ԵԽԽՎ-ի նախազգուշացումը Լեռնային Ղարաբաղին

Եվ այսպես, Հայաստանում ամենքը տեղյակ են, որ երեկ ԵԽԽՎ-ում քննարկվել եւ քվեարկվել են Լեռնային Ղարաբաղին առնչվող երկու զեկույցներ, որոնցից մեկը քվեարկությամբ մերժվել է, մյուսը՝ ընդունվել: Մինչ արդյունքները վերլուծելը նախ կրճատ ներկայացնենք, թե ինչ է կատարվել Ստրասբուրգում:

Երկու զեկույցները քննարկվել են միասին: Քանի որ առաջին՝ «Բռնության ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մնացյալ գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ բրիտանացի Ռոբերտ Ուոլթերն այլեւս ԵԽԽՎ անդամ չէ եւ նիստին ներկա չի եղել, նրա փոխարեն զեկույցը ներկայացրել է քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նախագահը՝ դանիացի Մոգենս Ջենսենը, բացարձակապես ձեռնպահ մնալով զեկույցի բովանդակության մեջ խորանալուց: Երկրորդ․ Սարսանգի ջրամբարին առնչվող զեկույցը ներկայացրել է դրա հեղինակը՝ պաշտպանելով զեկույցի բովանդակությունը: ԵԽԽՎ խմբակցությունների մոտեցումները եւ ելույթները եղել են եւ կողմ, եւ դեմ՝ առանց որեւէ դիրքորոշման գերակշռության: Առաջին՝ Ռոբերտ Ուոլթերի զեկույցի կապակցությամբ լրացումներ չեն եղել: Երկրորդ․ Մելիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարի զեկույցի կապակցությամբ հայկական պատվիրակությունը երկու տասնյակ լրացումներ է առաջարկել, սակայն առաջին երկու-երեքը մերժվելուց հետո Սամվել Ֆարմանյանը եւ Նաիրա Կարապետյանը յուրաքանչյուր հաջորդ լրացման համար հայտարարել են, թե դրանք չեն պաշտպանում՝ կատարյալ մանկապարտեզ բեմադրելով: Եթե չեք պաշտպանում, ինչո՞ւ էիք առաջարկում:

Ինչեւէ, երկու զեկույցների կապակցությամբ էլ հայաստանյան պատվիրակությունն առարկել է դրանք քննարկելուն եւ քվեարկելուն, առաջարկելով, որ բանաձեւերը վերադարձվեն հանձնաժողովներ: Երկու դեպքում էլ առաջարկները մերժվել են, եւ զեկույցները դրվել են քվեարկության, արդյունքում Ուոլթերի զեկույցը մերժվել է, Մարկովիչի զեկույցը՝ ընդունվել: Երկու դեպքում էլ զեկույցներին դեմ ձայները եղել են 70-71, կողմ ձայները մի դեպքում՝ 66, մյուս դեպքում՝ 98:

Ակնհայտորեն, ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին առանձնապես չի հաջողվել այս կամ այն երկրի պատվիրակությունների հետ պայմանավորվածություններ-համաձայնություններ ձեռք բերել: Երեւի միայն Թուրքիան է, որ ամբողջ կազմով անընդհատ Ադրբեջանի օգտին է քվեարկել, մյուս երկրներից քվեարկել են ինչպես կողմ, այնպես էլ դեմ: Իտալիան, օրինակ, գերազանցապես զեկույցներին դեմ է քվեարկել, իսկ Հունաստանից, զարմանալիորեն, կողմերն էլ քիչ չեն եղել, փոխարենը Ալբանիայից են դեմ քվեարկել: Այնպես որ, բավականին անկանխատեսելի քվեարկության պատկեր է ստացվել:

Արդյունքում երկու նմանօրինակ մոտեցումներով զեկույցներից մեկն ընդունված է, մյուսը՝ մերժված, եւ սա ուղղակի նախազգուշացում է Լեռնային Ղարաբաղին եւ նրա իշխանություններին, թե իրենք որքան հեռու են միջազգային որեւէ ատյանում նույնիսկ հասկանալի լինելուց: Երկու զեկույցում էլ Լեռնային Ղարաբաղը չի ընկալվում որպես թեկուզ դեֆակտո գոյություն ունեցող սուբյեկտ, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի բռնազավթման համար ծառայող շիրմա:

Հետեւաբար, Ստեփանակերտում ճիշտ կվարվեն, եթե Ղրիմի՝ Ռուսաստանին բռնակցելու առթիվ հրապարակային տոնախմբություններ բեմադրելու, Հայաստանից ժամանող Սեֆիլյանի կարգի անցանկալի քարոզիչների վրա աբորիգենի վայրենությամբ հարձակումներ կազմակերպելու եւ զինուժով արդյունքի հասնելու սին հույսերի փոխարեն, այն հազվագյուտ դեպքերում, երբ այս բարդ ու բազմազբաղ աշխարհում ինչ-ինչ մարդիկ եւ կառույցներ որեւէ առիթով կամ հաշվարկով, այնուամենայնիվ, ժամանակ են գտնում Լեռնային Ղարաբաղի խնդրով հետաքրքրվելու, նույնիսկ զեկույցներ են կազմում եւ քննարկում, Ստեփանակերտում առաջինը շահագրգռություն ցուցաբերեն նման հազվագյուտ առիթներից օգտվելու եւ իրենց տեսակետները հայտնելու համար:

Աշխարհում այնքան էլ շատ չեն գտնվի մարդիկ եւ կառույցներ, որոնց Լեռնային Ղարաբաղը հետաքրքրում է: Ընդսմին, որքան ընկնեն նավթի եւ գազի գները, եւ Ադրբեջանի հանդեպ կորչի միջազգային հետաքրքրությունը, այնքան մոռացության է մատնվելու նաեւ ԼՂՀ կոնֆլիկտը: Հետեւաբար, Ստեփանակերտի եւ Երեւանի շահերից բխում է խոսել, հասկացվել եւ չմոռացվել, ոչ թե հակառակը, ինչը փորձել են անել ԵԽԽՎ զեկույցների դեպքում:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X