Սերժ Սարգսյանի աստեղային ժամը

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կենսագրության, եթե ոչ ընդհանրապես իր կյանքի եւ գործունեության, նշանակալից օրերից մեկն է: Այսօր իր կյանքում երեւի առաջին անգամ Սերժ Սարգսյանը ոտք կդնի Վաշինգտոն Դի Սի, Փենսիլվանիա ավենյու 1600 հասցեում գտնվող Սպիտակ տուն: Ժամանակակից աշխարհում, որքան վիճարկելի է ինքդ քեզ պետություն համարելն առանց, դիցուք, ՄԱԿ-ի անդամ լինելու, նույնքան էլ վիճարկելի է միջազգային հարաբերություններում սուբյեկտ լինելը կամ նկատվելը, եթե քեզ երբեք Սպիտակ տուն չեն հրավիրում եւ չեն ընդունում:

ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ դժվար թե նրան Վաշինգտոն հրավիրեին, վարչապետ եղած ժամանակ՝ 2007-ի սեպտեմբերին, կարծեմ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի օրերին, այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն է Սարգսյանին հանդիպել: 2007-ին կարող էր թվալ, թե հանդիպումը կապ ունի Հայաստանի 2008-ի նախագահական ընտրությունների հետ, որտեղ Սարգսյանն իշխանության կրողն ու թեկնածուն էր: Բայց ավելի ուշ Wikileaks-ի կաբելներից հայտնի դարձավ, որ Սարգսյանի հետ պետքարտուղար Ռայսի հանդիպման առիթը եղել է ԱՄՆ մտահոգությունը, թե Հայաստանի տարածքով Իրանին զենք է անցնում, եւ այդ զենքով ամերիկացի մի զինվոր է սպանվել Իրաքում: Սերժ Սարգսյանին զգուշացրել էին, որ Հայաստանի տարածքով զենքի տարանցումը բացառվի: Ընդամենը:

2008-ին ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնելուց հետո նույնպես Սերժ Սարգսյանը Սպիտակ տանը հյուրընկալվող անձանց թվում չհայտնվեց: Որքան էլ տարբեր տարիների նա մի քանի անգամ Վաշինգտոն եւ Նյու Յորք այցելեց, միեւնույն է՝ ամերիկյան վարչակազմում, առավել եւս Սպիտակ տանը, նա հանդիպման կամ ընդունելության չարժանացավ: Նախորդ անգամներն ինչ-որ սողանցքներ էին գտնում գոնե ԱՄՆ Կոնգրես՝ Կապիտոլ Հիլ գնալու՝ ասենք, ինչ-որ ցուցադրություն դիտելու համար, կամ Էդուարդո Էռնեկյանի կազմակերպած ու ֆինանսավորած երեկույթին մասնակցելու: Բայց դե, աստղերը երբեմն անսպասելի են փայլատակում: Այսօր ՀՀ նախագահին վերջապես վիճակվելու է ճաշկերույթի կապակցությամբ Սպիտակ տանը լինել:

Վաշինգտոնի ժամանակով 16:45-18:00-ն Սպիտակ տանը կայանալու է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողություն, եւ 18:30-ին կմեկնարկի նախագահ Օբամայի կողմից իր հյուրերի պատվին տրվող աշխատանքային ճաշկերույթը: Պատվիրակությունների մյուս անդամներին ԱՄՆ պետքարտուղարության «Բենջամին Ֆրանկլին» սրահում հյուրընկալելու են պետքարտուղար Ջոն Քերրին եւ էներգետիկայի քարտուղար Էռնեստ Մոնիզը՝ դարձյալ ճաշկերույթի սեղանի շուրջ: Բուն գագաթնաժողովի առաջին աշխատանքային նիստը կկայանա ապրիլի 1-ի առավոտյան, Վաշինգտոնի համագումարների կենտրոնում: Նախատեսված են մի շարք պլենար նիստեր, եւ աշխատանքներն ավարտվելու են նույն օրը:

Գագաթնաժողովին մասնակցում են մոտ հիսուն երկրների եւ կառավարությունների ղեկավարներ, բայց բացակայում է Իրանը, որի միջուկային ծրագրի շուրջ խոսվում է ավելի շատ, քան մյուս երկրների միջուկային արսենալի: Գագաթնաժողովին չի մասնակցում նաեւ Ռուսաստանը: Պակիստանից էլ ժամանելու է վարչապետին փոխարինող անձ:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X