Թեհրանում ստացել են 30 մանդատից 30-ը

Փետրվարի 26-ին Իրանում կայացան խորհրդարանական եւ Հոգեւոր խորհրդի ընտրություններ: Երեկ երեկոյան Իրանի ներքին գործերի նախարարությունն ամփոփել էր ընտրությունների նախնական արդյունքները, սակայն դրանք ավելի քան տպավորիչ են՝ մայրաքաղաք Թեհրանին հատկացված 30 խորհրդարանական մանդատներից բոլոր 30-ը շահել են բարեփոխիչները եւ չափավորները: Պահպանողականները չեն կարողացել գեթ մեկ մանդատ ստանալ:

Իրանում չկան կուսակցություններ, սակայն հասարակությունը եւ խորհրդարանի 290 մանդատներին հավակնող շուրջ 6 հազար թեկնածուները տարերայնորեն բաժանված էին բարեփոխիչների, նրանց հարող չափավորների եւ բարեփոխիչներին ընդդիմացող պահպանողականների: Ըստ երեկ հայտնած տվյալների՝ խորհրդարանի 290 մանդատներից 85-ը բաժին է հասել բարեփոխիչներին, 73 մանդատ՝ չափավորներին, որոնք բարեփոխիչների հետ նույն ճամբարում են, եւ մանդատների շուրջ 20 տոկոսն ստացել են պահպանողականները, որոնք հանդես էին գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերցնյակի հետ կնքված համաձայնագրի դեմ: Եվս շուրջ 50 մանդատների ճակատագիրը կորոշվի ապրիլին, երբ որոշ բնակավայրերում կանցկացվեն կրկնակի ընտրություններ կամ ընտրությունների երկրորդ փուլ:

Ամեն պարագայում, արդեն պարզ է, որ բարեփոխիչները՝ ներկաիս նախագահ Հասան Ռոհանիի, եւ չափավորները՝ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի առաջնորդությամբ, որոշիչ մեծամասնություն են ստացել խորհրդարանում: Ինչն ավելի էական է. ըստ հաղորդումների, Ռոհանիի եւ Ռաֆսանջանիի ճամբարը կատարյալ հաղթություն է տոնել նաեւ Հոգեւոր խորհրդի ընտրություններում, որի անդամ 88 աստվածաբանները նշանակում են երկրի հոգեւոր առաջնորդին: Իհարկե, Իրանի բարեփոխիչները միայն պայմանականորեն եւ համեմատության մեջ են բարեփոխիչ, առավել եւս՝ չափավորները հեռու են պահպանողականների հակապատկեր լինելուց, սակայն նրանց հաղթանակը ցույց է տալիս, որ իսլամական հեղափոխության երկրպագուների շարքերն անշեղորեն նոսրանում են:

Իրանում, ավանդաբար, պահպանողականների միջնաբերդ են համարվում շիա հոգեւորականները եւ հեղափոխության գեներալները: Հոգեւորականների ինստիտուցիոնալ ամենազորեղ կառույցը Հոգեւոր խորհուրդն է՝ զինվորականների ամենաազդեցիկ կառույցն Իրանի հեղափոխության պահապանների գունդը: Հետեւաբար, արտաքին աշխարհի համար ամենից էականն այն է, թե փետրվարի 26-ի ընտրությունների արդյունքներն ինչպես կանդրադառնան Հոգեւոր խորհրդի, վերջինիս կողմից ընտրվող Իրանի հոգեւոր առաջնորդի եւ վերջնահաշվում միայն այդ առաջնորդին ենթարկող Հեղափոխության պահապանների գնդի գործունեության վրա:

Գուցե Իրանի ներսում մարդկանց առավելապես հուզում են տնտեսական դժվարությունները, իրենց ազատությունների սահմանափակումները, եւ նրանք բարեփոխիչներին են ընտրել՝ հուսալով ինտեգրվել աշխարհին, ստանալ տնտեսական բարգավաճման հնարավորություններ եւ ավելի շատ ազատություններ: Սակայն Իրանի սահմաններից դուրս շատ ավելի էական է, թե 1979-ի Իսլամական հեղափոխությունից ի վեր մահմեդական աշխարհը լուսավորելու առաքելություն ստանձնած Իրանի այաթոլլաները եւ նրանց ազդեցությունը տարածող Հեղափոխության պահապանների գունդը, որ իրենց առաքելության արդյունքում ոչ այնքան մահմեդական աշխարհն են հավատափոխել, որքան al-Quds Force-ի հովանու ներքո շիաների զինյալ խմբավորումներ են ձեւավորել եւ ողջ Մերձավոր Արեւելքը վերածել սուննի-շիա բախումների թատերաբեմի, ընտրություններից հետո արդյոք կվերանայե՞ն իրենց առաքելությունը եւ ծրագրերը:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X