Քաղաքագրություն. Մալաթիա, Սեբաստիա

Մալաթիա կոչվում է Երեւանի արվարձաններից մեկը։ Բուն Մալաթիան՝ պատմական Մելիտինեն, գտնվում է Խարբերդ նահանգի (վիլայեթի) հարավ-արեւմտյան մասում։ Քաղաքը փռված է մի գեղատեսիլ հովտում՝ շրջապատված պարտեզներով եւ այգիներով։ Մալաթիայում հայերի թիվը մինչեւ նրանց տարագրումը կազմում էր 20 հազար մարդ։ Դեռ եղեռնից առաջ հայերը հարկադրված էին մեծ խմբերով պանդխտության դիմել՝ գնալ արտասահմանյան երկրներ, ընդհուպ մինչեւ Ամերիկա։ 1925 թվականին հին մալաթիացիները Շահումյանի շրջանում հիմնում են մի ավան եւ Մալաթիա կոչում։

Սեբաստիա

Երեւանից մոտ 10 կիլոմետր հեռու, 1927 թվականին, հիմնադրվեց Սեբաստիա անունով ավանը։ Ժամանակի ընթացքում Երեւանն ընդարձակվեց, տարածվեց Հրազդանի աջ ափին եւ իր մեջ առավ Շահումյանի շրջանը, որի կազմում էր նաեւ Սեբաստիա ավանը։ Այս կապն ավելի ամրապնդվեց շնորհիվ այն հոյակապ կամրջի, որը կառուցվեց Հրազդանի վրա։ Սեբաստիա ավանը գտնվում է Շահումյանի շրջանում, բայց հետաքրքիր է իմանալ, թե որտեղ է գտնվում բուն Սեբաստիան, որտեղից է տեղափոխվել այս անունը եւ ինչ է մեզ պատմում։ Բուն Սեբաստիան, որը ներկայումս թուրքերը Սվազ են անվանում, եղել է պատմական Հայաստանի Փոքր Հայքի կազմում։ Հետագայում դարձել է Սեբաստիա նահանգի կենտրոնը։ Քաղաքը գտնվում է մի ընդարձակ դաշտում, ուր հոսում է Ալիս գետը։ Ինչպես հայտնի է, Արծրունի Սենիքերիմը, նեղվելով թուրքերից, իր գահը 1021 թվականին տեղափոխեց Սեբաստիա, եւ Վասպուրականից եկած հայերն այստեղ կառուցեցին Սբ. Նշան հայտնի վանքը, որը կանգուն է մինչ այսօր։ Բացի դրանից, Սեբաստիայի շուրջը կան հայերի կողմից ստեղծված պատմական շատ հուշարձաններ ու նվիրական վայրեր, որոնք լուռ վկան են հայ կյանքի եւ մշակույթի։ Հիշենք «Քառասուն մանկանց», «Սեւ հողեր» կոչվող վայրերը, ուր թաղված են Լենկթեմուրի օրոք նահատակված հազարավոր հայեր։ Ինչպես հայտնի է, Լենկթեմուրը երբ արշավեց Սեբաստիա, այնտեղ 100 հազարից ավելի հայություն էր բնակվում։ Այդ արյունահեղ բռնակալն ահավոր ավերածություններ ու կողոպուտներ կատարեց Սեբաստիայում։ Կոտորեց ավելի քան չորս հազար մարդ։ Բռնել տվեց բոլոր հայ զորավարներին եւ իշխաններին ու ողջ-ողջ թաղեց։ Հենց այդ նահատակների թաղված վայրն էլ կոչվում է «Սեւ հողեր», որը, փաստորեն, Սեբաստիա քաղաքի հեռավոր արվարձաններից մեկն է։

Սեբաստիայից մոտ քսան կիլոմետր հեռու գտնվող հուշարձաններից է Հրեշտակապետ կոչվող վանքը։ Սեբաստիայի շուրջը կային բազմաթիվ հայաբնակ գյուղեր, որոնցից Բրգնիքը եղել է արեւմտահայ բանաստեղծության խոշորագույն դեմքերից մեկի՝ Դանիել Վարուժանի ծննդավայրը։ Սեբաստիա նահանգի կազմի մեջ էին մտնում հայաշատ մի շարք գավառներ։ Հիշենք դրանցից մի քանիսի կենտրոնները՝ Տիվրիկ, Եվդոկիա, Շապին-Գարահիսար, Մարզվան եւ այլն։ Սրանք բոլորն էլ հիշարժան վայրերն են մեր ժողովրդի հեռավոր ու մոտ անցյալի պատմությունից։ Օրինակ՝ Տիվրիկը եղել է թոնդրակցիների կամ Պավլիկյան շարժման կենտրոնը։ Շապին-Գարահիսարը հանդիսանում է հայ ազգային-ազատագրական շարժման եւ ռազմական գործիչ, զորավար Անդրանիկի եւ ճարտարապետ Թորոս Թորամանյանի հայրենիքը։ Շահումյանի շրջանում Սեբաստիա անունը հավերժացավ ոչ միայն այդ անունը կրող ավանով, այլեւ Սեբաստիա անունը կրող գլխավոր փողոցներից մեկով։ Փողոցի վրա են սեբաստացի Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցը։ Սեբաստիա անունն է կրում նաեւ տեղի մետաքսի գործարանը։

Կ. Ավետիսյան

Մեկնաբանություն
X