Քաղաքագրություն. Կիլիկիա

Երեւանի «Կիլիկիա» անունը կրող թաղը գտնվում է Հաղթանակի կամրջի ձախ կողմում, որտեղից ձգվում է Էջմիածնի խճուղին։ Հետաքրքիր է իմանալ, թե որտեղից է գալիս այս անունը, ինչ է պատմում նա հայ ժողովրդի անցյալից, եւ որտեղ է գտնվում բուն Կիլիկիան։ Ինչպես հայտնի է, տասնմեկերորդ դարի առաջին կեսին՝ 1045 թ., Գագիկ Երկրորդի թագավորության անկումից հետո դադարեց գոյություն ունենալ Բագրատունյաց թագավորությունը։ Այդ պատճառով հայերը մեծ խմբերով գաղթում էին դեպի Միջերկրական ծովի արեւելյան հատվածին հարող այն մասը, որը կոչվում էր Կիլիկիա։

Ինչպես հայտնի է, հայկական Կիլիկյան պետության հանդես գալը համաշխարհային պատմության եզակի փաստերից է, երբ ժողովուրդն իր պետությունը փոխադրում էր մի ուրիշ տեղ։ Հայերի մոտ այն հայտնի է «Տուն Կիլիկիոյ», «Աշխարհն Կիլիկիոյ» եւ «Սիսվան» անուններով։ Կիլիկիայի սահմաններն են, արեւելյան կողմից՝ Ամանոսյան լեռները, հյուսիսային եւ արեւմտյան կողմից՝ Տավրոսյան լեռնաշղթան, իսկ հարավից՝ Միջերկրական ծովը։ Կիլիկիայի տարածությունը կազմում է մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր։ Նրա երկարությունը (արեւելքից արեւմուտք) հասնում է 400 կիլոմետրի, իսկ լայնությունը (հյուսիսից հարավ)՝ մոտ 100 կիլոմետրի։ Կիլիկիայում, արեւելյան կողմում, Տավրոսյան լեռները ճյուղավորվում են հարավային ուղղությամբ, դեպի Սիրիա՝ «Ամանոսյան լեռներ» անվան տակ, որն իր հերթին բաժանվում է երեք խմբի. դրանք են՝ Սեւ լեռներ (Գյավուր դաղ), Կըզըլ դաղ (Ջեբել Ահմար) եւ Ջեբել Մուսա (Մուսա լեռ)։ Վերջինս պատմական այն լեռն է, որտեղ հավաքվեցին Սուետիայի հայկական վեց գյուղերը՝ թուրքական յաթաղանից փրկվելու համար։ Երկիրն աշխարհագրական տեսակետից բաժանվում է երկու մասի՝ Լեռնային կամ Քարային Կիլիկիա եւ Դաշտային Կիլիկիա։ Առաջինը գտնվում է հյուսիս-արեւմտյան մասում, իսկ երկրորդը՝ հարավ-արեւելքում, Միջերկրականի ափին։ Կիլիկիան վարչական բաժանման տեսակետից, մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը, մտնում էր Ադանայի վիլայեթի (նահանգի) մեջ։ Լեռնային Կիլիկիան եղել է ավելի անառիկ, եւ հայերն այս մասում շատ ավելի հայտնի դարձան։ Այստեղ էին գտնվում Սիս, Հաճն, Մարաշ եւ Զեյթուն հայաշատ բնակավայրերը, որոնց անունները մեր սրտին ու մտքին շատ բան են պատմում։

Ռուբեն Ա իշխանը 1081 թվականին հիմք դրեց Կիլիկիայի հայկական Ռուբինյան պետությանը։ Այդ պետությունը գոյություն ունեցավ մինչեւ 14-րդ դարի վերջը, երբ Եգիպտոսի մամլյուկները ներխուժեցին Կիլիկիա եւ կործանեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը։ Նոր ժամանակներում Կիլիկիան ընկավ թուրքական տիրապետության տակ, եւ հայ ժողովրդի վրա կախվեց թուրքական յաթաղանը։ Կիլիկիան Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Թուրքիայի կողմից բաժանված էր Ադանա եւ Հալեպ վիլայեթների միջեւ։ Ադանայի վիլայեթի մեջ էր մտնում Կիլիկիայի արեւմտյան՝ մեծ մասը մինչեւ Ալեքսանդրետի ծոցը, իսկ Կիլիկիայի արեւելյան մասը՝ Մարաշի եւ Ալեքսանդրետի գավառները, մտնում էին Հալեպի վիլայեթի կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Կիլիկիան գրավեցին ֆրանսիական զորքերը եւ մնացին մինչեւ 1922 թվականը, որից հետո թողեցին Կիլիկիան՝ պահելով միայն Ալեքսանդրետի սանջակը, որը վերադարձրին թուրքերին 1939 թվականին։ Երկու դեպքում էլ՝ թե 1922 եւ թե 1939 թվականին հայերը գաղթեցին դեպի Սիրիա եւ Լիբանան։

Կիլիկիայի առավել նշանավոր եւ հայաբնակ քաղաքներից էին Սիսը, Մարաշը, Զեյթունը։ Ադանան Կիլիկիայի ամենամեծ քաղաքն էր, որը գտնվում էր Դաշտային Կիլիկիայում՝ Սեյխան կամ Սիհուն գետի աջ ափին։ Շրջապատված էր պարտեզներով։ Ներկայումս Ադանա քաղաքի անունը թուրքերը փոխել են եւ անվանում են Սեյխան։ Լեռնային Կիլիկիայի ամենամեծ քաղաքն էր Սիսը, որը ժամանակին եղել է Ռուբինյան թագավորության մայրաքաղաքը։ Այն գտնվում է ընդարձակ դաշտի մեջ, փռված լեռան լանջի վրա եւ շրջապատված նշի, նարնջի եւ ուրիշ պտղատեսակների այգիներով։ Սիսում կար հայկական շատ հարուստ վանք՝ իր թանգարանով։ Այժմ լեռան վրա դեռ նշմարվում են հին բերդի երեք դռները եւ պարիսպների հետքերը։

Կ. Ավետիսյան

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X