Թուրքիան վերածվում է Սիրիայի

Վաղը՝ 2016թ մարտի 20-ին, թերեւս, Թուրքիայի ներկա հանրապետության պատմության մեջ ամենամեծ փորձություներից մեկն է լինելու: Նախագահ Էրդողանի համար վաղը գրեթե լինել-չլինելու խնդիր է լուծվում: Արդեն մի շաբաթ ոչ միայն Թուրքիայի ազգային անվտանգության առնչվող ատյաններում, այլեւ անգամ լրատվադաշտում տեղեկություններ են պտտվում, որ մարտի 20-ին Թուրքիայում ահաբեկչական գործողությունների շարք է իրականացվելու:

Քրդերը գրում են Թուրքիայի պատմությունը

Որքան էլ Էրդողանը խոստանում է ու երդվում ահաբեկչությանը հաղթել, նրա խոսքերին հավատացող դժվար է գտնել: Եթե ընդամենը մեկ ամիս առաջ՝ փետրվարի 17-ին, Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում իրականացված ահաբեկչությունից եւ դրա հետեւանքով բարձագույն աստճանի բարձրացված անվտանգության միջոցառումներից հետո, մայրաքաղաքի գրեթե նույն թաղամասում, կառավարական շենքերից ընդամենը “բղավոցի հեռավորության վրա” մարտի 13-ին ավելի հզոր պայթյուն է որոտում՝ թողնելով տասնյակ դիակներ ու հարյուրավոր վիրավորներ, ահաբեկչությանը հաղթելու Էրդողանի երդումները ինչ-որ մանտրա են թվում: Մինչդեռ քաղաքականությունը աուտոթրեյնինգ չէ, որ մանտրա կրկնելով արդյունք արձանագրվի:
Ավելի խորը խնդիրը, սակայն, այն չէ, որ նախագահ Էրդողանը չի կարողանում երկիրը ահաբեկչությունից պաշտպանել, այլ այն, թե ինչպես է նա հակազդում ահաբեկչությանը: Մարտի 13-ի ահաբեկչության հաջորդ օրը, մանավանդ որոշ տվյալների ստացվելուց հետո, թե ահաբեկիչները եղել էին PKK-ի անդամներ կամ համակիրներ, Էրդողանը հայտնի ասացվածքի ոգով “աչքերը փակեց, բերանը բացեց” եւ աջուձախ PKK-ին հրթիռակոծելու հրաման արձակեց:

Իհարկե, PKK-ն արժանի է գնդակոծվելու, բայց քաղաքականությունը ոչ միայն աուտոթրեյնինգ չէ, քաղաքականությունը նաեւ դատարան չէ, որ դատավճիռներ արձակես ու դիմացինդ էլ ենթարկվի: Այն պարզ պատճառով, որ դիմացդ ձեռնաշղթաներով դատապարտյալ չէ, այլ քեզ դիմակայող հակառակորդ: Հետեւաբար ցանկացած քայլ կատարելիս պետք է հակաքայլը հաշվարկել: Եթե Էրդողանը հրամայել էր եւ մարտի 14-ին Թուրքիայի զինուժը երկրի հարավ-արեւելքում ու Իրաքում աջուձախ գնդակոծում էր PKK-դիրքերը, ի՞նչ հակաքայլ է մնում PKK-ին: Ինքնաբերաբար, նոր ահաբեկչությունները:

Այժմ համարյա նույն մարտի 14-ից կրկնվում է, որ մարտի 20-ին մայրաքաղաք Անկարայում, հնարավոր է, միաժամանակ նաեւ այլ քաղաքներում, ահաբեկչությունների շարք է իրականացվելու: Եթե մարտի 20-ին մոտակա օրերին Թուրքիայում, մանավանդ մայրաքաղաք Անկարայում իրոք պայթյուներ որոտան, ապա դժվար կլինի հավատալ, թե այլեւս Թուրքիային ինչ-որ բան կփրկի Սիրիայի վերածվելուց: Եթե այս անգամ էլ Էրդողանը ահաբեկչություններից հետո բռունցքները թափ տա, ռազմաօդային ուժեր ուղարկի քրդերին սահմանի եւ այս եւ այն կողմում ռմբակոծելու, սակայն անկարող գտնվի բուն ահաբեկչությունները կանխել, ապա դժվար կլինի հավատալ, թե քրդերի եւ իշխանության միջեւ չհայտարարաված պատերազմը չի վերածվի բացահայտ հայտարարվածի:

Թուրիքիայի դեպքում դա գրեթե քաղաքացիական պատերազմ կդառնա, որտեղ թուրքական հրթիռներն ու քրդական մահապարտները նույնական արդյունավետություն կունենան, ինչպես Սիրիայի իշխանական բանակ-զինյալներ հակամարտությունում:
Սակայն ահաբեկչությունները միակ սպառնալիքը չեն Թուրքիայի անվտանգության եւ լինելության համար: Ահաբեկչություները իրենց ազդեցությամբ արագ գործողության ականներ են: Մինչդեռ երեկ կարծես նաեւ Թուրքիյում դանդաղ գործողության ականը գործի դրվեց, այս անգամ Եվրոպայի կողմից եւ փախստականների տեսքով:

ԵՄ-ն խարխլում է Թուրքիան

Երեկ ԵՄ խորհդի պաշտոնական կայքէջում հրապարակվեց ԵՄ-Թուրքիա հայտարարությունը՝ փախստականների ճգնաժամը հանգուցալուծելու հարցով: Հայտարարությունը ամփոփում է համաձայնեցված գործողություների պլանը եւ ունի չորս գլխավոր կետ:

Առաջինը եւ ամենաէականը. բառացիորեն այսօրվանից՝ 2016թ. մարտի 20-ից Թուրքիան սկսում է ետ ընդունել Թուրքիայից Հունաստան անցած անօրինական փախստականներին, որոնք ըստ հնչող տեղեկությունների, կազմում են հարյուր հազարներ: Սիրիայից բացի բոլոր մյուս երկրներից Թուրքիա ժամանած եւ Հունաստան անցած անօրինական փախստականներին Թուրքիան ետ է ընդունում եւ նրանց համար հետագա հոգածությունը Թուրքիայի խնդիրն է; Սիրիայից Հունաստան հասած ամեն վերադարձվող փախստականի փոխարեն ԵՄ-ն Թուրքիայում գտնվող սիրիական փախստակաների ճամբարներից կընդունի այնտեղ ապաստանած սիրիացիների, մինչեւ վերջիններիս թիվը հասնի 72 000: Այդ քվոտան չի ավելացվելու:

Թուրքիայում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարների նաեւ վերադարձվող մյուս փախստականների խնդիրների համար ԵՄ-ն կշարունակի հատկացնել պայմանավորված երեք միլիարդ եվրոյա աջակցությունը՝ դրանք ուղղելով ճամբարներում սննդի, կրթության, կյանքի պայմանները բարելավելու ծրագրերի, որոնք ԵՄ մոնիտորինգի ներքո են: Եթե ընդհանուր իրավիճակը Մերձավոր Արեւելքում չբարելավվի, ապա 2018-ին ԵՄ կարող է եւս երեք միլիարդ հատկացնել Թուրքիային:

Փոխարենը այն, ինչ Դավութօղլուն ցանկանում էր ներքին լսարանի առջեւ վաճառել որպես “Կեսարյում ծնվածի իր բնածին առեւտրային տաղանդով” ԵՄ-ի հետ բանակցություններում արձանագրած ձեռքբերում, Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզայի պահանջը վերացնելու խոստումն է: Երեկվա տեքստից թվում է խոստումը թղթին էլ կմնա: Որպեսզի վիզային ռեժիմը վերացվի Թուրքիան պետք է նախ 72 կետից բաղկացած պահանջները կատարած լինի: Անցած մի քանի տասնամյակում Թուրքիային հաջողվել է պահանջվածի կեսը 35 կետը իրականացնել: Ընդ որում եթե մինչեւ ապրիլի վերջը Թուրքիան մի հրաշքով հասցնի բոլոր պահանջների կատարման մասին զեկուցել, դրանից հետո Եվրոպական հանձնաժողովը խնդիրը կտեղափոխի Եվրոպայի խորհուրդ եւ խորհրդարան: Իսկ խորհրդարանում արդեն մի թեթեւ քննարկել են եւ գրեթե համատարած դեմ են արտահայտվել Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը: Անհավատալի է, որ 72 կետի պահանջները Թուրքին մինչեւ ապրիլի վերջը կատարի եւ հարցը հասնի ԵՄ խորհրդարան, բայց եթե հասնի, թվում է, այնտեղ էլ կքնի:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X