Իմրե Կերտես. Մեռել եմ նրա համար, որպեսզի ապրեմ:

Մարտի 31-ին կյանքից հեռացավ ծագումով հրեա հունգարացի արձակագիր, 2002թվականին գրականության բնագավառում նոբելյան մրցանակի դափնեկիր Իմրե Կերտեսը: Նրա նշանավոր ինքնակենսագրական վեպը՝ «Առանց ճակատագրի» պատկերում է համակենտրոնացման ճամբարներում՝ իր բառերով (երեխայի մահվան միջով) ողջակիզման բնույթը: Ստորև ներկայացնում եմ մի հատված Կերտեսի նոբելյան բանախոսությունից:

Այսպես, քայլ առ քայլ, ես շարժվում էի առաջ հայտնագործության անվերջանալի ճանապարհով, դրանում էր, եթե կարելի է այդպես արտահայտվել, իմ էվրիկական մեթոդը: Շուտով ես գիտակցեցի, որ ամենակարևորը ոչ թե այն է, թե ում համար եմ գրում և նույնիսկ ոչ էլ այն՝ ինչու եմ գրում: Ինձ հուզում էր ընդամենը մեկ հարց, առհասարակ ի՞նչն է ինձ կապում գրականությանը: Քանզի ինձ համար պարզ էր, որ գրականությունից, այն իդեալներից և այն հոգևոր մթնոլորտից, որոնք զուգորդվում են գրականություն հասկացության հետ, ինձ բաժանում է անհաղթահարելի մի գիծ և այն կոչվում է,– ինչպես և իմ կյանքում ուրիշ բաներ,– Օսվենցիմ:

Երբ մենք գրում ենք Օսվենցիմի մասին, մենք պիտի հասկանանք, որ Օսվենցիմը, որոշակի իմաստով, իսկապես գրականությունը դարձրեց անհնար: Օսվենցիմի մասին կարելի է գրել գուցե թե մի սև վեպ, կամ,– թող ինձ ներեն այս արտահայտության համար,– շարունակաբար, որն սկսվում է Օսվենցիմում և ձգվում է մինչև մեր օրերը, էժանագին մի բան: Այսինքն այլ կերպ ասած, Օսվենցիմից հետո տեղի չի ունեցել ոչինչ, որը ժխտեր այն: Իմ ստեղծագործություններում հոլոքոստը երբեք չի ներկայացվել անցյալ ժամանակով:
Իմ մասին խոսում են երբեմն գովասանքով, երբեմն էլ հակառակը՝ արհամարհանքով, իբրև միևնույն թեմայով գրողի՝ հոլոքոստի թեմայով:

Ես հակառակվելու ոչինչ չունեմ, որոշակի առարկություններով ես իրոք կարող եմ գրավել իմ տեղը, որն ինձ կհատկացնեն գրադարաններում համապատասխան դարակների վրա:
Քանզի մի՞թե գոյություն ունի ժամանակակից գրող, որը հոլոքոստի գրողը չէ: Ենթադրում եմ, որ հանուն այն բանի, որպեսզի մարդիկ լսեն այն բեկբեկուն ձայնը, որը տասնամյակներ շարունակ իշխում է ժամանակակից Եվրոպայի արվեստում, ըստ իս, ամենևին պարտադիր չէ հոլոքոստն ընտրել որպես ստեղծագործական թեմա: Ավելին ասեմ՝ ես չգիտեմ առավել ճշմարտացի, հավատ ներշնչող արվեստ, որտեղ չլսվի այդ բեկբեկուն ձայնը, որը հիշեցնում է ձայնը մարդկային, որը թունավորված և անօգնական աշխարհում հնչում է մղձավանջային գիշերից հետո: Հարցերի շրջանակը, որը միավորվում է հոլոքոստ հասկացությամբ, ես երբեք քննության չեմ առել իբրև ինչ-որ անլուծելի հակասություն՝ գերմանացիների և հրեաների միջև, ես երբեք հոլոքոստը չեմ համարել հրեաների տառապանքների պատմության նորագույն գլուխ, որը տրամաբանորեն արտածվում է նախորդող փորձություններից, ես երբեք չեմ քննարկել այն իբրև պատմական և եզակի խզում այսպես ասած պատմության մեջ, որպես ջարդ, որը տարբերվում է նախորդող բոլոր ջարդերից միայն իր մասշտաբներով, որպես հղում հրեական պետության առաջացման: Ես հոլոքոստում բացել եմ մարդկային իրավիճակներ, մեծագույն ճամփորդության ցածրագույն կետը, որին իր ավելի քան երկհազարամյա բարոյաէթիկական մշակույթով հասավ եվրոպական մարդը:

Այսօր հարկ է մտածել միայն այն մասին, թե ո՞ւր ենք մենք շարժվելու նման բեռով: Օսվենցիմի խնդիրը նրանում չէ, թե ահա այստեղ մենք հանրագումարի բերենք կամ, այսպես ասած, հանրագումարի չբերենք, պահպանե՞նք մեր հիշողությունը նրա մասին, թե՞ թաքցնենք պատմության երկար արկղում, կամ միլիոնավոր զոհերին հուշարձան կանգնեցնե՞նք, և, եթե կանգնեցնենք, ինչպիսին է լինելու այն: Օսվենցիմի իրական խնդիրն այն բանում է, որ այն եղել է, պատահել է, և այդ փաստն արդեն չեն կեղծի ոչ ամենաազնիվ, ոչ էլ ամենանողկալի նկրտումներով: Հավանաբար, ամենաճշգրիտ բառով այդ տաժանելի իրադրությունը բնութագրել է հունգարացի բանաստեղծ- կաթոլիկ Յանոշ Պիլինսկին, կոչելով այն «սկանդալ», ըստ երևույթին, նկատի ունենալով, որ այդ ամենը տեղի է ունեցել քրիստոնեական մշակույթի ոլորտում և դրա համար էլ պատահմունքը հոգևոր–մետաֆիզիկական իմաստով անդառնալի է:

Անցյալ մարգարեություններն ասում են մեզ այն մասին, որ Աստված մահացել է: Անկասկած, Օսվենցիմից հետո մենք մնացինք մեն-մենակ: Մեր արժեքները մենք պետք է ստեղծենք հիմա ինքներս, ստեղծենք ամենօրյա համառ, թող որ ուրիշների համար անտեսանելի աշխատանքով, որը վերջիվերջո, գուցե թե կհանգեցնի արդյունքի, և այդ արժեքները կդրվեն եվրոպական նոր մշակույթի հիմքում: Մրցանակին, որը Շվեդական ակադեմիան հարմար է գտել արժանացնել հատկապես իմ աշխատանքը, ես գնահատում եմ իբրև նշան այն բանի, որ Եվրոպայի համար նորից կարևոր դարձավ փորձը, որը վիճակված էր ձեռք բերել Օսվենցիմի վկաներին, հոլոքոստի վկաներին: Այդպիսի դիրքորոշումը,– եթե ինձ թույլ է տրված այդպես ասել,– վկայում է որոշակի համարձակության և նույնիսկ ռիսկի դիմելու պատրաստակամության մասին, քանզի նրանք, ովքեր որոշեցին ինձ տրամադրել այս ամբիոնը, հավանաբար, գլխի են ընկել, թե ինչ եմ ես խոսելու այստեղ: Չէ՞ որ, իրոք, մենք պարտավոր ենք, հասկանալ այն ամենը, որը բացվեց աշխարհի առջև Endlosung–ի միջոցով, «համակենտրոնացման տիեզերքի» միջոցով, և լոկ այդ ցածրագույն կետի մեր գիտակցումը դրված է հիմքում իբրև միակ երաշխիք՝ գոյատևման և ստեղծագործական ուժերի պահպանման: Մի՞թե պարզ հայացքն ինքնին արգասավոր չէ: Մեծագույն պայծառացումների խորքում, եթե նրանք նույնիսկ ծագում են չիրականացված ողբերգություններից, միշտ էլ բովանդակվում է ազատության հատիկը՝ եվրոպական մեծագույն արժեքը, որը մեր կյանքին հավելում է ինչ-որ որակական պլյուս, արթնացնելով մեր կեցության իրական գիտակցումը և մեր պատասխանատվությունը հանուն նրա:

Ինձ համար առանձնահատուկ ուրախություն է, որ այս մտքերին ես կարող եմ ձեզ հաղորդակից դարձնել իմ մայրենի լեզվով՝ հունգարերենով: Ես Բուդապեշտի ծնունդ եմ, հրեական ընտանիքից, մայրական կողմս ծագում է տրանսիլվանյան Կոլոժվարից, հայրականս՝ այն տեղերից, որոնք գտնվում են Բալտոսանից հարավ-արևմուտք: Իմ պապն ու տատը ուրբաթ օրերին, դիմավորելով շաբաթը, դեռ մոմ էին վառում, սակայն իրենց ազգանունն արդեն փոխել էին հունգարականով: Նրանք բնական էին համարում, որ հրեականությունն իրենց համար կրոն է, իսկ հայրենիքը՝ Հունգարիան: Իմ մոր ծնողները զոհվեցին հոլոքոստի կրակներում, հորս ծնողներին այն աշխարհ ուղարկեց Ռակոշի կոմունիստական բռնապետությունը, որը հրեական ծերանոցը Բուդապեշտից տեղափոխել տվեց Հունգարիայի հյուսիսային սահման: Ինձ թվում է, այս համառոտ ընտանեկան պատմությունը ներառում իր մեջ և խորհրդանշում է իմ երկրի տառապանքների պատմությունը նորագույն դարաշրջանում: Այս ամենն ինձ ուսուցանում է, որ սգի մեջ ամփոփվում է ոչ միայն դառնություն, այլև մեծ բարոյական ներուժ: Լինե՞լ հրեա: Ըստ իս, մեր ժամանակներում դա նորից բարոյական հարց է նախևառաջ: Եվ եթե հոլոքոստն այսօր ունակ է ստեղծելու մշակույթ, և դա հենց այդպես է,– ապա նրա նպատակը միայն մեկն է. ոգու ճիգերով անուղղելի իրականությունից ծնել միակ հնարավոր մեղքերի քավումը՝ կատարսիսը: Հատկապես այդ ձգտումն է ինձ ներշնչել ամեն բանում, ինչը ես արել եմ:
Թեև ես ամենն ասացի, ինչն ուզում էի ասել, խոստովանում եմ ազնվորեն՝ այդպես էլ ինձ չհաջողվեց իմ սեփական կյանքի, գրողականության և Նոբելյան մրցանակի միջև հանգստացնող հավասարակշռություն գտնել: Այս պահին ես խորագույն երախտագիտությամբ եմ լցված՝ սիրո հանդեպ, որը փրկեց ինձ և մինչև օրս էլ օգնում է ապրել: Բայց, համենայն դեպս, համաձայնեք, որ դրանում հազիվ նշմարելի ճանապարհին, իմ, եթե կարելի է այսպես արտահայտվել, «կարիերայում» կա ինչ-որ ապշեցուցիչ բան, աբսուրդ բան, այնպիսի բան, որն անհնար է գիտակցել, եթե չընկնես իրերի գերբնական կարգի գոյության հավատի գայթակղության տակ, մետաֆիզիկական ճշմարտության, այլ խոսքով, ինքնախաբեության գայթակղության, այսինքն՝ քեզ ենթարկես խութերի վրա ջարդրդվելու, զոհվելու՝ կորցնելով խորախոր և տանջալի կապը միլիոնների հետ, ովքեր մեռան այդպես էլ չգիտակցելով, թե ինչ է ողորմածությունը: Դժվար է բացառիկ լինելը,– և քանի որ ճակատագիրն ավելի շուտ մեզ համար այդպիսի բեռ էր նախատեսել – մենք պիտի հաշտվեինք իրերի աբսուրդ կարգի հետ, որը մեր կյանքի հետ վարվում է գնդակահարող ջոկատի անկանխատեսելիու– թյամբ՝ անմարդկային իշխանության և մղձավանջային բռնապետության այդ պատանդուհին:

Եվ, համենայն դեպս, մինչև ես պատրաստվում էի այս ճառին, իրադարձությունների շարանից դուրս պատահեց մի բան, և դա որոշակի չափով վերականգնեց իմ հոգեկան հավասարակշռությունը: Փոստով ես ստացա շագանակագույն ոչ մեծ մի ծրար: Ուղարկողը «Բուխենվալդ» հուշահամալիրի տնօրեն Ֆոլկհարդ Կնիգեն է: Սիրալիր շնորհավորանքի հետ միասին ծրարում կար էլի ինչ - որ մի ծրար ոչ մեծ չափի, որի մասին, եթե ես ուժ չունենայի բացելու այն, դոկտոր Կնիգեն գրել էր առանձին: Ծրարում դրված էր ճամբարի անձնակազմի ամենօրյա ամփոփագրի պատճենը՝ թվագրված 18 փետրվարի, 1945 թ., որտեղ «Abgange» սյունակում, որը նշանակում է «մեկնել է», ես կարդացի # 64921 համարի դատապարտյալ Իմրե Կերտեսի մահվան մասին, ծնված 1927 թ., հրեա, գործարանային աշխատող: Կեղծ տվյալները ծննդյան թվի և զբաղմունքի մասին ճամբարային վիճակագրություն էին սողոսկել ոչ պատահմամբ, երբ Բուխենվալդի գրասենյակում գրում էին իմ տվյալները, ես ինձ ավելացրի 2 տարի, որպեսզի չընկնեմ երեխաների կատեգորիայի մեջ, և ինձ բանվոր անվանեցի ու ոչ թե սովորող, որպեսզի նրանք ինձ ավելի պիտանի համարեին:

Այնպես որ, ես արդեն մեկ անգամ մեռել եմ՝ մեռել եմ նրա համար, որպեսզի ապրեմ: Հավանաբար, հենց սա է իմ իսկական պատմությունը: Իմ գրքերը, որոնք ծնվել են երեխայի մահվան միջից, ես նվիրում եմ միլիոնավոր զոհերին, և նրանց, ով դեռ հիշում է: Եվ քանի որ վերջնահաշվում խոսքը գրականության մասին է, որն ըստ ձեր ակադեմիայի բնորոշման, վկայություն է դարաշրջանի մասին,- ապա, հնարավոր է, իմ աշխատանքը ապագայի համար օգտակար լինի, ավելին՝ ես ամբողջ հոգով ուզում եմ, որ այն ծառայի նրան: Քանզի ես պատկերացնում եմ, որ խորհելով Օսվենցիմի վթարի մասին, ես մոտենում եմ ժամանակակից մարդու կենսունակության և ստեղծագործական հնարավորությունների հիմնարար հարցերին,- և, մտածելով Օսվենցիմի մասին հենց այդպես,– թող որ դա պարադոքսալ թվա,– ես մտածում եմ ոչ թե անցյալի, այլ ավելի շուտ ապագայի մասին:

Ռուսերենից թարգմանեց Շանթ Մկրտչյանը

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X