Արվեստն ու կանանց խնդիրները

Մարտի 9-ին Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը ART+X ձեւաչափով ընդունելություն էր: Միջոցառումներում հաստատունը ART-ն է՝ արվեստը, որ հիմնականում ներկայանում է կերպարվեստի ճյուղով, իսկ X-ը՝ անհայտը, հանրային կարեւորություն ունեցող թեման է, որի մասին կարճ խոսք է ասվում, եւ հրավիրյալ անձ է լինում: Երեկ դեսպանատան սրահներում ցուցադրված էին երեւանցի նկարչուհի Դիանա Հակոբյանի գործերը, որը 2004-ից ի վեր իր ստեղծագործություններով մրցույթների, ցուցահանդեսների է մասնակցում թե Հայաստանում, թե արտերկրում: Իմ տպավորությամբ, Դիանան ստեղծագործում է 20-րդ դարի կեսերի կերպարվեստի ժանրերում՝ ֆուտուրիզմ, կոնստրուկտիվիզմ, մինիմալիզմ, պոպ-արտ: Հաճելին այն է, որ կտավներում տեսանելի են նաեւ նկարչուհու «ես»-ը եւ ինքնատիպությունը: Գալով X-ին՝ հանրային կարեւորության թեմային, երեկվա հյուրը Հայաստանում գործող «Տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության խորհրդի» ղեկավարն էր՝ Աստղիկ Միրզախանյանը, որի խոսքից պարզ դարձավ, որ իրենց կազմակերպությունը խորհրդային ժամանակների կանանց խորհուրդներին փոխարինած կառույց է: Համարելով, որ կանանց խնդիրները՝ թե պատճառների, թե լուծումների մասով, զգալիորեն կախված են տղամարդկանցից, խորհուրդն իր աշխատանքներում ընդգրկել է նաեւ տղամարդկանց եւ ջանքեր է գործադրում սեռերի իրավահավասարություն ապահովելու ուղղությամբ՝ օրենսդրական առաջարկներից մինչեւ հանրային ձեռնարկումներ: Գերմանիայի դեսպանը՝ Մաթիաս Քիսլերը, ողջույնի խոսքով հանդես եկավ եւ ներկայացրեց Դիանա Հակոբյանին ու Աստղիկ Միրզախանյանին: Ընդունելությանը ներկա էին նաեւ Հայաստանում Ֆրանսիայի, Լիտվայի դեսպանները, այլ դիվանագետներ, արվեստագետներ, հանրային ֆիգուրներ, լրագրողներ: Անգամ դեսպանի փոքրիկ որդին՝ Ֆերդինանդն էր ներկա, որը ծնվել է անցյալ տարի:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X