Ամեն հայ ի ծնե ձեռներեց է, եւ դա ամենամեծ ռեսուրսն է

Հայաստան-ԵՄ հարաբերություններում, մանավանդ Ասոցացման համաձայնագրի շուրջ կատարվածից հետո, քաղաքական բաղադրիչն այնքան է կարեւորվել, որ բոլոր մյուս օրակարգերը հայտնվել են ստվերում՝ լինեն դրանք մարդու իրավունքներ, մուտքի արտոնություններ, առեւտրի բարենպաստ պայմաններ, ոլորտային ԵՄ ծրագրեր...: Որքան էլ երկխոսությունը եւ համագործակցությունը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ շարունակվում է, միեւնույն է, մինչեւ ՀՀ-ԵՄ նոր համապարփակ համաձայնագիրը չստորագրվի եւ գործողության մեջ չդրվի, երկկողմ հարաբերություններում անկատարության զգացողությունը չի հաղթահարվի: Իսկ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Ն. Գ. Պյոտր Սվիտալսկին, չեն կարող ավարտվել 2016-ի տարեվերջից շուտ:

Ստորեւ դեսպան Սվիտալսկու հետ հարցազրույցն է, որը, ինչպես միշտ, չեմ ձայնագրել: Բայց պրն. Սվիտալսկին ինձ հիացրեց նրանով, որ, հակառակ իմ սպասածին, չասաց, թե զրույցի այսուայն հատվածները, տեղեկությունները, գնահատականներն իմ իմացության համար էին եւ տպագրության ենթակա չեն: Ամենը, ինչ կարեւորել էի, համաձայնեց, որ տպագրվի:

- Պրն. դեսպան, Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող այնքան հարցեր կան, բայց ես սկսեմ, թերեւս, այս մեկից: Իր տարեկան ամփոփիչ ասուլիսում մեր արտգործնախարարը՝ պրն. Նալբանդյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 7-ին մեկնարկած ԵՄ-Հայաստան բանակցությունների ժամանակացույցը հստակեցված է: Կարո՞ղ եմ հարցնել մանրամասները՝բանակցությունների քանի՞ փուլ է նախատեսված, եւ ե՞րբ եք ակնկալում դրանք ավարտել:

  • Այո, ճիշտ է: Դեկտեմբերի 7-ին, երբ նախարար Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ (HR/VP) Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ազդարարեցին ԵՄ-ՀՀ բանակցությունների մեկնարկը, կողմերը ձեռք բերեցին համաձայնություն, որ 2016-ի ընթացքում կկայանա բանակցությունների ութ փուլ: Դրանք կգումարվեն մի փուլը Բրյուսելում, մյուսը Երեւանում հաջորդականությամբ, մոտ վեցշաբաթյա ընդմիջումներով: Ինչ խոսք, մեկուկեսամսյա հաճախականությամբ հանդիպումների տեմպը երաշխավորում է բանակցությունների բավականին արագ ընթացք: Ի լրումն բանակցող թիմերի այդ հիմնական տետ-ա-տետ հանդիպումների, կլինեն նաեւ տեսակոնֆերանսներ եւ փոխգործակցության այլ ձեւաչափեր:

Բանակցային գործընթացի ավարտի առնչությամբ պրն. Նալբանդյանը եւ Բարձր ներկայացուցիչ Մոգերինին համաձայնեցին, որ չեն սահմանվի վերջնաժամկետներ, բայց երկու կողմերն էլ կանեն առավելագույնը, որպեսզի բանակցություններն ընթանան հաջողությամբ եւ ավարտին հասնեն որքան հնարավոր է շուտ: Ամեն դեպքում, ոչ ոք չի ակնկալում, թե բանակցությունները կարող են ավարտվել 2016-ի տարեվերջից շուտ: Ժամանակը ցույց կտա, թե դա երբ կլինի: Բայց բանակցվող հարցերի ծավալը եւ ընդգրկումը բավականին մեծ են, առկա են թե քաղաքական, թե տեխնիկական խնդիրներ, ինչպես, օրինակ, առեւտրային միջավայրի բարելավումը, օտարերկրյա ներդրումների ապահովությունը, էներգետիկ սեկտորի զարգացումը եւ այլն:

- Ներեցեք, խնդրում եմ, ի՞նչ քաղաքական խնդիրների մասին է խոսքը... դա կարծես նորություն է: Մի օրինակ չե՞ք բերի, եթե խնդրեմ...

  • Դիցուք, հայկական կողմը որոշ մտքեր ունի այն մասին, թե այս նոր համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի հանձնառությունները եւ պարտավորությունները, որոնք բխում են ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամակցությունից: Թե հայկական կողմի այդ խնդիրը երբ եւ ինչպես կհանգուցալուծվի, մեկ այլ հարց է, բայց դա չի կարող արագ պատահել: Եվրոպական կողմը հստակեցրել է, որ այս նոր համաձայնագիրը չի կարող ստորակայվել այլ պարտավորությունների, եւ դա ընդունված դրվածք է միջազգային իրավահարաբերություններում:

Հայաստանի այս մոտեցումն ինչ-որ նորություն է, նման ոչինչ չի եղել, օրինակ, ԵՄ-Ղազախստան բանակցություններում: Ղազախստանը նույնպես ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ է, բայց ԵՄ-ի հետ նրանց Ընդլայնված գործընկերության եւ համագործակցության համաձայնագրում նման դրույթ չի ներառվել: Սա հստակ քաղաքական պրոբլեմի օրինակ է, որը միեւնույն ժամանակ նաեւ իրավական խնդիր է եւ պետք է հանգուցալուծվի: Ինչպես արդեն ասացի, չենք կարող ասել, թե երբ եւ ինչպես, բայց դա չի լինի շուտով:

- Պրն. դեսպան, 2015-ը ձախողման եւ աղետի տարի էր ԵՏՄ-ի համար, 2016-ը Ռուսաստանին խոստանում է ավելի կոշտ ֆինանսական ու տնտեսական փլուզում, հետեւաբար, դժվար թե ԵՏՄ-ն մինչեւ 2016-ի վերջը գոյատեւի, հատկապես, եթե Ռուսաստանն ավելի խորանա սիրիական հակամարտության մեջ... Հետեւաբար՝ իմ հաջորդ հարցը. ո՞վ է լինելու Հայաստանի հետ ԵՄ գլխավոր բանակցողը: Ես ինչ-որ տեղ կարդացի, որ այսուհետ EEAS-ի աշխարհագրական դեպարտամենտների գործադիր տնօրենները (Managing Directors for the EEAS Geographical Departments) կլինեն գլխավոր ֆիգուրները եւ բանակցողներն իրենց տարածաշրջաններում, ինչը նշանակում է, որ, հավանաբար, գլխավոր բանակցող չեն լինի երկրների գծով տնօրենները, դիցուք, ինչպես պրն. Վիգանդն էր տարիներ շարունակ:

  • Պրն. Վիգանդը հիմա այլ պաշտոն է ստանձնել, նա այժմ գործադիր տնօրեն է, բայց Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի: Հետեւաբար, նախ պետք է մեկն ընտրվի եւ նշանակվի իր նախորդ պաշտոնին, որպես Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ-ի տնօրեն: Հնարավոր է, որ այդ պաշտոնյան ստանձնի պրն. Վիգանդի գործառույթներին նման պարտականություններ, բայց հնարավոր է նաեւ, որ այլ կարգավորումներ լինեն: Ներկա դրությամբ ԵՄ-Հայաստան բանակցություններում ԵՄ թիմը ղեկավարում է Դիրք Շուբելը՝ Եվրոպական արտաքին գործառնությունների ծառայությունում Արեւելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավարը (Head of Division for bilateral relations with the Eastern Partnership countries in the European External Action Service): Անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան բանակցությունների երկրորդ փուլում էլ ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր պրն. Շուբելը:

Horizon 2020-ը եՎ COSME-ն՝ Հայաստանի ապագայի համար

- Պրն. դեսպան, ինձ թվում է՝ ԵՄ-Հայաստան հարաբերություններում 2015 թվականին բանակցությունների մեկնարկից հետո երկրորդ ամենակարեւոր զարգացումը Horizon 2020 եւ COSME ծրագրերին Հայաստանի միանալն էր: Ես տեղյակ եմ, որ Հայաստանը գտնվում էր անդամակցության գործընթացում, բայց չգիտեմ՝ այն հաջողությամբ ավարտե՞լ ենք, անդամակցե՞լ ենք, թե՞ գործընթացը դեռ շարունակվում է:

  • Ես ենթադրում եմ, որ Հայաստանն ավարտել է անհրաժեշտ ընթացակարգերը եւ արդեն անդամակցում է Horizon 2020-ին ու COSME-ին, որոնք իրապես հսկայական հնարավորություններ են բացում Հայաստանի գիտության, նորարարությունների (innovation), նաեւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար: Դեկտեմբերին Հայաստանի էկոնոմիկայի նախարարը՝ պրն. Ճշմարիտյանը, այցով գտնվում էր Բրյուսելում, եւ կարծում եմ՝ այդ ժամանակ նա ստորագրեց բոլոր վերջնական փաստաթղթերը: Նաեւ կարծում եմ՝ տեղյակ եք, որ ԵՄ-ն մեծ զեղչեր արեց Հայաստանի համար. երկու ծրագրերի դեպքում էլ, շնորհիվ ԵՄ դրամաշնորհների, Հայաստանն անդամակցության վճարների միայն 50%-ն է վճարում: Դա նշանակալից աջակցություն է, եւ ես հույս եմ տածում, որ Հայաստանի ժողովուրդն իր կարողությունների առավելագույն չափով կօգտվի բացվող հեռանկարներից:

Ինչպես հավանաբար գիտեք, Horizon 2020-ը Եվրամիության հիմնական ծրագիրն է հետազոտությունների, նորարարության եւ տեխնոլոգիաների ասպարեզում՝ շուրջ 80 միլիարդ դոլար բյուջեով, եւ Հայաստանի համար բացարձակապես էական էր ու անհրաժեշտ միանալ այդ ծրագրին: Եթե ռազմավարական չափումով մտածենք, ապա Հայաստանի տնտեսության զարգացման հիմքը գլխավորապես նորարարությունը եւ գիտությունն են: Հայերը խելացի են, հրաշալի կրթված են, հետեւաբար՝ աջակցությունը, ֆինանսավորումը, ներդրումը գիտության եւ նորարարությունների ասպարեզում ի զորու են բարձրացնել երկրի տնտեսությունը, նաեւ գիտությունը, հասարակությունը, եւ Horizon 2020-ն ընձեռում է այդ հնարավորությունները: Ռազմավարական տեսակետից Հայաստանի իշխանությունների կողմից խելացի որոշում էր Horizon 2020-ին միանալը:

- Ձեր դիտարկումները ոգեւորիչ են, իսկ ի՞նչ կասեք COSME-ի մասին:

  • Կարծում եմ՝ COSME-ն նույնպես մեծ կարեւորության ծրագիր է, որն ստեղծվել է փոքր եւ միջին ձեռնարկություններին օժանդակելու համար: Երբ վերլուծում ես, ռազմավարական տեսակետից Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի փոքր եւ միջին ձեռնարկությունների հզորացմանը: Հայաստանի ապագան կախված է արդյունավետ տնտեսական կառավարումից:

Ես չեմ կարող համաձայնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանց հետ, որոնք փոքր եւ միջին ձեռնարկատիրությունն ընկալում են ավելի շատ իբրեւ սոցիալական ազդեցության, քան տնտեսական աճի գործոն եւ միջոց: Տեսանելի ապագայում ես չեմ պատկերացնում նման հեռանկար, որ Հայաստանում ինչ-որ համաշխարհային ճանաչման, ընդգրկման բրենդներ ստեղծվեն: Ի հակադրություն դրան՝ Դուք կարող եք սա հարցնել Հայաստանում պաշտոնավարող ցանկացած դեսպանի, եւ բոլորը Ձեզ նույնը կասեն՝ այն, ինչը հայերին տարբերում է այլ ժողովուրդներից, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության մյուս երկրներից, հայերի ձեռնարկատիրական օժտվածությունն է: Գործնականում ամեն հայ ի ծնե ձեռներեց է, եւ սա երկրի տնտեսական ու սոցիալական վերելքի ամենամեծ ռեսուրսն է: Պարզապես պատշաճ տնտեսական եւ իրավական միջավայր պետք է ստեղծվի, եւ մարդկանց ֆինանսավորում ու հնարավորություններ պետք է տրվեն: Նրանք պետք է խրախուսվեն եւ պաշտպանվեն:

Շարունակելի

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X