Միջնադարյան գեղագիտական մտքի իմաստասիրություն՝ պաշտոնյաների «թխած» թեկնածուականների ֆոնին

Բանաստեղծ Կարինե Աշուղյանի «Փիլիսոփայական և գեղագիտական միտքը 13-14–րդ դարերի հայ քերականության մեկնություններում» թեմայով փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը երեկ կայացավ աշխույժ քննարկման և գիտական հետաքրքրաշարժ բանավեճի մթնոլորտում: Պաշտոնական ընդդիմախոսների՝ փ.գ.դ, պրոֆեսոր Ս. Զաքարյանի, փ.գ.թ, դոցենտ Ս. Պետրոսյանի, առաջատար կազմակերպության՝ Հայաստանի տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փ. գ. դ., պրոֆեսոր Ա. Սարգսյանի կարծիքներում արձանագրված էր, որ չնայած դիտողություններին և նկատառումներին, կատարված է իսկապես արժեքավոր և միանգամայն ինքնուրույն աշխատանք: Բանախոսները նշում էին, որ 13-14–րդ դդ. հայ քերականական մեկնություններին փիլիսոփայական և գեղագիտական դիտակետից անդրադառնալը նոր լույս է սփռում հայոց ազգային հոգեմտավոր արժեքների, ի մասնավորի միջնադարյան մշակույթի և գիտության պատմության վրա, քանի որ քերականական ձեռնարկներ լինելով հանդերձ՝ որպես յուրատեսակ հանրագիտարաններ և կազմում են հայ փիլիսոփայության և գեղագիտության պատմության անկապտելի մասը:

Իբրև գիտական նորույթ՝ նշվում էր, որ հիմնախնդիրը քննարկելով պատմաշրջանի մշակութային, քաղաքական և կրոնադավանաբանական, մասնավորապես միարարական և հակամիարարական շարժման համապատկերում՝ ատենախոսը առաջադրել է այն դրույթը, որ քերականական մեկնությունները միաժամանակ նաև հայ փիլիսոփայական և գեղագիտական մտքի կարևոր սկզբնաղբյուրներ են և կարող են հայագիտական նոր հետազոտությունների ասպարեզ բացել: Վերլուծելով միջնադարում «փիլիսոփայության հիմնական հարցի» կարգավիճակ ունեցող հիմնախնդրի՝ նոմինալիզմի և ռացիոնալիզմի միջև ծավալված բանավեճում հայ քերականների դրսևորած դիրքորոշումը, Կ. Աշուղյանը եզրակացնում է, որ դավանաբանական խնդիրներում հակամարտ՝ հակամիարարներ Վարդան Արևելցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացի-Պլուզը և միարարներ Հովհաննես Ծործորեցին ու Հովհաննես Քռնեցին փիլիսոփայական և գեղագիտական իրենց ըմբռնումներում հիմնականում ելնում են նոմինալիստական, իսկ ավելի ստույգ՝ արիստոտելյան կոնցեպտուալիզմի սկզբունքից, գտնելով, որ թեև ընդհանուր հասկացությունը նախորդում է եզակի իրերին, բայց և այնպես ունի գոյաբանական հիմք և արտացոլում է եզակի իրերի օբյեկտիվորեն գոյություն ունեցող ընդհանրությունները:

Ոչ-մասնագիտական հայացքով անգամ անհնար էր չգնահատել միջնադարյան հայ քերականների փիլիսոփայական և գեղագիտական ըմբռնումների վերլուծության կարևորությունը: Ի դեպ, մասնագիտական խորհրդի անդամների և անձնապես խորհրդի նախագահ փ. գ. դ., պրոֆեսոր Հր. Միրզոյանի պահվածքը հույս էր ներշնչում, որ գոնե այդ ոլորտում բարձր չափանիշներ են պահպանվել: Գուցե դա պայմանավորված է փիլիսոփայության յուրահատկությամբ. ի վերջո, այդ մարդիկ կոչված են «իմաստասիրելու» կարևորն անկարևորից և մնայունն անցողիկից տարբերելու: Վերջին տարիներին գիտության ասպարեզի վրա «գրոհած» բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց տիկնանց «թխված», միայն իրենց անիմաստ, անհեթեթ ամբիցիաները բավարարող թեկնածուականների ֆոնին՝ ուրախալի էր արձանագրել, որ պաշտպանվում են նաև լուրջ գիտական թեմաներ:

Մեկնաբանություն
X