«Արտավազդ»-ի 2017թ. մրցանակակիրները

Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը նվիրված է Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին։

Հիշեցնենք, որ «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչեւ մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն իր ելույթում ասաց, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է մարտի 26-ին, Թատրոնի միջազգային օրվանից մեկ օր շուտ, որպեսզի չհամընկնի Զատկի օրվան։ Նա հիշեց, որ կորցրեցինք հայ բեմի մեծագույն վարպետներին՝ Վարդուհի Վարդերեսյանին եւ Գեղամ Գրիգորյանին, որին հողին հանձնեցինք երեկ։ Հակոբ Ղազանչյանը նշեց նաեւ, որ թատրոնում տեղի է ունենում բնականոն սերնդափոխություն, նոր, երիտասարդ եւ տաղանդավոր երիտասարդներ են գալիս թատրոն։

Հայաստանի վաստակավոր արտիստ Երվանդ Ղազանչյանը թատերական արվեստում ներդրման համար առաջին «Արտավազդ» մրցանակը հանձնեց դերասան Վահե Շահվերդյանին։ Հաջորդ մրցանակը հանձնվեց բեմադրիչ Հրաչյա Գասպարյանին։ Երվանդ Ղազանչյանը հատուկ նշեց, որ նա Սոս Սարգսյանի հետ ստեղծել է Համազգային թատրոնը։ Երրորդ մրցանակը Երրորդ մրցանակը հանձնվեց Դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Խանդիկյանին։

Վարդուհի Վարդերեսյանի անվան հատուկ մրցանակ հանձնվեց Ալլա Վարդանյանին՝ Գ․ Սունդուկյանի անվան թատրոնում «Որբերի ընտանիքը» ներկայացումում դերակատարման համար։

Մրցանակներ հանձնվեցին նաեւ երիտասարդ դերասաններին՝ իրենց բեմական առաջին քայլերի համար։

«Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում մրցանակ հանձնվեց Նաիրա Սարգսյանին, «Տարվա լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգի մրցանակ՝ Սամվել Թադեւոսյանին։

«Տարվա լավագույն բեմադրիչ» անվանակարգում «Արտավազդ» մրցանակը շնորհվեց Կարապետ Բալյանին։

«Տարվա լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակ հանձնվեց Արմեն Բայանդուրյանին։

«Տարվա լավագույն պիես» անվանակարգի մրցանակակիրն է Սամվել Կոսյանը։

«Տարվա լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում մրցանակ հանձնվեց Շամիր Շահիրյանին։

«Տարվա լավագույն երաժշտական ձեւավորում» անվանակարգում մրցանակը հանձնվեց Վահան Արծրունուն։ Նա չէր ներկայացել «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, քանի որ մեկնել էր Չինաստան։

«Տարվա լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակը հանձնվեց Ագնեսա Շահնազարյանին։

«Տարվա լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը հանձնվեց Լիպարիտ Ավետիսյանին։

«Տարվա լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակը հանձնվեց Սամսոն Մովսիսյանին։

«Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման համար մրցանակ շնորհվեց Սոֆյա Բաղդասարյանին։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը մրցանակ շնորհեց նաեւ գյումրեցի երիտասարդ Արսեն Մխիթարյանին։ Նա ոսկե մեդալ շնորհեց Թբիլիսիի հայկական թատրոնում մեծ ներդրում ունեցած Ռոման Նուրանյանին, թատրոնի կողքին մշտապես գտնվող Էմանուել Արաքսման-Մանուկյանին, Ջեմմա Մարտիրոսյանին։

«Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում մրցանակը հանձնվեց դերասան Վահե Շահվերդյանին։

Մեկնաբանություն
X