Պատրաստ ենք աջակցել Հայաստանի ժողովրդին` ինչով կարող ենք

Հարցազրույց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ

- Պրն. դեսպան, կարծում եմ՝ երեք խոչընդոտներ կան, որոնք արգելում են Հայաստանի տնտեսության առողջացումը եւ վերելքը. նախ՝ վարկաբեկված եւ կոռումպացված իշխանությունն իր շատ վատ կառավարմամբ, երկրորդ՝ անկատար իրավական դաշտը եւ անգամ առաջնային ֆինանսավորման (start-up funding) բացակայությունը, եւ երրորդ՝ երկրի շրջափակումը, էժան միջազգային տրանսպորտի, հաղորդակցության բացակայությունը: Իմ հասկացողությամբ՝ COSME-ն կարող է օգնել ֆինանսավորման հարցում:

  • Այո, այն ֆինանսավորում կտրամադրի, բայց ոչ միայն: Մենք նաեւ հետամուտ ենք գործարարության համար իրավական դաշտի բարելավմանը: Ես գոհ եմ, որ Հայաստանի հարկային օրենսգիրքը փոխվելու է: Մենք քաջալերում ենք Հայաստանի խորհրդարանին եւ իշխանություններին, որպեսզի նոր օրենսգիրքը եւ հարկերը դարձվեն պարզ եւ արդարամիտ, որպեսզի դրանք ձեռներեցներին գրավեն, ոչ թե վանեն: Արտասահմանյան ներդրումների ապահովությունն էլ առանցքային հարց է, եւ այն կանգնած է նաեւ ԵՄ-ՀՀ բանակցությունների օրակարգում: Մեկ այլ մեծ խնդիր է կոռուպցիան, որն այս երկրում պետք է հաղթահարվի: Մենք պատրաստ ենք այս բոլոր ուղղություններում աջակցելու Հայաստանի ժողովրդին՝ ինչով կարող ենք:

- Շնորհակալություն դրա համար: Իսկ Horizon 2020-ի կամ COSME-ի գծով արդեն որոշակի հայտեր ներկայացվում են, ստացվո՞ւմ են, թե՞ դեռ այդ ծրագրերի գործադրման նախապատրաստական փուլում ենք:

  • Իրականում եւ Horizon-ը, եւ COSME-ն նախատեսում են ազգային համակարգող մարմնի ստեղծում, որը կկառավարի ծրագրի գործադրումը երկրում: Այսինքն, Հայաստանի իշխանություններն են, որ ստեղծելու են այդ համակարգող մարմինները, հավանաբար՝ էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության ներքո:
    ԵՄ վիզաները եվ ԵՄ տեսանելիությունը

- Պրն. դեսպան, կա մի թեմա, որը, կարծում եմ, միջին հայաստանցուն հետաքրքրում է նույնիսկ ավելի, քան ՀՀ-ԵՄ բանակցությունները, Horizon-ի եւ COSME-ի հեռանկարները՝ ԵՄ մուտքի արտոնագրի վերացումը: Ես չգիտեմ՝ այդ գործընթացը քանի փուլերից է բաղկացած, Հայաստանն այժմ որ փուլում է, բայց, իմ իմացությամբ, Մոլդովայի քաղաքացիներն արդեն օգտվում են ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունքից, Ուկրաինան ու Վրաստանն էլ նույն ճանապարհին են: Հապա հայե՞րը, որ, թերեւս, ամենասերտ կապերն ունեն Եվրոպայի հետ:

  • Այո, համաձայն եմ՝ հայերը շատ սերտորեն են կապված Եվրոպային, ընդհանրապես՝ հայերն անհավատալի ինտեգրվող են ցանկացած հասարակությունում, եւ ինչ-որ առումով հենց դրանում է խնդիրը: Եթե վաղը Եվրոպան իր դռները բացի Հայաստանի առջեւ առանց մուտքի վիզայի ուղեւորությունների համար, վստահաբար, ամեն հայ ընտանիք մեկին կգտնի Եվրոպայում, որն ուրախությամբ այդ ընտանիքին կօժանդակի կամ կհյուրընկալի: Եթե այդքան հայեր մեկնում են Ռուսաստան, ապա պատկերացրեք միայն, թե որքանը կմեկնի Ֆրանսիա կամ Գերմանիա, որոնք շատ ավելի նախընտրելի վայր են հայերի մեծամասնության համար:

Ամեն պարագայում, ներկա դրությամբ Հայաստանը գտնվում է Մուտքի արտոնությունների դյուրացման (Visa Facilitation) փուլում։ Այս փուլում ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վճարներն են կրճատվել, որոշ խմբերի համար ընդհանրապես վճարները վերացվել են: Վստահաբար՝ ապագայում, ինչ-որ պահի, Հայաստանը մուտքի դյուրացման փուլից կանցնի մուտքի ազատականացման փուլին (Visa Liberalization), որի ավարտին արդեն ՀՀ քաղաքացիները կստանան առանց վիզայի ԵՄ մուտք գործելու արտոնություն: Բայց ես չեմ կարող ասել, թե դա երբ կպատահի: Վիզային հարցերի համալիրը ներառված չի եղել ասոցացման բանակցություններում, եւ ներկա պահին էլ այն անջատ է ընթացող ԵՄ-ՀՀ բանակցություններից:

- Ներեցեք, խնդրում եմ, բայց ես չեմ կարծում, թե այդքան շատ հայեր են տեղափոխվել Ռուսաստան: Իհարկե, որոշ մարդիկ երեւակայական թվեր ասում են, բայց ես վստահում եմ ՌԴ մարդահամարի տվյալներին, համաձայն որի՝ Ռուսաստանում ապրում է մոտ մեկ միլիոն հայ, եւ նրանց գրեթե կեսը՝ Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերում, նույնիսկ գյուղական համայնքներում: Դա պետք է որ հիմնականում համշենահայերը լինեն, որոնք Սեւ ծովի ափերին են ապրում դարեր շարունակ՝ ցարիզմի ժամանակներից, գուցե դրանից էլ վաղ: Նաեւ 1988-89-ին Ադրբեջանից հարյուր հազարավոր հայեր ներգաղթեցին Ռուսաստան: Հետեւաբար, թե վիճակագրությամբ, թե թվաբանությամբ Հայաստանից Ռուսաստան ներգաղթած հայերը համեստ թիվ են կազմում: Այդ թիվն ինչ-որ չափով աճում է, եթե աշխատանքային միգրանտներին էլ հաշվենք, բայց նրանք ամեն տարի վերադառնում են: Եվ, ամեն դեպքում, ես անկարող եմ երեւակայել, որ վիզային պահանջը հանելու դեպքում Հայաստանից միգրանտների հոսքը ԵՄ հանկարծ կլինի զգալիորեն ավելի մեծ, քան նույն Մոլդովայից, Ուկրաինայից կամ Վրաստանից:

  • 2014-ից ի վեր մեկ միլիոն ուկրաինացի է տեղափոխվել Լեհաստան: Ինչ խոսք, նշված երկրներից նույնպես մեծ միգրացիա կա: Բայց խնդիրն այն է, որ այդ երեք երկրները՝ Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան, ստորագրել են ասոցացման համաձայնագրեր, եւ Բրյուսելը չի կարող նրանց ասել, թե մենք բացում ենք մեր սահմանները ձեր ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի համար, բայց ձեր մարդկանց առջեւ մեր դարպասները փակ ենք պահում: Հնարավոր չէ դա ասել, այդքանով էլ ասոցացման եւ մուտքի ազատականացման գործընթացը հարկադրում է ԵՄ սահմանները բացել եւ վիզային պահանջը վերացնել Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի քաղաքացիների համար:

- Շնորհակալություն, ես հասկացա, բայց հուսանք՝ այնուամենայնիվ, տեղաշարժ կլինի: Եվ իմ վերջին հարցը, որ վերաբերում է Հայաստանում ԵՄ գործունեության տեսանելիությանը: ԵՄ քաղաքականության, գործունեության մասին Հայաստանի քաղաքացիներին իրազեկելու համար միլիոնավոր դոլարներ են տրվում GOPA-Cartermill-ի կարգի ընկերությունների, որոնք տեղակայված են Բրյուսելում եւ զրո արդյունք են գրանցում: Այստեղ ինչ-որ բան չպե՞տք է արվի:

  • Համամիտ եմ, որ Հայաստանում ԵՄ-ն բավարար չափով տեսանելի չէ: Ինձ համար դա առաջնահերթ խնդիրներից է: Ես սկսել եմ այնտեղից, որ, ինչպես տեսնում եք, ինքս անձնապես հասանելի եմ հայաստանյան լրատվադաշտի հետ շփումների համար, եւ սա մաս է կազմում Հայաստանի քաղաքացիներին ավելի տեսանելի ու հասկանալի դառնալու ընդհանուր ջանքերին: Մենք նաեւ աշխատանքներ ենք տանում Հայաստանի կառավարության հետ, քանի որ ԵՄ աջակցության մեծ մասն տրամադրվում է հենց Հայաստանի բյուջեին ցուցաբերվող օժանդակության, հատկացումների տեսքով:

Հետեւաբար, ՀՀ կառավարությունը պետք է պարտավորված զգա, հասարակության համար տեսանելի դարձնել, որ Հայաստանում շատ գործեր արվում են ԵՄ գումարներով: Ինչպես գիտենք, կառավարությունը միշտ չէ, որ այդ մասին հոգ է տանում:

Օրինակ, վստահ եմ Հայաստանում շատ քիչ մարդիկ են տեղյակ, որ Հայաստանի տարբեր վայրերում 12 դատարանների շենքեր կառուցվել կամ վերանորոգվել են ԵՄ գումարներով: Կան բազմաթիվ այլ նման օրինակներ, երբ Եվրոպական Միությունն է գումարներ հատկացրել, բայց ոչնչից չի երեւում, չկա տեսանելի մի նշան, որ ծրագրերն իրականացվել են ԵՄ ֆինանսավորմամբ: Մենք կխրախուսեինք, որ Հայաստանի կառավարությունն ավելի շատ ցույց տար, թե ինչ է անում Եվրամիությունը:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սկիզբը՝ այստեղ

Մեկնաբանություն
X