Մայրցամաքներն` ինչպես ուռին ու բարդին

Մեր ժամանակների բնութագրիչներց մեկը գլոբալիզացիան է եւ դրա մի գրավչությունն էլ այն է, որ աշխարհն իր ողջ բազմազանությամբ տեսանելի է միաժամանակ՝ մի տեղ պատերազմ, ավիրածություներ ու զոհեր, մեկ այլ տեղ՝ մրցապայքար, սրամտություններ ու դրամաներ, երրորդ վայրում՝ քաղաքական ծրագրեր եւ վիճաբանություններ, չորրորդում՝ զանգվածային ոչնչացման զենքերի փորձարկումներ… Ընթացիկ շաբաթ Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում արձանագրված զարգացումները նման տարբերությունների կատարյալ դրսեւորում էին:

Սիրիայում

Մերձավոր Արեւելքում հարցերի հարցը, իհարկե, Սիրիան է: Անցյալ շաբաթավերջին Սիրիայում նորից ահաբեկչություններ եղան, Հոմսում եւ Դամասկոսում հարյուրավոր անձինք վիրավորվեցին եւ զոհվեցին: Էլ ավելի վաղ Մյունխենում ձեռք բերված հրադադարի համաձայնությունն էլ կյանքի չկոչվեց, բայց դիվանագետները, հերթական տապալումից չհուսահատվելով, ընթացիկ շաբաթվա սկզբին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմնից բանակցված հրադադարի նոր համաձայնությունից խոսեցին: Հրադադարը ուժի մեջ էր մտնում այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 00:00-ից, եւ նախատեսում է Մոսկվայի կողմից Սիրիայի չափավոր ընդդիմության եւ քաղաքացիական բնակչության ռմբակոծումների դադարեցում: Դրա արդյունքում, ակնկալվում է, որ չափավոր ընդդիմությունն էլ հարգի հրադադարը:

Սակայն համաձայնությամբ չեն դադարեցվում ISIS-ի դեմ ռազմական գործողությունները, իսկ Սիրիայում բոլորը, անկախ նրանից, թե իրականում ում դեմ են պատերազմում, անվանապես հայտարարում են, թե պայքարում են հենց ISIS-ի դեմ: Եվ հետո այդ համաձայնության մեջ, այնքան “եթե՝ ապա”-ներ են ներառված, որ շատերի կարծում են այս համաձայնությունն էլ մյունխենյանի նման կտապալվի դեռ չգործադրված: Բայց ինչպես նախագահ Օբաման է ասել. “Այո, ոչ ոք միամիտ չէ եւ ամենքս էլ գիտակցում ենք, որ համաձայնության գործադրումը թեական է, սակայն սա հնարավորություն է եւ պատմությունը մեզ խիստ կդատեր, եթե դիվանագիտական կարգավորման հնարավորությունը չօգտագործեինք”;

Տա աստված համաձայնագրի գործադրումը արագ չտապալվի: Տապալվելու դեպքում ոչ միայն “Սիրիայի աջակցության միջազգային խմբի” ջանքերը դարձյալ զուր կանցնեն, այլեւ Ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող սիրիական կարգավորման բանակացությունները մարտի 7-ին կարող են ուղղակի չվերսկսվել, եւ վերջապես, հրադադար չհաստատվելու դեպքում, ոչ միայն Ասադը, սուննիները եւ ISIS-ը, այլեւ ռուսները, թուրքերը, իրանցիներն ու սաուդցիներն էլ շուտով կթաղվեն Սիրիայում ընթացող պատերազմի մեջ: Սակայն համաձայնագրի տապալումը որքան էլ վտանգավոր լինի, երեկվա դրությամբ դր հաջողությանը հավատացողներ առանձնապես չկային:

ԱՄՆ-ում

Հակառակ Սիրիայում տիրող կատարյալ անորոշությանը, ԱՄՆ-ում այս շաբաթ վերջապես որոշակիություն երեւաց 2016-ի նախագահական ընտրություններում կուսակցական նոմինացիաների շուրջ ընթացող պայքարում: Անցյալ շաբաթավերջին Հարավային Կարոլինայի primaries-ից հետո ընտրարշավից դուրս եկավ Ջեբ Բուշը, ով կանգնած էր GOP (հանրապետականների) առաջատար եռյակի եւ մնացյալ թեկնածուների միջեւ: Բուշի հեռանալը նշանակեց, որ նրան հաջորդող թեկնածուներն այլեւս ռեալ հավակնորդ չեն եւ հանրապետական կուսակցության նոմինացիայի համար պայքարը ծավալվելու է Թեդ Քրուզի, Մարկո Ռուբիոյի եւ կատակերգուների սիրեցյալ Դոնալդ Թրամփի միջեւ:
Թրամփը մի քանի օր անց Նեւադայի primaries-ում շռնդալից հաղթանակ տոնեց՝ իրարանցման մատնելով ԱՄՆ ողջ հանրապետական կուսակցությանը, համենայն դեպս կուսակցության վաշինգտոնյան էսթաբլիշմենթին: Իհարկե էսթաբլիշմենթը սատարում է Մարկո Ռուբիոյին, բայց նրա երկու մրցակիցներն էլ կատարյալ սպառնալիք են, որովհետեւ ոչ Թեդ Քրուզն է հակված դիրքերը զիջելու, ոչ էլ սեփական “winning, winning , winning” կարգախոսի ի կատար ածվելուց արբեցած Դոնալդ Թրամփը: Ընդսմին չար լեզուներն ասում են, որ Վաշինգոտնի հանրապետական շրջանակներում Քրուզի՝ կուսակցության նախագահական թեկնածու դառնալը նույնքան անցանկալի են համարում, որքան Թրամփի՝ նոմինանտ դառնալը: Առջեւում մարտի 1-ն է, երբ միաժամանակ ԱՄՆ 11 նահանգներում, կայանալու են կուսակցական ընտրություններ, որոնց արդյունքում կուրվագծվի, թե Թրամփ-Քրուզ-Ռուբիո եռյակից ով է աուտսայդեր:

Դեմոկրատների ճամբարում, Թրամփ չկա, հետեւաբար ընտրաշավն էլ այնպես ուրախ չէ, ինչպես հանրապետականների ճամբարում: Այնտեղ մի պետքարտուղար է, մի սենատոր եւ ոչ մի ծաղրածու: Որոշ պայքար էլ կա, սակայն թվում է, առաջատարն ու ֆավորիտը Հիլարի Քլինթոնն է:

Եվրոպայում

Եվրոպայում, ի տարբերության ԱՄՆ-ի, ընտրարշավային զվարճությունների ժամանակ չէ: ԵՄ-ն սպասում է Brexit-ի (Britain’s exit՝ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու խնդրով) հանրաքվեին, որ ինչպես շաբաթվա սկզբին հայտարարեց վարչապետ Քամերոնը կկայանա հունիսի 23-ին:

Դեյվիդ Քամերոնը փառահեղ հաղթանակ տոնեց անցյալ շաբաթ, երբ Բրյուսելում երկու օր տեւած մարաթոնային բանակցությունների արդյունքում ԵՄ անդամ մյուս 27 երկրների հետ հասավ համաձայնությունների եւ Բրիտանիայի համար ստացավ զիջումներ բոլոր չորս ոլորներում, որոնց շուրջ բանակցում էր: Բրիտանիան, մասնավորապես, ամրապնդեց իր հատուկ կարգավիճակը Եվրամիությունում՝ ստանալով նոր, ամրագրվող իրավական երաշխիքներ եվրոգոտուն չմիանալու, Շենգեն գոտու հետ չմիավորվելու եւ ԵՄ ավելի սերտ քաղաքական ինտեգրմանը չմասնակցելու հարցերում:

Այժմ, վարչապետն Քամերոնը ինքը կղեկավարի ԵՄ-ում մնալու օգտին հանդես եկողների արշավը: Եթե հաշվի առնենք, որ լեյբորիստները միշտ էլ եղել եւ մնում են ԵՄ-ի հետ ինտեգրման կողմնակիցներ, եւ այժմ, վարչապետի Քամերոնի առաջնորդությամբ, նաեւ Tory-ների (պահպանողականների) մի մասն է հանդես գալու հօգուտ Եվրոպայում մնալու, թվում է “ԵՄ-ում մնալու” դիրքորոշումը հունիսի 23-ի հանրաքվեում կհաղթի:
Այդուհանդերձ Lոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունը, թե ինքը ընտրում է “ԵՄ-ից դուրս” դիրքորոշումը, ներբրիտանական պայքարը հանկարծ դարձրեց ավելի ինտրիգային, քան մնացյալ ԵՄ-ի հետ բանակցությունների եւ համաձայնությունների համար մինչ այժմ Քամերոնի մղած պայքարն էր: Թե որքանով է Ջոնսոնի դիրքորոշումը համոզմունքների արտահայտություն, որքանով կարիերայի հաշվարկ (որպեսզի հանրաքվեի տապալվելու, հետեւաբար Քամերոնի հրաժարականի պարագայում՝ ինքը ստանձնի Tory-ների առաջորդի եւ վարչապետի պաշտոնը), դժվար է ասել:

Հուսադրող է, սակայն այն, որ Բրիտանիայի ազդեցիկ ֆինանսիստներն ու գործարարները, այնուհետ երկրում հեղինակություն վայելող նախկին բարձրաստիճան զինվորակնները շաբաթվա ընթացքում հրապարակած բաց նամակներով սատարեցին ԵՄ-ում մնալու դիրքորոշմանը: Ի վերջո, եթե ճշմարտություն կա ալեգորիայիում, թե Հունաստանը Եվրոպայի ծննդյան վկայականն է, Միացյալ Թագավորությունն էլ, արդեն մի քանի դար գրեթե Եվրոպայի անձնագիրն է՝Իտալիային, Գերմանիային, Ֆրանսիային, Իսպանիային հավասար՝ եթե ոչ ավելի:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X