«Ձայներ մենությունից»

Բորիս Պաստեռնակ, Ռայներ Մարիա Ռիլկե, Մարինա Ցվետաեւա… 20-րդ դարի պոեզիայի ամենաերեւելի ու կարեւոր հեղինակների հռչակավոր նամականին կարող եք ընթերցել հայերեն՝ Կարինե Մեսրոպյանի թարգմանությամբ: «Ձայներ մենությունից» նամակների ժողովածուի խմբագիր Հակոբ Մովսեսն իր առաջաբանում գրում է. «Ահա, հոգիների վերհուշային ծանոթության այս վավերագրերը մեր առջեւ բացում են անասելի պահեր… Նաեւ նամակը՝ իբրեւ գրականության բարձրագույն ժանր, նամակը՝ իբրեւ երազի - եւ երազանքի - ձեւ, նամակը, իբրեւ բացառիկ գիր, որովհետեւ հիշողություններ կան, որ հուշագրություն չեն դառնում, եւ դեպքեր ու իրադարձություններ կան, որոնք միայն ու միայն նամակի մեջ կարող են տեղի ունենալ… Նամակներ կան, որոնք ասես համբույրներ լինեն,- անջնջելի համբույրներ, որի ժամանակ զրույցը միայն բերանից կարող է քաշվել…»:

Մարինան Ռիլկեին հասցեագրած նամակում գրում է.
«Դուք իմ ամենասիրելի բանաստեղծը չեք («ամենասիրելին» աստիճան է), Դուք բնության երեւույթ եք, որը չի կարող իմը լինել, երեւույթ, որը ոչ թե սիրում, այլ զգում ես ողջ էությամբ, կամ (դա ամե՜նը չէ) Դուք հինգերորդ տարերքն եք, հենց ինքը՝ պոեզիան, կամ (դա ամե՜նը չէ) Դուք նա եք, որից ծնվում է պոեզիան, եւ որն ավելին է, քան Դուք: Խոսքը Ռիլկե-մարդու մասին չէ (մարդն այն է, ինչ մենք դատապարտվա՜ծ ենք լինելու), այլ Ռիլկե-հոգու, որն ավելին է, քան բանաստեղծը, եւ հենց այդ պատճառով է ինձ համար Ռիլկե կոչվում, Ռիլկե՝ գալիքից: Դուք պետք է Ձեզ նայեք իմ աչքերով. նրանց ընդգրկումով Ձեզ ընդգրկեք, ինչպես ես եմ Ձեզ նայելիս ընդգրկում Ձեզ ամբողջությամբ: Ձեզանից հետո ի՞նչ է մնում անել բանաստեղծին: Կարելի է հաղթահարել վարպետին (օրինակ՝ Գյոթեին), բայց հաղթահարել Ձեզ՝ նշանակում է (կնշանակեր) հաղթահարել պոեզիան: Բանաստեղծը նա է, ով հաղթահարում է (պետք է հաղթահարի) կյանքը: Դուք անհաղթահարելի խնդիր եք ապագա բանաստեղծների համար: Ձեզնից հետո եկող բանաստեղծը պետք է հենց Դուք լինեք, այսինքն՝ Դուք պետք է մեկ անգամ էլ ծնվեք: Դուք վերադարձնում եք բառերին իրենց նախնական իմաստը, իսկ իրերին՝ իրենց նախնական բառերը (արժեքները)»*:

Ռիլկեն Մարինային հղել է այսպիսի տողեր.
«Բանաստեղծուհի՛, զգո՞ւմ ես արդյոք, թե ինչքան ուժեղ ես տիրել ինձ (դու եւ քո օվկիանոսը, որ այնպես սքանչելի կարդում էր քեզ հետ). ես գրում եմ այնպես, ինչպես դու ես գրում, հար եւ նման քեզ. ես իջնում եմ խոսքից մի քանի աստիճան ներքեւ՝ դեպի փակագծերի կիսամութը, ուր այնպես ճնշում են կամարները, եւ տեւական է բուրմունքը վարդերի, որոնք ծաղկում էին ինչ-որ ժամանակ: Մարինա՛, ես այնպե՜ս եմ մխրճվել քո նամակի մեջ: Եվ ապշեցուցիչ է, որ զառերի նման նետված քո բառերն ընկնում են ցած, ընկնում արդեն հայտարարված թվից եւ մեկ աստիճան ներքեւ ու ցույց են տալիս մեկ այլ՝ ավելի ճշգրիտ եւ վերջնական թիվ (հաճախ՝ ավելի մեծ): Սիրելի՛ս, մի՞թե դու չես բնության ուժը, այն, որ հինգերորդ տարերքի հետեւում է կանգնած՝ հրահրելով ու ճնշելով նրան: Եվ նորից ես զգացի՝ կարծես բնությունն ինքը քո ձայնով ինձ ասաց՝ այո՛, ասես ինչ-որ համաձայնությամբ արբած մի այգի, որի կենտրոնում շատրվանն է եւ ուրիշ էլ ի՞նչ, բացի արեւային ժամացույցից: Օ՜, ինչպես ես դու բարձրանում եւ պարուրում ինձ՝ քո ծաղկող խոսքերի բարձր բոցենիներով: Բայց խոսքը, հաստատում ես դու, չի վերաբերում Ռիլկե-մարդուն. ես ինքս էլ հիմա անհաշտ եմ նրա հետ, նրա մարմնի հետ. նախկինում նրա հետ կարող էի հասնել այնպիսի խոր ներդաշնակության, որ հաճախ չգիտեի, թե բանաստեղծությունն ում է ավելի հեշտ տրվում՝ ի՞նձ, նրա՞ն, թե՞ մեզ երկուսիս»:

Ցվետաեւան՝ Պաստեռնակին․
«Դուք մի՛ վախեցեք: Սա ընդամենը այսպիսի նամակ է: Չէ որ ես Ձեզնով տարվելուց ոչ հիմարացա եւ ոչ էլ աղքատացա: Ձեզ համար ծանր է ոչ միայն իմ գնահատականը, այլեւ վերաբերմունքը, Դուք դեռ չեք հասկանում, որ օժտված եք: Համեստ կլինեմ: Ոչ բանաստեղծություններում: Բայց բանաստեղծություններում ներո՛ղ եղեք: Ի՛մ Պաստեռնակ, գուցե երբեւէ Ձե՛ր շնորհիվ ես իսկապես մեծ բանաստեղծ լինեմ: Չէ՞ որ անհրաժեշտ է, որ ես չափազանց մեծ բան ասեմ Ձեզ. պատռե՛մ կուրծքս: Զրույցում դա արվում է լռելյայն: Իսկ իմ ունեցածը միայն գրիչն է»:

Ռիլկեն մահանում է Վալմոնտի առողջարանում՝ սպիտակարյունություն կոչվող հազվադեպ հիվանդությունից: Մարինան ինքնասպան է լինում՝ հյուծված ու միայնակ:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X