ԵԽԽՎ-ն տվեց իր վերջնական գնահատականը հանրաքվեին

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, մանավանդ Ուոլթերի եւ Մարկովիչի զեկույցների քննարկումը, լայնորեն լուսաբանեցին հայաստանյան բոլոր լրատվամիջոցները, սակայն այդ աժիոտաժում բառ անգամ չհնչեց ՀՀԿ-ին եւ անձնապես Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում հասցված հարվածների մասին: Մեկն այն էր, երբ EPP-ն 40%-ով կողմ էր քվեարկել թե Ուոլթերի, թե Մարկովիչի զեկույցներին, որի մասին երեկ գրել էինք: Այժմ ամենաէականը՝ ՀՀ սահմանադրական հանրաքվեին ԵԽԽՎ-ի գնահատականը:

Ինձ նույնիսկ թվում է, թե ՀՀ իշխանությունները միտումնավոր ներքին աղմուկ էին գեներացնում Ուոլթերի եւ Մարկովիչի զեկույցների շուրջ՝ չխորշելով անգամ ՀՀԿ-ական ծաղրածուների Բրիտանիայի դեսպանատան առջեւ գործուղելուց, միայն թե այդ աղմուկի մեջ ԵԽԽՎ-ից սահմանադրական հանրաքվեին տրվող գնահատականը կորսվեր եւ չհնչեր, քանի որ այն հասցեական հարվածում էր Սերժ Սարգսյանին:

Դեկտեմբերի 6-ի ՀՀ սահմանադրական հանրաքվեի մասին հուշագիրը ներառված էր ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական կոմիտեի առաջընթացի զեկույցում (Progress report of the Bureau and the Standing Committee, Addendum I): Այդ զեկույցը ԵԽԽՎ նստաշրջանում առաջինը քննարկման ներկայացվող փաստաթուղթն էր եւ, բնականաբար, ամփոփում էր հաշվետու ժամանակաշրջանի (հոկտեմբեր 2015-հունվար 2016) կարեւոր իրադարձությունները: Զեկուցողը ԵԽԽՎ հեռացող նախագահ Անն Բրասորն էր:

Հայաստանում շատերը կհիշեն դեկտեմբերի 6-ի հանրաքվեի մասին ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության հնչեցրած ճշգրիտ ու կոշտ գնահատականը, մասնավորապես հատվածը, որտեղ ասված էր.

«Հասարակության հարաբերականորեն ցածր, մոտ 50% մասնակցությունն արտացոլեց այն իրողությունը, որ հանրաքվեն ուղղորդված էր քաղաքական շահագրգռություններով՝ հայ հանրության կարիքներին արձագանքելու փոխարեն, եւ բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվեց ավելի շուտ որպես իշխանության հանդեպ վստահության, քան առաջարկվող բազմաթիվ փոփոխությունների քվեարկություն: Երկուեւկես տարի տեւած գործընթացը բավականաչափ ներգրավող չէր, խորհրդարանը միայն մի քանի շաբաթ ժամանակ էր ունեցել տեքստը քննարկելու համար, եւ հանրային բանավեճերը սահմանափակվել էին երկու ամսով՝ խնդրահարույց դարձնելով հասարակական փոխհամաձայնության հասնելը: Այսպիսով, առանցքային սահմանադրական փոփոխությունը՝ նախագահականից խորհրդարանական համակարգի անցումը, չափազանց շատ քաղաքացիների կողմից ընկալվեց որպես գործող նախագահի համար՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտից հետո (որն այլապես վերջինը կլիներ), իշխանության մնալու միջոց»: Այնուհետ հայտարարությունում թվարկված էր հանրաքվեի ընթացքը ստվերած եւ դրա արդյունքները կասկածի տակ դնող ընտրախախտումների ամբողջ մի ցանկ:

Վերոնշյալ հայտարարությանը հետեւեցին ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ Հերմինե Նաղդալյանի ճամարտակությունները, թե իբր ԵԽԽՎ պատվիրակության դեկտեմբերի 7-ի հայտարարությունը մամուլի համար էր, դա դեռ կվերանայվի, հայտարարություն անողներն ամբողջական տեղեկատվության չեն տիրապետում, հայաստանցի պատգամավորները նրանց գրավոր առարկություններ, բացատրություններ կներկայացնեն, չգիտես էլ ինչ… Ընդսմին, Նաղդալյանն ու մնացյալներն իրոք գործի էին լծվել, ինչ-որ թղթեր էին ուղարկել Ստրասբուրգ, նույնիսկ Արմեն Ռուստամյանին անձամբ էին գործուղել (հեղինակազրկված ՀՀԿ-ին եւ իրադրությունը փրկելու առաքելությամբ):
Սակայն, ինչպեսեւ պետք էր սպասել, Հայաստանի պատգամավորներն ու նախագահականը, չնայած անդուլ ջանքերին, ԵԽԽՎ պատվիրակության գնահատականները փոխել ի զորու չեղան (եթե Վիգեն Սարգսյանն իր մոտ հավաքներ էր գումարում ԵԽԽՎ զեկույցների դեմ պայքարի օրակարգով, դժվար թե սահմանադրական հանրաքվեի գնահատականները մեղմելը թիվ մեկ նպատակ չլիներ): ՀՀ իշխանություններն անզոր եղան ճշմարտության դեմ: ԵԽԽՎ բյուրոյում ի գիտություն էր ընդունվել եւ Առաջընթացի զեկույցում ընդգրկվեց գրեթե նույնը, ինչ ասված էր դեկտեմբերի 7-ի հայտարարությունում:

Ավելի ստույգ՝ հայտարարության տեքստում, մասնավորապես վերը մեջբերված հատվածում, ավելացել էին որոշ եղանակավորող բառեր՝ «հավանաբար», «ոմանք կարող են համարել», «ոմանք փաստարկում են»: Սակայն կուլմինացիոն միտքն ու ֆրազը մնացել էին անփոփոխ. «Այսպիսով, առանցքային սահմանադրական փոփոխությունը՝ նախագահականից խորհրդարանական համակարգի անցումը, շատերի կողմից ընկալվեց որպես գործող նախագահի համար՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտից հետո (որն այլապես վերջինը կլիներ), իշխանության մնալու միջոց»: Եվ ավելացվել է. «չնայած նախագահը հետեւողականորեն ժխտում է, թե նման մտադրություն ունի» (Thus, the core of the constitutional change - the shift from a presidential to a parliamentվary system - was seen by many as simply a means for the current president to remain in power after the end of his second (and what would have been final) term - even though he).

Դե ինչ, եթե իշխանությունը հույս ուներ սահմանադրական փոփոխություններով ժողովրդավարի համբավ եւ վարկ ձեռք բերել Եվրոպայում, ճիշտ հակառակը՝ իշխանության ուզուրպատորի կասկածներ ստեղծեց:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X