Հայ-չեխական բիզնես ֆորումը

Երբ Արեւելյան Եվրոպայում որեւէ հաստատության, հոգեւոր կան նյութական արժեքի մասին ասվում է 800-900 տարվա պատմություն, ակամա հարգանքից կանգ ես առնում, քանի որ արեւելա-եվրոպական երկրներն իրենք հաճախ այդքան հին պատմություն չունեն: Ահա թե ինչու անկարելի է չզարմանալ եւ չհետաքրքրվել Չեխիայի մի առողջարանային կենտրոնով, որի պատմությունը սկսվում է 1154թ-ից: Այդ տարեթվին Բոհեմիայի թագուհին մի վանք եւ հիվանդանոց է կառուցում ներկայիս Չեխիայի Teplice բնակավայրի մոտ, եւ վանքի միանձնուհիները դառնում են Teplice-ի տաք հանքային ջրերով առաջին բուժում իրականացնողները: Ժամանակի ընթացքում Teplice-ն լոկ առողջարանից վերածվում է շքեղ հանգստավայրի. 18-րդ դարում Պետրոս Մեծ ցարն է Teplice-ում եղել, 19-րդ դարում՝ Բեթհովենը (որտեղ էլ ի դեպ սկսել է իր 9-րդ սիմֆոնիայի ստեղծումը), հետագայում կայսրուհի Սիսին, Վագները, ով նույնիսկ գրել է, թե Teplice-ից ու դրա շրջակայքից ավելի հրաշալի մի բան ինքը չգիտի…

Այս տարի Teplice-ն իր 862-րդ SPA սեզոնի բացումը կկատարի: Մերօրյա Teplice-ի այցելուները հաճախ նեւրոլոգիական եւ մկանային խնդիր ունեցող անձինք են, հատկապես փոքրիկները, որոնք ի ծնե շարժողական համակարգի խնդիրներ ունեն, նույնիսկ բացարձակապես չեն քայլում: Teplice-ի առողջարանային բուժումը 90% եւ ավելի արդյունք է արձանագրում: Այդ մասին ասաց առողջարանի կոմերցիոն տնօրեն տիկ. Իվետա Սլիշկովան, ով Երեւանում էր փետրվարի 11-12-ին՝ Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախախար Յան Վլադեկին՝ հայաստանյան այցի ընթացքում ուղեկցող պատվիրակության կազմում:

Ֆորումը know-how-ն

Չեխիական նախարարին ուղեկցող պատվիրակության կազմում կային երեք տասնյակից ավելի չեխ գործարարներ, գերակշռող մասով ծանր արդյունաբերության ոլորտից՝ շինարարություն, մեքենաշինություն, էներգետիկա: Նրանցից մի քանիսի հետ զրուցեցի Հայ-չեխական բիզնես ֆորումից հետո, որի բացումը Արմենիա-Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կատարել էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ նրա չեխ գործընկեր Յան Վլադեկը: Ինքս ֆորումին գնացի, երբ պաշտոնական հատվածն ավարտվել էր, հետեւաբար թե նախարարները, մյուս պաշտոնյաները ինչ ելույթներ էին ունեցել, չեմ կարող ասել: Համարյա ֆորումի վերջում եմ եղել, հետաքրքրությունից եւ բոլորովին չէի սպասում, թե այդքան դրական տպավորություն կունենամ:

Խնդիրն այն է, որ տարիներ առաջ ինքս մի բիզնես ֆորումի դարձյալ մոտ մի ժամով ներկա եմ եղել: Այն ժամանակ Արաբական Էմիրություններից էր պատվիրակություն ժամանել, ֆորումը դարձյալ Արմենիա-Մարիոթի Տիգրան Մեծ սրահում էր, դարձյալ շատ գործածարներ կային, պատվիրակությունը ղեկավարում էր Էմիրությունների առաջին կին նախարարուհին՝ շեյխա Լուբնա ալ Քասիմին: Կարծեմ նույնիսկ մի էմիրաթի շեյխ էր ժամանել: Սակայն, միեւնույնն է, վերջնահաշվում, ֆորումից շուկայի զգացողություն էր, երբ կողմերը լեզվական խնդրի պատճառով վատ էին շփվում: Եթե կային հայ գործարարներ, նրանք անգլերեն չէին խոսում, եթե իրենց անգլախոս աշխատակիցներին էին ուղարկել, նրանք էլ անգիր հատվածներ էին արտասանում, ու դրանով ակամա վանում: Ուղղակի ձեւից այն կողմ չկար բովանդակություն, եւ չեմ հավատում, թե նման համաժողովից առանձնապես գործարար արդյունք գրանցվեր:

Նման հուշերից հետո հայ-չեխական ֆորումն ինձ ուղղակի թռիչք թվաց: Մի կողմից իմ տպավորությամբ արտերկրի հետ շփումների ձգտող հայ գործարարներն էին որակական առաջընթաց ապրել՝ եկել էին թղթերով, ծրագրերով: Միայնակ, թե իրենց օգնականների հետ՝ ամեն դեպքում առանց մի խնդրի շփվում էին: Նաեւ Չեխիայից ժամանած գործարարներն էին խոսում ռուսերեն, ոմանք նույնիսկ՝ միայն ռուսերեն: Լեզվական խոչընդոտի վերացումը, թերեւս, չեխական կողմի know-how-ն էր, որ կանխորոշել էր ֆորումի հաջողությունը: Հրաշալի կլինի, եթե հայկական կողմը այդ know-how-ն չեխերից ընդօրինակի եւ այլ երկրների հետ ֆորումներում էլ հնարավորինս գործադրի:

Շփումներն ու արդյունքները

Չեխական մի շինարարական ընկերության՝ PSJ-ի ներկայացուցչի հետ զրուցեցի (մեծ ընկերություն է՝ տարեկան ունի մոտ 400 միլիոն եվրոյի շրջանառությամբ). ֆորումի ավարտին բավական ժամանակ կար, բայց ընկերության ներկայացուցիչը՝ Լիբոր Վանկոն, ով արտահանումների տնօրենն է, արդեն հայաստանցի չորս գործընկերոջ հետ էր ծանոթացել, համատեղ գաղափարներ էին քննարկել:

Մեկ այլ ընկերության՝ սննդի եւ քիմիական արդյունաբերության հոսքագծեր, սարքավորումներ է մատակարարող “Վուխզի” գլխավոր տնօրենին՝ պրն. Բորիսլավ Նեմեչեկին ինը, թե տաս հայաստանյան գործարարներ էին մոտեցել: Ինչպես տնօրենը պատմեց, ոմանց ցանկությունը եղել է, որ “Վուխզը” ստանձնի միանգամից գործարանային շինության կառուցում, հետո էլ տեղադրի հոսքագծերը, այսինքն՝ իրենք վճարեն եւ վերջում վերցնեն գործարանի բանալին: Զարմացա. հետաքրքիր է, ըստ այդ հայ գործարարների չեխական հոսքագծեր եւ սարքավորումներ արտադրող ընկերությունը ինչպե՞ս պետք է Հայաստանում շինարարություն իրականացնի:

Մեկ այլ ընկերության, մոտ կեսդարյա պատմություն ունեցող “Բոնատրանսի” ներկայացուցչին՝ Պավել Կուֆային շատ հասցեական ու հստակ մտածողությամբ գործընկերներ էին մոտեցել՝ Երեւանի մետրոպոլիտենի եւ երկաթուղու ներկայացուցիչները: Բոնատրանսը գնացքների անիվներ, անիվներին առնչվող դետալներ է արտադրող ընկերություն է, կես-դարյա պատմությամբ, եւ հայաստանյան այն երկու կազմակերպությունները, որոնք գնացքների ու վագոնների հետ գործ ունեն, ֆորումում հանդիպել էին պրն. Կուֆային, համագործակցության հեռանկարները քննարկել:

Կարծում եմ, եթե այլ գործածարարների հետ էլ զրուցերի, նույն պատկերը կլիներ, որովհետեւ ակնհայտորեն բոլոր սեղաններ շուրջ, իսկ յուրաքանչյուր սեղանի մոտ չեխական մի ընկերության ներկայացուցիչ էր նստած, հայ գործարարներ կային եւ քննարկումներ էին ընթանում: Հուսանք, հատկապես չեխական “Պիվովարի” հետ բանակցությունները արդյունք կտան, քանի որ գարեջուրը Չեխիայի այցեքարտն է, ինչպես բոհեմյան ապակին, Հայաստանում էլ կարծես գարեջուր խմողները փոքր թիվ չեն կազմում, էլ չասած, որ 500-ամյա չեխական բրենդով գարեջուրը (իսկ “Պիվովարը” հինգ դարի պատմություն ունի) կարելի է հաջողությամբ Իրան էլ արտահանել:

Վերջապես, չեխական պատվիրակության կազմում կար մեր մի հայրենակիցը՝ Գեւորգ Ավետիսյան, ով մեկ-երկու տասնամյակ առաջ Հայաստանից է մեկնել Չեխիա, համարյա միայնակ 2003-ին սկսել է հայկական մի բաղադրատոմսով քաղցրավենիքի արտադրություն, ընդամենը հաջորդ տարում աշխատակիցների թիվը 1-ից հասել է 80-ի, իսկ հիմա ընկերությունը հսկայական արտադրական տարածք է զբաղեցնում, հազարավոր աշխատակիցներ ունի, ժամում 1000-1500 կտոր արտադրողականության է հասել եւ արտադրանքը արտահանում է երեսուն-քառասուն երկրներ: Ընկերությունը կոչվում է MARLENKA International, եւ հայերի գործարար ջիղի ու կարողության կատարյալ օրինակ է:
Հրաշալի կլինի, եթե նման հաջողություն ուղեկցի նաեւ մյուս հայ-չեխական բիզնես գործակցություններին, քանի որ դրանք զգալիորեն զիջում են քաղաքական համագործակցությանը, ինչ բարեբախտաբար շատ բարձր մակարդակի վրա է:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X