Գրիգոր Պըլտեանի 50-ամյա գրական գործունեությունը

Հունվարի 25-ին Լոնդոնում (University of London) նշվել է սփյուռքահայ նշանավոր արձակագիր, բանաստեղծ, գրականագետ Գրիգոր Պըլտեանի գրական գործունեության 50-ամյակը: Երեկույթին Պըլտեանի արվեստի մասին իրենց խոսքն են հղել հայագետ Գրիգոր Մոսկոֆեանը եւ Րաֆֆի Աճէմեանը: Այսօր վստահաբար կարելի է ասել, որ Գրիգոր Պըլտեանը հանդիսանում է հայ գրականության մեծագույն դեմքերից մեկը, ավելի քան 30 գրքի հեղինակ՝ բանաստեղծական ժողովածուներ, գրականագիտական աշխատություններ, «Գիշերադարձ» անվանումով վիպաշար, հայ գրականության պատմությանը, գրողներին նվիրված բազմաթիվ էսսեներ, հոդվածներ, ակնարկներ:

Գրիգոր Պըլտեանը ծնվել է 1945 թվականին, Բեյրութի Հայաշեն թաղամասում: Սովորել է Թորգոմյան վարժարանում, ապա Նշան Փալանճեան ճեմարանում: 1964-1966 թթ. Բեյրութում զբաղվել է ուսուցչությամբ: Գրիգոր Պըլտեանն իր ուսումն ու կյանքը շարունակում է Փարիզում՝ Սորբոնի համալսարանում վերցնելով փիլիսոփայության դասընթացներ, որտեղ էլ արժանանում է դոկտորական տիտղոսի (ավարտաճառը Մարտին Հայդեգերի «Գեղարուեստական զանցումը» թեման էր):

1987-2006 թվականներին Լիոնի Կաթողիկե համալսարանում դասավանդում է գրաբար, մատենագրություն, եկեղեցու պատմություն:
Գրիգոր Պըլտեանն ապրում եւ ստեղծագործում է Փարիզում, դասավանդում է Փարիզի Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների համալսարանում:
Պըլտեանի 50-ամյա գրական խորը, համահավաք գործունեությունը բացառիկ արժեք է ողջ հայ գրականության համար, նրա «Գիշերադարձ» վիպաշարը, որն իր մեջ ներառել է 20-րդ դարի երկրորդ կեսի բեյրութահայության կեցությունը, հայ ժողովրդի ճակատագիրը, նրա պատմությունն ու ժամանակը, Բեյրութում հայկական հին թաղամասերի կյանքը (իսկ մենք դեռ տրտնջում ենք, թե մեծ, էպիկական, վեպեր չունենք), գրականագիտական ուսումնասիրությունները՝ «Հայկական ֆուտուրիզմ», «Տարմ», «Երկխօսութիւն Նարեկացիի հետ», մեր գրականության անցյալի ու ապագայի վերաբերյալ նոր հայացքներ եւ նոր ճանապարհներ են բացահայտել:

Ստորեւ ներկայացնում եմ մի հատված Գրիգոր Պըլտեանի «Աղէտի լեզուով» էսսեից.
«Ի՞նչ դիպուածներ միջամտեր են որպէսզի հայրդ եօթը տարեկանին որբանայ, բայց փրկուի, մայրդ երեք տարեկանին որբանայ եւ փրկուի, յետոյ անոնք հանդիպին իրարու եւ քեզ ծնին։ Պատմութիւնդ կը սկսի նման դիպուածներով։ Որով ծագումդ կը դառնայ աղէտ մը եւ անկէ փախուստ մը։ Մեր ապրիլը հրաշք է, կ՚ըսէին։ Ոչ թէ աստուած մը միջամտեց, քանզի չկար ո՛չ անկէ առաջ, ոչ այդ կիզիչ տարիներուն, ոչ ալ ետքը, այլ պարզապէս որբերը դիմացան ոճիրին, անօթութեան, տաքին-պաղին, ծեծին, մալարիային, սովին, խենդութեան։ Կրակէն անցնողը ծեծուած երկաթին պէս կ՚ըլլայ, ըսեր է վերապրող գրող մը։ Միայն թէ ասիկա գին մը ունի։ Կորսնցուցին ամէն ինչ. ինքնութիւն չունեցան, մոռցան լեզուն, սակայն չմոռցան որ կու գային տեղէ մը, էին տա-րագրուած եւ մենք հոն ուր կ՚ապրէինք, հոս սփռուած, մեր տեղը չէինք։ Մեր նախորդները ի՞նչ պիտի տային եթէ ոչ ինչ որ չունէին կամ ինչ որ միայն ունէին՝ այդ աղէտին հետքերը։ Իրենք»:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X