Գովեստ եւ քննադատություն

Մեզ հաճախ են մեղադրում, թե՝ ոչ մի դրական բան չեք տեսնում, ոչ մի լավ բանի մասին չեք գրում։ Իրոք՝ մանավանդ տպագիր ԶԼՄ-ներում հիմնականում սեւ գույներ են, բացասական ինֆորմացիա, քննադատություն։ Մի կողմից՝ երկիրն այն վիճակում չէ, որ լավը, դրականը գերակշռի։ Մյուս կողմից՝ վատը գրելն ու վատի մասին խոսելն ավելացնում են նեգատիվը, հուսահատեցնում մարդկանց, ավելի գորշ ու անհույս դարձնում ապագան։ Ես սովորաբար հորդորում եմ զրուցել-գրել շարքային քաղաքացիների մասին, ցույց տալ նրանց լավատեսությունը, պայքարի ոգին, բարությունը, ջերմությունը։ Չէ որ մեզ՝ հայերիս ամենաբնորոշ գծերից մեկն այդ ջերմությունն է, միմյանց հասնելու, անգամ անծանոթին օգնելու ձգտումը։ Սովորական, դժվար ապրող մարդկանց մեջ երբեմն այնքան մեծ իմաստություն, հավատ, կամք է լինում ամբարված, որ դրա մասին գրելը բավական է, որպեսզի լավատեսություն ու հույս ներշնչես մարդկանց։ Բայց ես կտրականապես դեմ եմ պետական պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, դատավոր-դատախազներին, պատգամավորներին, օլիգարխներին ուղղված դիֆերամբներ ձոնելուն։ Անշուշտ, կարելի է երբեմն էլ դրական խոսք ասել օրինավոր չինովնիկի, արդարացի վճիռ կայացրած դատավորի, համեստ պատգամավորի, աշխատատեղեր բացած գործարարի հասցեին, բայց միայն կոնկրետ քայլի, գործողության հետ կապված։ Չի կարելի գրել՝ այսինչ պատգամավորը լավն է, քանի որ մարդկանց չի ծեծում իր որոշ գործընկերների նման, կամ՝ այսինչ նախարարը պետք է շարունակի աշխատել, քանի որ իր երիտասարդ աշխատակիցների նկատմամբ բռնություն չի գործադրում նախորդի նման։

Ընդհանրապես՝ անորոշ դրական որակումների, շռայլ էպիտետների չի կարելի արժանացնել այն անձանց, որոնք պատասխանատվություն են կրում երկրի վիճակի, տվյալ համակարգի վատ աշխատանքի համար։ Իսկ 15 տարի դատարանի նախագահ աշխատած անձն այդ պատասխանատվության կրողն է։ Այնպես, ինչպես ընտրությունների փուլում մշտապես զեղծարարությունների մեխանիզմներ աշխատեցրած նախարարը։ Կամ՝ լայնածավալ պլանտացիաներ տնօրինող վարչապետը։ Կամ՝ իր զավակներին ոչ պետական դպրոց ուղարկած կրթության նախարարը։ Այնպես որ, զգույշ եղեք որակումների հարցում եւ գովեք ոչ թե մարդկանց, այլ նրանց արարքները, եթե, իհարկե, դրանք արժանի են գովեստի։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X