Վտանգներ եւ էքստրիմ

Երեկվանից լիքը մարդ զարմացած հարցնում է՝ ինչպե՞ս ես տպագրել Սիրան Հունանյանի հոդվածը երեկվա «Մեդիախոհանոցում», որտեղ նա քննադատում է խմբագրական քաղաքականությունը։ Ի՞նչ արած՝ եթե որոշել ես դեմոկրատական սկզբունքներին հետեւել, պետք է հանդուրժես նաեւ քննադատություն եւ գրաքննության փոխարեն փորձես բացատրել ու քո տեսակետը հասկանալի դարձնել քեզ քննադատողներին։ Եվ այսպես. մեր երիտասարդ լրագրողը մեղադրում է խմբագրին, որն իրեն թաղումներ, հոգեհանգիստներ լուսաբանելու է ուղարկում։ Ասում է, որ մահացածի տուն գնալ եւ նրա հարազատների կամ ընկերների հետ հարցազրույց անել չի կարելի։ Նախ, «Հրապարակը» «տխուր» արարողություններ լուսաբանելու գործում, հավանաբար, վերջին տեղերից մեկն է զբաղեցնում մեր մամուլում։ Եվ այդ արարողությունները լուսաբանելիս մենք ոչ թե սպասում ենք, որ հարազատները հանգուցյալի հասցեին հիշատակի խոսքեր ասեն, այլ բոլորովին այլ մոտեցում ենք ակնկալում լրագրողից։ Մանավանդ վստահ եմ, որ չկա լուսաբանման ոչ ենթակա թեմա, պարզապես կա դրա նկատմամբ լրագրողի մոտեցման խնդիր։ Ինձ շատ ավելի հարազատ է այն լրագրողների վարքը, երբ «ամենաչգրվող» նյութը դառնում է աղմկոտ հոդվածի առարկա՝ լրագրողական «կոնֆետ», որը հաճույքով «ուտում» է ընթերցողը։ Ասենք, երբ լրագրողն իր մորը կեսգիշերին տանում է հիվանդանոց եւ անգամ սթրեսի մեջ լիքը բաներ նկատում ու մյուս օրը հանձնում թղթին։ Դա է իսկական լրագրությունը։ Իսկ երբ լրագրողն ասում է՝ ինչպե՞ս դեպքից մեկ ամիս անց բախեմ սպանվածի տան դուռը եւ ի՞նչ հարցնեմ նրա մորը, այն պարագայում, երբ այդ սպանության մեջ լիքը մութ կետեր կան, եւ միայն լրագրողական հետաքննությունը կարող է դրանց վրա լույս սփռել, ես զարմանում եմ։ Ի՞նչ է ասում մեր սիրելի Սիրան Հունանյանը։ Ասում է՝ ես ուզում եմ սիրուն, քաղցր-մեղցր նյութեր գրել, հաճելի մարդկանց հետ շփվել, դրական էմոցիաներ ունենալ, Շանթի Յուրայի տանը սպանված մարդու մասին գրելն ինձ հաճելի չէ, նրա մոր հետ խոսելը հղի է վտանգներով՝ ինձ կարող են սխալ հասկանալ, վատ ընդունել եւ այլն։ Ես այսպես մտածողներին ասում եմ՝ լրագրողի գործը գեղեցկության սրահ այցելելու հետ մի շփոթեք, լրագրողի կյանքը էքստրիմի, վտանգների, փորձությունների միջով է անցնում։ Եթե դու զզվում ես, վախենում, զգուշանում, հուզվում... պետք է այլ աշխատանք անես։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X