Զուգահեռներ

Թերթելով անցյալի քաղաքային մամուլը (մասնավորապես՝ Երեւան քաղաքի), ծանոթանալով խմբագրականների, վերլուծությունների, կարճ լուրերի եւ հայտարարությունների բնագրերին, ոչ միայն բացահայտում ես տվյալ ժամանակաշրջանի բարքերը, նիստուկացը, գործող իշխանական համակարգի կառուցվածքը, այլեւ պարզում ներկան, ներկայի ողջ համահավաք դրությունը, կուզեք՝ հասարակության քիչ վերափոխված հայելային արտանկարը.

«Երեւանի քաղաքային ընտրությունները պետք է ամենից առաջ երեւան հանեն այն հանգամանքը, թե մեր հասարակությունը, որ այդքան տքտքում է կյանքի ծանրության տակ եւ գանգատվում պատմության հարվածներից, արդյոք ըմբռնո՞ւմ է քվեի - այս երկրասասան լծակի ուժը՝ մոտենալով քվեատուփին իբրեւ դեմոկրատ, թե՞ այս բոլոր դասերից հետո անտարբեր մի կողմ է քաշվում, իբրեւ ընտրական դասալիք՝ հեռվից դիտելու հետաքրքրական թամաշան»: Մեջբերված սույն հատվածը «Կայծ» օրաթերթի խմբագրականից է, որ գրվել է 1918 թվականին:

Կամ այս քննադատական երգիծական բնագիրը՝ գրված «Երեւանի հայտարարություններ» պարբերականում, այժմ անհավանական թվացող 1883-ին.

«Ո՛չ, ո՛չ, հեռացե՛ք բոլորդ… հեռացե՛ք, ծույլ երեւանցիներ… հեռացե՛ք եւ դուք, չորացած փողոցներ… ձեր երկու կողմից հոսող առուները թող տապակեն ձեզ ծարավից, թող ժլատ երկինքը հարյուր անգամ որոտա եւ մի կաթիլ անձրեւ չուղարկի, թող վարչությունը քաղաքային իր երկնային ամենակարող անզորությամբ շնչասպառ անի ձեզ վրա պտտողներին… Օ՜, Աստված իմ, Տեր իմ, շունչս… շունչս սպառվում է… ահա, ահա, իմ առջեւ պատկերվում է երեւանցիների անհոգությունն իրենց առողջության հանդեպ… բայց, տեր իմ, այս ի՞նչ է… ահա՛, մեռնում է տան տերը շոգից եւ թոզից… առվից զլանում է հովացնել իր տան առաջը… Օ՛հ, թշվառությանս. Եղո՜ւկ… ո՞ւր եմ ես… ավա՜ղ, միտքս շփոթվում է… ի՞նչ եմ տեսնում. երա՞զ է այս, թե՞ իրականություն…»:

Փաստորեն, աղբն ու աղբահանությունը մեզ համար, կարելի է ասել, «հավերժական» խնդրո առարկա են, մի մեծ, անսպառ թեմա: Եթե մեր ժամանակներում վատ կազմակերպված աղբահանության համար մենք ավելի շատ բողոքում ենք քաղաքապետարանից, ապա այստեղ հրապարակախոսը քննադատում է շրջակա միջավայրի հանդեպ հենց երեւանցիների փնթիությունն ու անտարբերությունը: Եվ անկեղծ լինենք՝ այս քննադատության մեջ ճշմարտության հատիկ կա: Այսօր, երբ Երեւան քաղաքում գրեթե հին շենքեր չեն մնացել, երբ դրանց փոխարեն հառնում են ամորֆ ու անդեմ բնակելիներ, պատճառներ փնտրելով՝ մենք ժամանակ առ ժամանակ մոռանում ենք, որ քաղաքի հանդեպ խիստ նույնանման վերաբերմունք եղել է նաեւ անցյալում, եւ դրա մասին վկայում է մամուլը: Քաղաքային մամուլը Երեւանի կեցության, նրա հասարակական-քաղաքական, մշակութային կյանքը հասկանալու իսկական բանալի է, մի վավերագրություն, որից կարող են օգտվել բոլորը:

Արամ ՊԱՉՅԱՆ

Մեկնաբանություն
X