Գրիգոր Պըլտեանի 50-ամյա գրական գործունեությունը

Հունվարի 25-ին Լոնդոնում (University of London) նշվելու է սփյուռքահայ նշանավոր արձակագիր, բանաստեղծ, գրականագետ Գրիգոր Պըլտեանի գրական գործունեության 50-ամյակը: Երեկույթին Պըլտեանի արվեստի մասին իրենց խոսքն են հղելու հայագետ Գրիգոր Մոսկոֆեանը և Րաֆֆի Աճէմեանը: Այսօր վստահաբար կարելի է ասել, որ Գրիգոր Պըլտեանը հանդիսանում է հայ գրականության մեծագույն դեմքերից մեկը, ավելի քան 30 գրքի հեղինակ՝ բանաստեղծական ժողովածուներ, գրականագիտական աշխատություններ, «Գիշերադարձ» անվանումով վիպաշար, հայ գրականության պատմությանը, գրողներին նվիրված բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ:

Գրիգոր Պըլտեանը ծնվել է 1945թվականին Բեյրութի Հայաշեն թաղամասում: Սովորել է Թորգոմյան վարժարանում, ապա Նշան Փալանճեան Ճեմարանում: 1964-1966 Բեյրութում զբաղվել է ուսուցչությամբ: Գրիգոր Պըլտեանն իր ուսումն ու կյանքը շարունակում է Փարիզում Սորբոնի համալսարանում վերցնելով փիլիսոփայության դասընթացներ, որտեղ էլ արժանացել է դոկտորական տիտղոսի (ավարտաճառը՝ Մարտին Հայդեգերի՝ «Գեղարուեստական զանցումը» թեման էր):1987-2006թվականներին Լիոնի Կաթողիկե համալսարանում դասավանդել է գրաբար, մատենագրություն, եկեղեցու պատմություն:

Գրիգոր Պըլտեան ապրում և ստեղծագործում է Փարիզում, դասավանդում է Փարիզի Արևելյան Լեզուների և Քաղաքակրթությունների համալսարանում:

Պըլտեանի 50-ամյա գրական խորը, համահավաք գործունեությունը բացառիկ արժեք է ողջ հայ գրականության համար, նրա «Գիշերադարձ» վիպաշարը, որն իր մեջ ներառել է 20-րդ դարի երկրորդ կեսի բեյրութահայության կեցությունը, հայ ժողովրդի ճակատագիրը, նրա պատմությունն ու ժամանակը, Բեյրութում հայկական հին թաղամասերի կյանքը՝ (իսկ մենք դեռ տրտնջում ենք, թե մեծ, էպիկական, վեպեր չունենք), գրականագիտական ուսումնասիրությունները՝ «Հայկական Ֆուտուրիզմ», «Տարմ», «Երկխօսութիւն Նարեկացիի Հետ», մեր գրականության անցյալի ու ապագայի վերաբերյալ նոր հայացքներ և նոր ճանապարհներ են բացահայտել:

Ստորև ներկայացնում եմ մի հատված Գրիգոր Պըլտեանի «Աղէտի լեզուով» էսսեից.

«Ի՞նչ դիպուածներ միջամտեր են որպէսզի հայրդ եօթը տարեկանին որբանայ, բայց փրկուի, մայրդ երեք տարեկանին որբանայ եւ փրկուի, յետոյ անոնք հան­­դի­­­պին իրարու եւ քեզ ծնին։ Պատմութիւնդ կը սկսի նման դիպուածներով։ Որով ծագումդ կը դառնայ աղէտ մը եւ անկէ փախուստ մը։ Մեր ապրիլը հրաշք է, կ՚ըսէին։ Ոչ թէ աստուած մը միջամտեց, քանզի չկար ո՛չ անկէ առաջ, ոչ այդ կիզիչ տարիներուն, ոչ ալ ետքը, այլ պարզապէս որբերը դիմացան ոճիրին, անօթութեան, տաքինպաղին, ծեծին, մալարիային, սովին, խենդութեան։ Կրակէն անցնողը ծեծուած երկաթին պէս կ՚ըլլայ, ըսեր է վերապրող գրող մը։ Միայն թէ ասիկա գին մը ունի։ Կորսնցուցին ամէն ինչ. ինքնութիւն չունեցան, մոռցան լեզուն, սակայն չմոռցան որ կուգային տեղէ մը, էին տարագրուած եւ մենք հոն ուր կ՚ապրէինք, հոս սփռուած, մեր տեղը չէինք։ Մեր նախորդները ի՞նչ պիտի տային եթէ ոչ ինչ որ չունէին կամ ինչ որ միայն ունէին՝ այդ աղէտին հետքերը։ Իրենք։»:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X