Ծառայում ենք ընթերցողին

Փետրվարի 16-ին մեր թերթի ծննդյան օրն էր՝ լրացավ «Հրապարակի» 8 տարին։ Եվ այդ իրադարձությանը նվիրված խմբագրականը կարդալով՝ մեր ընթերցողները զանգահարում էին խմբագրություն՝ շնորհավորելու, բարեմաղթանքներ ասելու, ընդգծելու, որ մեր կողքին են, որ մենք «թշնամիներով» չենք շրջապատված, այլ բազում բարեկամներ ունենք։ Ամենասրտառուչը տարեց մի տիկնոջ զանգն էր, որն ասում էր՝ «կյանքս լցվել է ձեր թերթով, իմաստավորվել»։ Այնքան հուզիչ էր միայնակ կնոջ խոսքը, որ զրույցն ավարտելուց հետո արձանագրեցի՝ իզուր չենք ապրում, աշխատում, հաղթահարում այն դժվարությունները, որոնք հառնում են ամեն օր մեր առաջ․ ահա մեր աշխատանքի վարձքը։ Եթե թերթը գեթ 10 կամ 100 նման ընթերցող ունի, որոնց համար «Հրապարակն» ինչ-որ բան նշանակում է, ուրեմն արժե թերթ տպագրել։ Հաջորդ հուզիչ խոսքը դասախոսիս զանգն էր, որին վաղուց չէի լսել-տեսել, եւ որը հարկ էր համարել հեռախոսը վերցնել ու զանգել «Հրապարակի» խմբագրություն՝ ասելու, որ հետեւում է, կարդում է, նկատում է, մեր կողքին է։

Իմ ուսանողական տարիների ամենախիստ ու ամենահամակրելի անձանցից մեկը, որից գերազանց ստանալը գրեթե անհնարին էր, իմ ընթերցողն է․ կա՞ արդյոք սրանից ավելի հաճելի բան։ Եվ երրորդ անսպասելի զանգը, այսպես կոչված, «թշնամական բանակից» էր՝ ԱԺ պատգամավորներից մեկը զանգել էր շնորհակալություն հայտնելու, որ մենք կանք, եւ ասելու, որ եթե անգամ մեր բարեկամների քանակը շատ սահմանափակ է, ապա իրեն ընդգրկենք այդ ցանկում։ Հաճույքով։ Նման մի զանգ էլ օրեր առաջ էինք ստացել, երբ հայտնի քաղաքական գործիչը (մեզ չսիրող քաղաքական ուժի ներկայացուցիչը) շնորհակալություն էր հայտնում օբյեկտիվության համար, ասում էր, որ մենք անշահախնդիր կերպով մեր գործն ենք անում, իսկ տարբեր մանր-մունր մարդկանց չարժե ուշադրություն դարձնել՝ շարունակեք նույն կերպ։ Մենք, իհարկե, երախտագիտության, մեծարանքի չենք ձգտում եւ շնորհակալություն էլ չենք ակնկալում ընթերցողներից՝ մենք մեր պարտքն ենք կատարում։ Լավ-վատ՝ ընթերցողը կդատի։ Բայց ծննդյան օրը գովեստներ, շնորհավորանքներ լսելը, անշուշտ, հաճելի է ու պարտավորեցնող։

Ա․ Օ․

Մեկնաբանություն
X