Մեդիախոհանոց

Այսօր մենք ականատես ենք լինում գրական, նաեւ մշակութային տպագիր մամուլի վերջնական անկմանը: Այն նույնպես իր հնարավորություններն ստիպված կլինի դրսեւորել (եւ արդեն դրսեւորում է) համացանցի տիրույթում, այնպես, ինչպես լրատվական պարբերականները: Տարիների ավանդույթներ, համակարգեր ու գաղափարներ ձեւավորած գրական պարբերականները, ծավալուն գրքանման ամսագրերը, ինչպես, օրինակ, աշխարհահռչակ «Paris review»-ն, մասսայականություն վայելող «Иностранная литература»-ն, հեղինակավոր «The new yorker»-ը եւ այլն, այս անցման ցնցումներին ավելի լավ են դիմանում:

Կայքերում պատմվածքները, բանաստեղծական շարքերը, էսսեներն ու ակնարկները զետեղվում են, մասամբ նաեւ տեղադրվում են հատվածներ, որոնց ամբողջական տարբերակներն ընթերցելու համար պիտի օնլայն վճարում կատարել կամ բաժանորդագրվել: «Paris review»-ն առանձին գրքով հրատարակում է նաեւ գրողների հետ արված հարցազրույցների ժողովածուներ, ամսագրում ամփոփված լավագույն պատմվածքների անթոլոգիաներ՝ իր ընթերցողին ներկայանալով նաեւ որպես հրատարակչատուն:

Գրական մամուլի վերափոխությունների ենթարկվելու կարողությունը, նոր հարթակներ ստեղծելու ճկունությունն ու դրա գիտակցումն այն կենսական նախապայմաններն են, որոնցից էլ կախված կլինի դրանց գոյության ապագան: Նոր տեխնոլոգիաները գրականության վերարտադրման համար ստեղծում են տարատեսակ պլատֆորմներ: Ամեն ամիս ավելանում են գրականությանը վերաբերող թեմատիկ կայքերը, նոր հրատարակված գրքերը լուսաբանող բլոգներն ու ֆորումները: Օրինակ, 2012 թվականին բուլղարացի Մարիա Պոպովայի ստեղծած brainpickings.org գրական բլոգն ամեն ամիս մեկ միլիոն այցելու ունի (այս բնագավառում անհավանական թվացող հաջողություն է): Պոպովան պարզապես գրքեր է ընթերցում՝ բլոգում տեղադրելով հատվածներ, անելով քաղվածքներ, մեջբերումներ (բլոգում ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար այցելուն պիտի վճարում կատարի):

Այսօր Պոպովայի բլոգը միլիոնավոր ընթերցողների համար ամենակարեւոր ու մատչելի կողմնացույցներից մեկն է դարձել: Չասենք գրական մամուլը, ասենք՝ տարածությունները, որտեղ պիտի բացահայտվեն, երեւան տեքստերը, վերջին հաշվով, նույն պարզ առաքելությանն են միտված՝ համացանցում բնակություն հաստատած հազարավոր գրական կայքեր ու բլոգներ ամեն կերպ հանրայնանալ են ուզում, որպեսզի տեղ հասցնեն այն գրականությունը, որի կարիքը, իրենց կարծիքով ու հայեցակարգով, ունեն ընթերցողները: Եվ, ահա, վիճակագրությունը ցույց է տալիս, որ հաջողության են հասնում ավելի շատ կոնցեպտուալ, գաղափարական հղանցքի վրա կառուցված գրական պլատֆորմները եւ բացարձակ գովազդի վրա նստած մակերեսային, աղբատար նյութերով հարուստ կայքերը: Այս ընդգծված հարակարծությունն այլեւս փաստ է:

Արամ ՊԱՉՅԱՆ

Մեկնաբանություն
X