Քաղաքագրություն. Առաջին, Երրորդ մաս, Կանազ

Այս անունները հաճախ են հնչում մեր ականջին։ Ամեն օր տրամվայ նստելիս կամ հաջորդ տրամվային սպասելիս լսում ենք. «Տրամվայը գնում է Առաջին մաս», կամ թե. «Առաջին մասով՝ Երրորդ մաս»։ Հարց է առաջ գալիս, թե որտեղից են գալիս այդ անունները, ինչո՞ւ չկա Երկրորդ մաս, կամ, գուցե, եղել է նաեւ Չորրորդ մաս։ Այո, իրականում եղել են չորս մասերն էլ, բայց մնացել են միայն երկուսը՝ «Առաջին մաս» եւ «Երրորդ մաս» անունները։

Նախ ասենք, որ այդ անունների առաջացումն անմիջապես կապված է քաղաքում ծավալվող շինարարական տեղամասերի շահագործման հերթականության հետ։ Դա կատարվել է այսպես. 1932 թվականին Երեւան քաղաքի հարավ-արեւմտյան մասում, այլ խոսքով՝ ներկայումս «Կաուչուկ» անունը կրող թաղամասում, ծավալվեցին շինարարական մեծ աշխատանքներ։ Այդ աշխատանքներն առաջին հերթին կապված էին սինթետիկ կաուչուկի արտադրության ստեղծման հետ։ Երեւանում սինթետիկ կաուչուկի գործարան կառուցելու համար ծավալվեցին շինարարական խոշոր աշխատանքներ։ Բնական է՝ այդ նպատակով պետք է կառուցվեին նաեւ բնակելի եւ օժանդակ շենքեր։ Այստեղից էլ հերթականությամբ ստեղծվեցին շինարարական տեղամասեր՝ «առաջին մաս», «երկրորդ մաս», «երրորդ մաս» եւ, վերջապես՝ «չորրորդ մաս» անուններով։ Շինարարությունն ավելի շատ ծավալվեց առաջին եւ երկրորդ մասերում։ Եվ քանի որ առաջին մասում (շինարարական տեղամասում) կաուչուկի գործարանն էր կառուցվում, իսկ երրորդ մասում ծավալվել էր բնակելի շենքերի շինարարությունը, այդ պատճառով քաղաքի թաղամասերի շարքում հավերժացան եւ պատմական անուններ դարձան «առաջին մաս» եւ «երրորդ մաս» անվանումները։ Երկրորդ մասում գնում էր ներկա Խրոմպիկի գործարանի շինարարությունը։ Ինչ վերաբերում է չորրորդ մասին, ապա դա, փաստորեն, Առաջին մասի շարունակությունն էր, ուր գտնվում էին օժանդակ շենքեր։ Հետագայում տեխնոլոգիան փոխվելու հետեւանքով Խրոմպիկի գործարանն անջատվեց, եւ «երկրորդ մաս» անունն էլ դուրս եկավ գործածությունից։ Իսկ չորրորդ մասը, որն առաջին մասի շարունակությունն էր, ժամանակի ընթացքում ձուլվեց նրա հետ։

Կանազ

Երեւան քաղաքի թաղամասերից մեկը կոչվում է Կանազ։ Այս անունը պատկանում է հապավումային ձեւով առաջացած աշխարհագրական անունների թվին, որոնց կարելի է հանդիպել շատ քաղաքներում։ Այդ անուններն ավելի շատ կապված են արդյունաբերական կամ շինարարական օբյեկտների հետ։ Երեւանում այդպիսի հապավումային տեղանուններից է «Կանազ»-ը։ Երեւանում այս անվան առաջացումը կապված է ալյումինի արդյունաբերության ստեղծման պատմության հետ։ Ինչպես հայտնի է, ալյումինն ստացվում է բոքսիտից, որն իր արտաքին տեսքով շատ նման է գորշ կավին։ Բոքսիտից ստացվում է ալյումինի օքսիդ (глинозем) եւ ապա, էլեկտրականության միջոցով՝ ալյումին։ Հայտնի է, որ արդյունաբերության այս ճյուղը պահանջում է մեծ չափով էլեկտրական էներգիա, եւ բնական է, որ դրա արդյունաբերությունը սովորաբար ստեղծվում է այնտեղ, որտեղ որ կա ավելի էժան էլեկտրաէներգիա։

Ալյումինի գործարանի հիմքը դրվեց 1939 թվականին, Երեւանի հյուսիսային մասում, Քանաքեռ բնակավայրի հողամասում։ Այն ժամանակ, երբ գործարանը հիմնադրվեց, Քանաքեռը դեռ միացած չէր Երեւանին։ Դրանից բաժանվում էր ավելի քան յոթ կիլոմետր տարածությամբ։ Քանաքեռը վարչական առանձին միավոր էր եւ համարվում էր Կոտայքի շրջանի կենտրոնը։ Ահա, այդ բնակավայրերի սահմանում էլ կառուցվեց ալյումինի խոշոր գործարան, որը, բնականաբար, պետք է կոչվեր Քանաքեռի ալյումինի գործարան։ Գործարանը, լինելով միութենական մասշտաբի եւ ենթարկվելով ՍՍՀՄ գունավոր մետալուրգիայի մինիստրությանը, ավելի շատ հայտնի դարձավ ռուսերեն հապավումով։

Այսինքն՝ «ԿԱՆԱԶ», որը ռուսերեն «Канакерский алюминиевый завод» անվանման հապավումն է։ «ԿԱՆԱԶ» հապավումը դարձավ նաեւ գործարանի մակնիշը։ Ի դեպ, ալյումինի արդյունաբերության նման հապավումով ստեղծված գործարանի անուն կա Ուրալում եւ կոչվում է «ՈՒԱԶ», այսինքն՝ Ուրալի ալյումինի գործարան։ Հետագայում «Կանազ» անունը տարածվեց գործարանին կից կառուցումների եւ ապա ամբողջ շրջակայքի վրա։ Ներկայումս այդ անունով, փաստորեն, կոչվում է Երեւան քաղաքի թաղամասերից մեկը։ Այնպես որ, «Կանազ»-ը ներկայումս դարձել է երեւանյան հասկացություն, ներկայացնելով ոչ միայն ամբողջական կոմպլեքս, ընդգրկելով գործարանն ու դրա օժանդակ շենքերը, այլեւ մի ամբողջ թաղ։

Կ. Մ. Ավետիսյան

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X