Մշակութային թամբալ լրագրություն

Հայաստանում լրագրությունը վաղուց «պրոլետարական տափաստան» է, մի հասանելի աշխատատեղ, որտեղ ցանկանում են կայանալ եւ վաստակել ոչ միայն ժուռնալիստական մասնագիտություն սովորողները, այլեւ ցանկացած հումանիտար կրթություն ստացած անձ:

Դաշտը բաց է բոլորի առաջ, եւ սա շատ դրական է առկա գործազրկության ֆոնին: Սակայն, ինչ-ինչ օրինաչափությամբ, սկսնակներին առաջին հերթին վստահվում է մշակույթը լուսաբանելու գործը: Հատկապես՝ կայքերում եւ, հավանաբար՝ երկու պատճառով: Սկսնակին թվում է, թե մշակույթ լուսաբանելն ամենահեշտն է (արվեստագետների խոսքերը կձայնագրի, կսղագրի, չակերտների մեջ կդնի, եւ լուրը կամ նյութը պատրաստ է): Ամենավատ միտումն այն է, որ խմբագիրներն են արհամարհում կամ մատների արանքով նայում չարչրկված բնագավառին: Եթե կարեւորում էլ են, միայն սկանդալային լուրերը: Իշխանությունների կողմից անտեսված բնագավառը կրկնակի տուժում է չորրորդ իշխանության ցուցաբերած վարքագծից, եւ արդյունքը մեր աչքի առաջ է: Մշակութային լուրերը կարդալ չի լինում՝ անհետաքրքիր, ձանձրալի, զուտ լուր, այն էլ՝ սխալաշատ: Գրում են այնպես, ասես այդ ասուլիսից կամ միջոցառումից առաջ ոչինչ տեղի չի ունեցել:

Հոդվածի առիթը վերջերս տեղի ունեցած մշակութային իրադարձության լուսաբանումին հետեւելն էր: Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու էր իրանական մանրանկարչության ցուցահանդես, եւ իրանական կողմի բանախոսները, լավագույնս ներկայացնելով իրենց երկրի արվեստը, ասացին նաեւ, որ իրանական մանրանկարչությունն աշխարհում հնագույններից է: Հետեւելով մամուլին, նկատեցինք մի օրինաչափություն՝ բոլոր լրագրողներն ուղղակի մեջբերել են ասուլիսի մասնակիցների խոսքերը, իրենց նեղություն չտալով մի քայլ հետ նայել, համեմատություն անել եւ այլն:

Մշակութային թամբալ եւ «անանցյալ» լրատվությունը, հատկապես այն պարագայում, երբ լուսաբանողները երիտասարդներ են, դարձյալ զարմանք է հարուցում: Չէ որ «հայկական մանրանկարչություն»-ը, ժամանակակից բառով, բրենդ է, եւ կարելի էր երկու րոպեում համացանցի որոնողական համակարգում փնտրել եւ արձանագրել ընթերցողին հետաքրքիր մի փաստ, որը կհարստացներ նյութը: Փաստն այն է, որ հայկական մանրանկարչությունը ձեւավորվել է գրերի գյուտից անմիջապես հետո, եւ պահպանված մանրանկարչական նյութերը 6-7-րդ դարերի են: Հարցն ամենեւին էլ համեմատությունը չէ, այլ այն, որ համալիր, հետաքրքիր տեղեկատվություն տրվեր ընթերցողին, հետն էլ՝ ուսուցողական լիներ, քո երկրի մշակութային հարուստ անցյալը ներկայացվեր:
Սա միայն մի փոքրիկ օրինակ է, գուցեեւ՝ անհետաքրքիր, բայց կարելի է խորհել այս մասին, որ դարձյալ «մեր հույսը չմնա օրորոցին», ինչպես հին երգում է ասվում:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Մեկնաբանություն
X