1921-ի պայմանագրի չեղարկման ընթացքը

Ընդամենը ընթացիկ շաբաթվա սկզբին էր՝ փետրվարի 8-ին, երբ Պետդումայի երկու կոմունիստ պատգամավորներ ՌԴ նախագահին եւ ԱԳ նախարարին ուղղված նամակով առաջարկել էին 1921-ի բարեկամության եւ եղբայրության մասին ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարել: Նամակի տեքստը հրապարակել էր ռուսական «Իզվեստիան»: Նկատի ունենալով ոչ միայն «Իզվեստիայի» խոսուն հանգամանքը, այլեւ այն, որ նամակի հեղինակները հաջորդիվ BBC-ին (ենթադրելի է՝ նաեւ այլ լրատվամիջոցներին) տված հարցազրույցներում անկեղծացել էին, թե իրենք էլ չեն պատկերացնում իրենց առաջարկի կենսագործման ուղին, մնում է եզրակացնել, որ կոմունիստների նամակը գրվել էր այլ տեղ: Գուցե հենց այն հասցեներում, որոնց ուղղվել էր՝ ՌԴ նախագահականում կամ ԱԳՆ-ում:

Իսկ երբ հաջորդ օրը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ Պետդումայի մի խումբ պատգամավորներ ԱԳՆ-ին են դիմել 1921-ի Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու առաջարկով, եւ ԱԳՆ-ն սահմանված կարգով կուսումնասիրի ինչպես խնդիրը, այնպես էլ արված առաջարկները, նույնիսկ Հայաստանում շատերը գիտակցեցին, որ կատարվողն այնքան էլ շառլատանություն չէ: Գուցե զոնդաժ է: Բայց խնդիրն այն է, որ առաջին հայացքից շառլատանությունը եթե ընդամենը հինգ օրում արդեն զոնդաժի է նմանվել, երկու շաբաթից կարող է վերածվել գործընթացի:

Մեծ խելք պետք չէ կռահելու համար, որ ռուս-թուրքական պայմանագրի չեղարկումը կամ ուժի մեջ մնալը կախված է Սիրիայի զարգացումներից: Ընդսմին, այն անձինք, որոնց գործողությունների արդյունքում Ռուսաստանը կչեղարկի ռուս-թուրքական պայմանագիրը, արաբական առաջնորդներ են, որոնք հազիվ թե պատկերացում ունեն Մոսկվայի պայմանագրի, Սեւրի պայմանագրի կամ էլ նույնիսկ քարտեզի վրա Հայաստանի տեղի մասին:

Ռուսաստանը Մոսկվայի պայմանագիրը կչեղարկի այն դեպքում, եթե Ասադի ռեժիմի միջոցով Մերձավոր Արեւելքում եւ Միջերկրականում սեփական ներկայություն ապահովելը դառնա անհնար: Այդ դեպքում ռուսներին այս երկրագնդի վրա կմնա մի տարբերակ՝ Արեւմտյան Հայաստանում սփռված քրդերին հանել Թուրքիայի դեմ եւ հիմա էլ նրանց հաշվին մնալ գործոն: Ընդ որում՝ Ռուսաստանը կհամագործակցի բուն PKK-ի հետ, քանի որ Իրաքի քրդական փեշմարգայի կամ Սիրիայի քրդական PYD (YPG)-ի հետ Կրեմլը չի կարող խաղեր տալ: Նրանք ունեն գործընկերներ՝ շատ ավելի հզոր, քան ռուսները: Իսկ, այ, PKK-ն Արեւմուտքում մերժվում է, ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն, այդքանով էլ իսկը Ռուսաստանի հաճախորդ է: Բայց այդ ամենը կպատահի, թե ոչ՝ նախ կախված է այն հանգամանքից, թե արդյոք Սաուդյան Արաբիան, Արաբական Էմիրությունները եւ Բահրեյնը ցամաքային զորքեր կմտցնե՞ն Սիրիա:

Սաուդյան կոալիցիայի՝ Սիրիա մտնելու հարցի հիմնական քննարկումն ընթացել է փետրվարի 11-ին, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա գագաթնաժողովի երկրորդ օրը, Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Բայց ՆԱՏՕ-ի բոլոր երկրների պաշտպանության նախարարները չէ, որ խորհրդակցությանը մասնակցել են, այլ ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Թուրքիան եւ մի քանի այլ եվրոպական ու մերձավորարեւելյան երկրներ:

Ռուսաստանը դրանից այնպես էր գազազել, որ վարչապետ Մեդվեդեւը հայտարարել էր, թե սաուդյան կոալիցիայի մուտքը Սիրիա կարող է բախում ստեղծել սիրիական կոնֆլիկտում ներքաշված բոլոր երկրների միջեւ: Այլ կերպ ասած՝ համաշխարհային պատերազմ էր կանխատեսել: Բայց արի ու տես, որ Մեդվեդեւի արմագեդոնյան տեսիլքներն առանձնապես չհուզեցին մնացյալ աշխարհին: Օրվա վերջում, բրյուսելյան խորհրդակցությունից հետո, Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ Սիրիա մտնելու իր որոշումը վերջնական է:

Իմիջիայլոց ուշագրավ է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդաժողովի առաջին օրը՝ փետրվարի 10-ին, երբ քննարկվում էր Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնման՝ զինուժի ու տեխնիկայի մշտական տեղակայման, ռազմական կոնտինգենտի զգալի բազմապատկման հարցը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը բառացիորն հայտարարել էր. «ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր ներկայության ընդլայնումը մեր թշնամիներին ուղղված վճռական ուղերձ է առ այն, որ մենք պատրաստ ենք պատասխանել ցանկացած սպառնալիքի եւ պաշտպանել մեր դաշնակիցներին»:

Նախարար Մայքլ Ֆելընն այդպիսով, ի գիտություն Կրեմլի, հաստատել էր այն, ինչ թերեւս Կրեմլում գիտակցել էին BBC-ի՝ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին ֆիլմի ցուցադրությունից: Ուղերձը հետեւյալն է. Ռուսաստանի մտքով թող չանցնի, թե կարող է Արեւմուտքին միջուկային զենքով շանտաժի ենթարկել: Ռուսաստանի ցանկացած ագրեսիա կստանա պատասխան:

Այլ հարց, որ տապալված ДНР եւ ЛНР նախագծերից հետո Ռուսաստանը պոչերը որքան հնարավոր է հավաքում է Եվրոպայից եւ դժվար թե այնտեղ ագրեսիայի դիմի: Սիրիայում էլ սաուդյան կոալիցիայի մուտքից հետո Ռուսաստանը հարկադրված կլինի հեռանալ, քանի որ եթե սեփական ցամաքային ուժեր Սիրիա ուղարկի, ուղղակի երկրորդ «աֆղանական» պատերազմի մեջ կթաղվի եւ այդ ճահճում էլ կփլուզվի, ինչպես ԽՍՀՄ-ը փլուզվեց Աֆղանստանում: Եթե հեռանա կամ մնա միայն օդուժի մասնակցությամբ, ապա Բաշար Ասադը, միեւնույն է, երկար չի դիմանա, եւ այդ դեպքում, մնացյալ Մերձավոր Արեւելքի աչքի գրողը լինելով, Ռուսաստանին կմնա լոկ PKK-ի հետ դաշինք կնքելը, նորից Արեւմտյան Հայաստանի տարածքով Միջերկրական ծովին հասնելու նոր փորձը եւ դրա համար էլ 1921-ի Մոսկվայի պայմանագրի չեղարկումը:

Ի՞նչը կլինի արդյունքը. առաջին արդյունքը կլինի թուրք-քրդական պատերազմը, գուցե քրդերի ցեղասպանությունը կամ տեղահանությունն Արեւմտյան Հայաստանից:

Պատմությունը հարյուր տարի հետո կկրկնվի: Այդ ամենը, ինչ խոսք, Հայաստանի համար բարենպաստ հեռանկար է: Միայն թե Հայաստանը, ինչպես մինչ այժմ, այնպես էլ սրանից հետո բացարձակապես չպետք է մասնակցի ռուսական արկածախնդրությանը, առավել եւս՝ ռուս-թուրքական բախմանը, որը, ամենայն հավանականությամբ, կլինի proxy-war (վստահորդների պատերազմ) քրդերի միջոցով:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X