Հակահայկական, բայց բացատրելի

ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների շուրջ աղմուկ բարձրացնողներից թերեւս քչերն են տեսել, ընթերցել եւ թերեւս հասկացել դրանց բովանդակությունը: Երեկ վերջապես զեկույցները ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակվեցին: Առավել ծավալունը եւ էականը «Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովում» կազմված զեկույցն էր, որը վերնագրված է «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» (Doc. 13930), եւ զեկույցի հեղինակն է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը: Զեկույցին ծանոթանալուց հետո ակնբախ է դառնում, որ այն արտացոլում է ադրբեջանական մոտեցումներ, դիրքորոշումներ եւ գնահատականներ, սակայն ամենեւին չի հասկացվում, թե ուրիշ ինչ պետք է արտացոլեր, երբ Հայաստանը, էլ չասած՝ Լեռնային Ղարաբաղը, չգիտես ում կարճամտության արդյունքում եւ Հերմինե Նաղդալյանի անձնական պատասխանատվությամբ որոշել են զեկուցողի հետ չհամագործակցել, նրա այցերը Հայաստան վիժեցնել, վերջում էլ ճամարտակել, թեց իբր վերնագրից այնքան դժգոհ են, որ համագործակցության ուղիներ չեն տեսնում:

Նախ այն, ինչն արձանագրված է զեկույցում: Զեկույցի 20-րդ կետում Ուոլթերը հաղորդում է. «Թեեւ սկզբնապես ես մտադիր էի առաքելությունս սկսել 2015-ի մարտին Հայաստան այցելելով, տիկին Նաղդալյանն ասաց, որ իմ այցը Հայաստան հնարավոր չի լինի կազմակերպել 2015-ի մայիսից շուտ: Հետեւաբար, որոշեցի այդ ընթացքում փաստահավաք այց կատարել Ադրբեջան»։

Կետ 21. «Հաշվի առնելով ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ իմ քննարկումները, նրանց Վեհաժողովի գլխավոր քարտուղարի՝ Վոյչեչ Սավեցկու կողմից 2015թ. փետրվարի 6-ին պաշտոնական նամակներ ուղարկվեցին՝ առաջարկելով, որ 2015-ի մարտին ես այցելեմ Ադրբեջան եւ մայիսին՝ Հայաստան: Սավեցկին երկու կողմերին էլ հավաստել էր նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելելու իմ մտադրությունը»:

Կետ 22. «Շուտով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովից ստացվեց դրական պատասխան, եւ 2015թ. մարտի 11-13-ին ես առաջին փաստահավաք այցը կատարեցի Ադրբեջան: Անկողմնակալությունը եւ իմ զեկույցի օբյեկտիվությունն ապահովելու համար ես Բաքվում ձեռնպահ մնացի մամուլի համար հայտարարություններից եւ անգամ հանձնաժողովի անդամներին չզեկուցեցի Բաքվում իմ հանդիպումների բովանդակության մասին: Ես մտադիր էի հանձնաժողովին զեկուցել երկու այցերի մասին՝ մայիսին երեւանյան այցն ավարտելուց հետո»:

Կետ 23. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարից պատասխանի բացակայության պայմաններում 2015թ. մարտի 30-ին նրան ուղարկվեց 2-րդ պաշտոնական նամակը, առաջարկելով իմ այցի համար կոնկրետ ժամկետ՝ 2015թ․ մայիսի 11-14-ը, այն օրերը, որոնք ոչ պաշտոնապես համաձայնեցվել էին տիկ. Նաղդալյանի հետ: Նամակը դարձյալ մնաց անպատասխան մինչեւ 2015թ. հունիս»:

Կետ 24. «2015թ. հունիսի 19-ին տիկին Նաղդալյանը պատասխանեց Գլխավոր քարտուղար Սավեցկուն, հայտնելով, թե պատրաստ է ինձ ընդունել Հայաստանում, իբրեւ ԵԽԽՎ իր կոլեգայի, եւ աջակցել որոշ հանդիպումների կազմակերպմանը… Լեռնային Ղարաբաղի շրջան այցելելու իմ մտադրության առնչությամբ առաջարկում էր այդ այցը կազմակերպել «ԼՂ իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ»»:

Կետ 25. «Տիկին Նաղդալյանի նամակին ես պատասխանեցի մի քանի օրում՝ հունիսի 22-ին շնորհակալություն հայտնելով եւ հաստատելով իմ պատրաստակամությունը՝ քննարկելու այցի կոնկրետ ժամկետներն ու մանրամասները»:

Կետ 26. «Քանի որ ամառվա ամիսներին տիկին Նաղդալյանից ես ոչինչ չլսեցի իմ հայաստանյան այցի հնարավոր օրերի մասին, 2015թ. օգոստոսի 27-ին նորից գրեցի նրան, առաջարկելով կազմակերպել իմ այցը սեպտեմբերին… Նաեւ պատրաստակամություն հայտնեցի Լեռնային Ղարաբաղ այցիս ընթացքում շփման գիծ մեկնելու: Նույն օրը նամակ հղեցի նաեւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին՝ ադրբեջանական կողմից շփման գիծ մեկնելու առաջարկով»:

Կետ 27. «2015թ. սեպտեմբերի 1-ին Փարիզում հանձնաժողովի նիստի ընթացքում տիկին Նաղդալյանն ասաց, որ մոտ օրերս կստանամ իմ նախորդ նամակների պաշտոնական պատասխանը»։

Կետ 28. «Սեպտեմբերի 7-ին ես ստացա Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեյիդովի պատասխանը, որով պատրաստակամություն էր հայտնվում ինձ հյուրընկալել Բաքվում սեպտեմբերի 15-16-ին եւ աջակցել շփման գիծ մեկնելու»:

Կետ 29. «Սեպտեմբերի 10-ին ես ստացա տիկին Նաղդալյանի պատասխանը, որով պատրաստակամություն էր հայտնվում ինձ ընդունել Հայաստանում, բայց ոչ թե սեպտեմբերին, այլ՝ նոյեմբերին: Նաեւ ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար պետք է Հայաստանում ԼՂ ներկայացուցչությունից հրավեր ձեռք բերեմ, եւ սեպտեմբերը հարմար չէ ԼՂ-ում շփման գիծ մեկնելու համար: Այդ պատճառով էլ ինքս զարմացա՝ տեղեկանալով, որ նույն սեպտեմբերին ՀՀ Ազգային ժողովը Ֆրանսիայից խորհրդարանական պատվիրակության էր հյուրընկալել, Երեւանում նրանց համար հանդիպումներ էին կազմակերպվել, նաեւ նրանց ուղեկցել էին Լեռնային Ղարաբաղ, այցելել էին շփման գիծ, այսինքն՝ շատ նման մի ծրագիր էին իրականացրել, ինչի մասին ինքս խնդրում էի 2015-ի տարեսկզբից ի վեր»:

Կետ 30. «Ավելին՝ սեպտեմբերի 22-ին, հակառակ ԵԽԽՎ-ում հաստատված պրակտիկային, ես անգամ գրեցի ԼՂ-ի փաստացի իշխանություններին՝ խնդրելով, որ այցելեմ Ստեփանակերտ, ցանկալի է՝ հոկտեմբերին: 2015-ի հոկտեմբերի 2-ին ստացվեց պատասխան, որում քննադատվում էր իմ զեկույցի վերնագիրը, եւ դա դիտվում էր որպես խոչընդոտ ԼՂ իմ այցը կազմակերպելու համար»:

Ստացվում է՝ հայկական կողմը կարծել է, որ շանտաժով ու ստախոսությամբ կհասնի հաջողության: Ճիշտ ժամանակը մտաբերել չեմ կարող, բայց երեւի տարեվերջին էր, «Արմենիա» հեռուստաընկերությամբ մի հաղորդման հատված տեսա Վիգեն Սարգսյանի հարցազրույցից։ Հարցրին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են լրատվամիջոցների լուրերը՝ իբր նախագահականում իր՝ Վիգեն Սարգսյանի մոտ քննարկումներ են կազմակերպվել ԵԽԽՎ զեկույցների դեմ արշավ ծավալելու, դրանց ընդունումն արգելափակելու խնդրով: Վիգեն Սարգսյանն ըստ էության հաստատեց այդ տեղեկությունները։ Այդքանով էլ դերակատարումները հասկանալի են, կրած ձախողումներն էլ՝ բացատրելի։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X