Լատինատառ «հայերենի» աղետը

Տասնյակ տարիներ առաջ ո՞ւմ մտքով կանցներ «լատինատառ հայերեն» նեոլոգիզմի ծնունդը: Նոր տեխնոլոգիաների մուտքը, իսկ հիմա՝ շատ ժամանակ նաեւ ներխուժումը մարդկային կեցություն: Եվ դրա ներգործության արդյունքում այդ կեցության մեջ տեղի ունեցող ահռելի փոփոխությունները նոր մարտահրավերներ նետեցին հայերենին: Եթե ամենասկզբում «լատինատառ հայերեն» սղագրողները տրտնջում էին, թե իրենց համակարգիչների, հեռախոսների եւ այլ սարքավորումների մեջ չունեն հայերենն ապահովող համապատասխան ծրագրեր, ապա հիմա դրա մասին խոսելն արդեն իսկ զավեշտալի է: Եթե ամենասկզբում համացանցային տիրույթներում լատինատառ գրելու համար ավելի շատ մեղադրում էին երիտասարդներին, ապա շատ չանցած՝ բոլորը համոզվեցին, որ ախտը տարածված է գրեթե բոլոր տարիքային խմբերի մեջ: Այս երեւույթի նախապատճառները տարբեր են՝ անգրագիտությունը, ծուլությունը, լեզվի հանդեպ յուրօրինակ, թերեւս անբացատրելի փնթի ու անտարբեր վերաբերմունքը, լեզվից դուրս ապրելու եւ, առհասարակ, լեզվի մեջ չլինելու հանգամանքը: Եվ այս պարագայում տեղն ու տարածությունն էական դերակատարություններ չունեն: Այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներից շատերը հայերենի բացառիկ զգացողությամբ են օժտված, որով էլ առաջնորդվում են:

Ամեն օր «լատինատառ հայերենը» համալրում է Google-ի հիշողությունը: Լատինատառ հայերենով արտադրված մեկնաբանությունները (բոլորը՝ անխտիր, թե արժեքավորները, թե թափոններ), ավանդապատումները, խոհափիլիսոփայական զեղումները քայքայում են, կազմաքանդում մեր լեզվի բնույթը, այն բացառիկ հարուստ հյուսվածքը, որ ժառանգել ենք հազարամյակների ավանդույթներից: Յուրաքանչյուր ոք այլեւս պիտի հասկանա, որ «լատինատառ հայերենով» գրված նույնիսկ մեկ նախադասությունը, մեկ միտքը մեր լեզվի հանդեպ հանցավոր արարք է, եւ սրան իսկապես չկա արդարացում: Անգամ եթե լատինատառ գրելը ձեր կյանքի ցնորական փիլիսոփայությունն է, մանկության երազը, միեւնույն է, ոչ մի կերպ թույլատրելի եւ ներելի չէ, դրանով դուք մահ եք սփռում, խաչ եք քաշում լեզվի ապագայի վրա:

Ակնհայտ է, որ 21-րդ դարում ապրելու հնարավորություն կունենան այն լեզուները, որոնք համացանցի ահռելի, դեռեւս չսահմանվող տարածության մեջ կպահպանեն իրենց ինքնությունը, այն լեզուները, որոնք միայն եւ միայն իրենց մեջ ունակ կլինեն վերարտադրելու եւ նկարագրելու աշխարհը: Չմոռանանք Ժան Մարի Գյուստավ Լը Կլեզիոյի նոբելյան բանախոսության մեջ հնչած այս հրաշալի տողերը. «Այսօր մենք ապրում ենք ինտերնետի ու վիրտուալ հաղորդակցության դարաշրջանում: Դա լա՛վ է: Բայց ո՞ւմ են պետք այն բթացնող հայտնագործությունները, որոնք գրավոր խոսքի ու գրքերի հետ ոչ մի առնչություն չունեն: Մարդկությանը ներկայացնել այդ բյուրեղապատ էկրաններին… ուտոպիա չէ՞, արդյոք: Հավանաբար, մենք ցանկանում ենք ստեղծել ընտրյալների մի նոր հասարակությո՞ւն, ուր ոմանք ի վիճակի կլինեն օգտվել այդ հնարավորությունից, իսկ մյուսները՝ ո՛չ: Մեծ ժողովուրդներ ու քաղաքակրթություններ են ջնջվել, մոռացվել՝ չհասկանալով այս պարզ ճշմարտությունը: Ու կան փոքրաթիվ ժողովուրդներ, որ հարատեւում են իրենց մշակույթի, գրավոր խոսքի ու առասպելների շնորհիվ: Անհրաժեշտ է ու շատ օգտակար ընդունել այն ամեն դրականը, որ փոխանցում են այդ մշակույթները… իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ սերունդներն ակնածանք տածեն գիր ու գրականության հանդեպ»: Ակնածանք տածել գիր ու գրականության հանդեպ, միանշանակ նույնն է, թե լեզվի հանդեպ: Ուրեմն գրենք Հայերեն:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X