Քաղաքագրություն. «Թափառող վիշապները»

Իսահակյան փողոցի «Առագաստ» սրճարանը վաղուց կառուցված էր, եւ դրա կողքի ջրավազանը երեխաները հիմնավորապես գրավել ու «ծովափի» էին վերածել: Ավազանը եզերող սալերի վրա նրանք արեւկողի էին տալիս եւ լողազգեստները չորացնելու սեփական գյուտը կատարելագործում: Թաց լողազգեստները եռանդով խփում էին տաք սալերին ու թեեւ ծեծում-քրքրում էին գործվածքը, բայցեւ կարճում էին չորացնելու ժամանակամիջոցը:

Եվ հանկարծ ջրավազանի մոտակայքում նոր «բնակիչ» հայտնվեց: Դա անակնկալ ու անսովոր, միաժամանակ ուժեղ տպավորություն թողնող այնպիսի՜ նորություն էր:
Ձկնակերպ քարարձան՝ կանաչ մարգի մեջ:
Շուրջբոլորը խոտը հազիվ երկու մատնաչափ էր. խատուտիկների դեղին գլխիկներն անթիվ-անհամար չէին, որ աչքներս հագեցած լիներ: Բայց որ մարգը վիշապի հանգրվա՜ն կդառնար...

Լեռների հազվադեպ քարարձանների մասին շատ էի լսել, սակայն ո՞ւմ մտքով կանցներ դրանցից թեկուզ մեկին հանդիպել այդքան առօրեական միջավայրում (երբեւէ չէի ցանկանա ականատես լինել քաշքշուկին՝ կապված արձանի տեղափոխման հետ: Չնայած դրան, մտովի պատկերացնում եմ կոպիտ ու տխուր արարողությունը՝ հազարամյակների իր բնակավայրից տեղաշարժել-պոկել, ամբարձիչով բարձրացնել-հրել բեռնատարի թափքը, որից հետո վայրէջքը՝ դըղրդ-դըղրդ-դըղրդ. տոննաների ծանրություն ունեցող արձանը դարձավ բնավեր դարձած թափառական, անուժ ու ենթակա մի առարկա...):

Վիշապը՝ Գեղամա լեռներում: Ե՞րբ է ստեղծվել, քանի՜ հազարամյակ առաջ: Աժդահա ձուկը՝ բազալտե մարմնով (ի դեպ, աժդահա հենց նշանակում է վիշապ): Բրոնզե՞, թե՞ երկաթե գործիքը հսկա բեկորը տաշել է ու գծագրել պոչը, բերանը, աչքը:
Առաջին զգացումը, որ արթնանում է մարդու մեջ, զարմանքն ու հիացումն են: Հիացումը վիշապաձկան վեհության հանդեպ, որին, սակայն, շուտով կհաջորդի ժողովրդական հնագույն մի իմաստնություն. «Եթե մարգարեն լեռան մոտ չգնա, լեռը մարգարեի մոտ կգնա»:

Օղակաձեւ զբոսայգու տվյալ հատվածը զարդարել ցանկացող մարդկանց մտքով երեւի չի անցել, թե իրենք լողազգեստները չորացնելու ինչպիսի հնարավորություն են ընձեռել մանուկներին: Նրանք սեփական գյուտը կատարելագործել են մեկ աստիճանով եւս: Հիմա գույնզգույն լաթերը եռանդով մտրակում են վիշապի մեջքը՝ իբրեւ հետք թողնելով թաց զոլեր: Պատահում է նաեւ, որ զբոսնող ծերունիներից մեկը հաճույքի համար թոռանը բարձրացնում է արձանի վրա ու, թաթիկից բռնած, օգնում հաղթահարել արգելքը: Եվ կամ երկու-երեք մանուկներ միաժամանակ հեծնում են ձկանը եւ, երեւակայական սանձերը ձգելով, գոռգոռոցով խթանում: Եվ այդպես քանի տարի շարունակ: Իսկ հիմա անցորդներից շատերի համար արձանը սոսկ քարաբեկոր է, որ կարող էր դուրս գալ տեղանքը հարթեցվելիս, քանի որ մարգի խոտը տարեցտարի էլեկտրական խուզիչով հնձել են, եւ չէ որ շատ մոտենալ հնարավոր չէ. գործիքի ատամները կջարդվեն: Իսկ դա արժեք է, դրամակա՛ն եւ ո՛չ հոգեկան արժեք: Եվ արձանի շուրջ խոտը խտացել է՝ սքողելով գծագրությունը ձկան պոչի, աչքի եւ բերանի: Կարծես մեկը հատուկ մտադրված է եղել՝ լեռների արքա, գնա, հավասարվիր սովորական քարաբեկորի:

Սույն հատվածը Մարգո Ղուկասյանի «Թափառական վիշապները» հոդվածից է: Մինչ օրս «Առագաստ» սրճարանի մոտ կարելի է տեսնել այդ քարե հսկա վիշապին:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X