EPP-ի ապտակները ՀՀԿ-ին եւ Աշոտյանին

Անցյալ շաբաթ Ստրասբուրգում գումարված ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, մանավանդ հունվարի 26-ին կայացած Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու զեկույցների քննարկումը, լուսաբանեցին Հայաստանի երեւի թե բոլոր լրատվամիջոցները: Սակայն ողջ այդ աժիոտաժում բառ անգամ չհնչեց, եւ հայաստանյան ընթերցողին անհայտ մնաց ամենաէականը՝ ԵԽԽՎ-ի եւ EPP-ի հասցեական հարվածները ՀՀԿ-ին եւ անձնապես Սերժ Սարգսյանին:

Հայաստանյան լրատվամիջոցներից որոշները տեղեկատվության տիրապետելով, որոշները իշխանություններին կրկնելով, որոշները հորինվածքներով՝ լուսաբանեցին ԼՂ-ին առնչվող զեկույցների քննարկումը ԵԽԽՎ-ում: Մի կայք, օրինակ, գրել էր, թե իբր Ուոլթերը ԵԽԽՎ-ում հայտարարել է, թե չորս անգամ ցանկացել է Հայաստան գալ, սակայն հայկական կողմը չի ընդառաջել: Ճիշտ է, որ Հայաստանից միտումնավոր խոչընդոտել են Ուոլթերի այցերին, եւ դրան ի պատասխան, ALDE-ի (EPP-ից հետո երկրորդ ամենամեծ կուսակցությունն է Եվրոպայում) ներկայացուցիչը ԵԽԽՎ-ի ամբիոնից պաշտոնապես պահանջեց պատժել Հայաստանին իր պարտավորությունները չկատարելու եւ զեկուցողի հետ չհամագործակցելու համար, բայց Ուոլթերը ԵԽԽՎ նիստին չէր մասնակցում, որ որեւէ հայտարարություն աներ:

Օն-լայն ռեժիմով Ստրասբուրգի քննարկումներն ու քվեարկությունը լուսաբանելուց հետո լրատվամիջոցներից շատերն անցան իշխանությունների թեզը տիրաժավորելուն, այն է՝ ՀՀ իշխանությունները մոբիլիզացրել ու գործադրել էին հասանելի բոլոր ռեսուրսները, որպեսզի զեկույցները մերժվեն, եւ կես արդյունքի հասել են: Նույն հաջողությամբ Ադրբեջանի իշխանություններն էլ կարող են հավատացնել, որ իրենք էլ ամեն միջոց գործադրել էին, որպեսզի զեկույցներն ընդունվեն, եւ նորից կես արդյունքի հասել են: Ստացվում է, որ հայերն ու ադրբեջանցիները նույն հարթակում ամեն գնով նույն նպատակի համար են պայքարել, եւ, պատկերացրեք, արդյունքի են հասել: Հետաքրքիր է, իսկ խոչընդոտող կա՞ր… Եթե սեղանին երկու զեկույց էր՝ քանի՞սը պետք է ընդունվեր, քանի՞սը մերժվեր…

Սակայն արի ու տես, որ ՀՀԿ-ականները ճիշտ Օտյանի Կակոսյանն են դարձել, EPP-ի քվեարկության արդյունքները թողած՝ ALDE-ի արդյունքներից են ճամարտակում: Արմեն Աշոտյանն էլ, որը՝ երեւում է միայն ոտքը չէ, որ վնասել է, հրապարակավ հայտարարել էր, թե ինքն Ուոլթերի եւ Մարկովիչի զեկույցների դեմ EPP ճակատում է մարտնչել, եւ ԵԽԽՎ-ում իր պայքարի արդյունքները տեսանելի էին:

Եթե Աշոտյանը միայն ոտքը վնասած լիներ, գլխի շրջանում խնդիրներ չունենար, հրապարակավ խոսելուց առաջ մի անգամ ԵԽԽՎ քվեարկության արդյունքները կնայեր եւ կհամոզվեր, որ Ուոլթերի զեկույցի օգտին EPP-ից տրված ձայները զգալիորեն ավելի, իսկ Մարկովիչի զեկույցին կողմ ձայները ԿՐԿՆԱԿԻ ավելի են եղել դեմ ձայներից:

Ռոբերտ Ուոլթերի զեկույցի քվեարկությանը EPP-ից մասնակցել է 64 պատգամավոր, նրանցից 26-ը կողմ է քվեարկել, 19-ը՝ դեմ, վերջիններիս թվում՝ նաեւ հայաստանցի պատգամավոր: Մարկովիչի զեկույցի քվեարկությանը EPP-ից մասնակցել է 73 պատգամավոր, կողմ ձայները՝ 38, դեմ ձայները՝ դարձյալ 19: Թե ինչու են EPP-ից որոշել ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանով ու Աշոտյանով հանդերձ, այդպես ապտակել՝ անհայտ է, սակայն այն, որ 38-ը 19-ի կրկնակին է, փաստ է: Ընդհանրապես՝ եւ Ուոլթերի, եւ Մարկովիչի զեկույցներին կողմ ձայների 40 տոկոսն ապահովել է EPP-ն (Ուոլթերի դեպքում 66 կողմ ձայնից 26-ը, Մարկովիչի դեպքում՝ 98 կողմ ձայնից 38-ը):

Ավելին, Ուոլթերի եւ Մարկովիչի զեկույցների վերաբերյալ ԵԽԽՎ ամբիոնից EPP-ի պաշտոնական տեսակետը ներկայացնող, նաեւ EPP խմբակցությունը ղեկավարող Ալեքս Ֆիշերը Հայաստանին պատժելու ALDE-ի կոչին ամենեւին չի հակադրվել եւ զեկույցներին էլ դեմ չի արտահայտվել: Ֆիշերն ընդամենը ասել էր, որ EPP-ն գտնում է՝ ԵԽԽՎ հարթակը պետք է օգտագործվի հայերի եւ ադրբեջանցիների երկխոսության համար, իսկ անձամբ ինքն Ուոլթերի զեկույցին կողմ էր քվեարկել (Մարկովիչի զեկույցի քվեարկությանը չէր մասնակցել):

Այդպիսով, եթե EPP-ի աջակցությունն ապահովելը Աշոտյանի պատասխանատվությունն է եղել, ապա Աշոտյանն ապահովապես տապալել է այն: Հետեւաբար, Աշոտյանն էլ, իր հարազատ ՀՀԿ-ն էլ EPP-ից «40% կողմի» շառաչուն ապտակն ստանալուց հետո ճիշտ կվարվեին, եթե լռեին: Վատ չէր լինի՝ առհավետ:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X