դրանից հետո Աբովյան փողոցը երկար ժամանակ դարձավ քաղաքի խաղաղ մասերից մեկը, որտեղով նույնիսկ կառքեր չէին անցնում։ Երեկոյան ժամերին փողոցը վերածվում էր մարդաշատ եւ աշխույժ զբոսավայրի։ Հատկապես ամռան եւ աշնան ամիսներին, այն էլ՝ երեկոյան ժամերին։ 1933 թվականի հունվարի 12-ին առաջին տրամվայն անցավ նախկին Աստաֆյան, այժմ արդեն Աբովյան փողոցով։ Դրանից հետո երեւանցիները զրկվեցին իրենց ավանդական զբոսավայրից։ Չնայած հետագայում տրամվայը հանվեց Աբովյանից, բայց էլ չվերականգնվեց փողոցի երբեմնի անդորրությունը։ Նա այլեւս զբոսավայր լինելու տվյալներ չունեցավ։ Անցյալում, ներկայիս Աբովյան փողոցում էին գտնվում քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից երկուսը՝ Պողոս-Պետրոսը եւ Կաթողիկե եկեղեցիները, որոնք դասվում էին Հայաստանի նյութական կուլտուրայի հնագույն հուշարձանների շարքը։ Պողոս-Պետրոս եկեղեցին հինգերորդ դարի, իսկ Կաթողիկեն տասներեքերորդ դարի կոթողներ էին։ Առաջինը գտնվում էր ներկա «Մոսկվա» կինոթատրոնի տեղում, իսկ երկրորդը՝ Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների անկյուններում գտնվող Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հին շենքի տեղում։

Պողոս-Պետրոս եկեղեցին քանդվեց 1933 թվականին, եւ դրանից հետք չմնաց, իսկ Կաթողիկեն՝ համեմատաբար ավելի ուշ, որից պահպանվեցին խորանը եւ հովհարաձեւ գմբեթը, որը կարելի է տեսնել Գիտությունների ակադեմիայի հին շենքի բակում։ Թե Պողոս-Պետրոս եւ թե Կաթողիկե եկեղեցիները մուտքի առաջ ունեին ոչ մեծ հրապարակ, ուր տոնական օրերին մեծ բազմություն էր հավաքվում։ Աբովյան փողոցի վրա ժամանակին կառուցեցին նոր նախագծով մի քանի գեղեցիկ քարաշեն տներ, դրանցից մեկը բժիշկ Հովհաննիսյանի տունն էր, որն այսօր էլ քաղաքի գողտրիկ շենքերից է։ Այստեղ այժմ տեղավորված է Արտասահմանի հետ բարեկամական եւ կուլտուրական կապերի հայկական ընկերությունը։ Տիպական է նաեւ Աբովյան եւ Պուշկինի փողոցների անկյունի շենքը, որն այսօր էլ չի կորցրել իր հմայքը։ Աչքի ընկնող շենքերից էր նաեւ սեւ տուֆից կերտված մեծ շենքը, որի տեղում այժմ բարձրանում է «Անի» հյուրանոցը։ Անցյալում Աբովյանը զարդարում էր նաեւ կուլտուրայի տունը, ուր այսօր գտնվում են պատկերասրահը, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը եւ թանգարանը, որով եւ վերջանում էր Աբովյան փողոցը։ Կուլտուրայի տան անկյունում փակցված է մեծ Լուսավորչի խորաքանդակը եւ երեք լեզուներով «Աբովյան» մակագրությունը։ Քիչ այն կողմ էլ «յոթ աղբյուրի» գաղափարի խորհրդանշումն է թանգարանի անկյունում կառուցված յոթ ցայտաղբյուրներում։ Աբովյան փողոցի հիմնադրման օրվանից շատ «ջրեր են հոսել», Երեւանի կյանքում էլ շատ բան է փոխվել, բայցեւայնպես, Աբովյանը շարունակում է պահել իր հմայքը։ Փողոցը հարստացել է հոյաշեն տներով ու խանութներով, իսկ փողոցի միջին մասում կառուցված կանաչապատումը, զարդարուն ավազանների ստեղծումը լրացնում են նրա գրավչությունը։

_Երեւան քաղաքի պատմությունը _

Կ.Ավետիսյան. Հայկական էտյուդներ գրքից

Պատրաստեց՝ Արամ Պաչյանը

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X