Արմեն Բեգլարյանը 5 օրից կդառնար 43 տարեկան. մանրամասներ Սիսիանի ջոկատի դեպքից

Սիսիանի ջոկատի զոհված անդամներից միայն երկուսի ինքնությունն է այժմ հայտնի: Երեկ թշնամու կողմից Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծված Սիսիանի ջոկատի զոհված 7 անդամներից 2-ը համայնքի ղեկավարներ էին:

Ջոկատի զոհված անդամներից մեկը, ինչպես տեղեկացրել էինք Ախլաթյանի գյուղապետ Արմեն Բեգլարյանն է: Գյուղապետարանից hraparak.am-ին պատմեցին, որ ապրիլի 10-ին Արմեն Բեգլարյանը դառնալու էր 43 տարեկան. «Ամուսնացած չէր, այս տարի էր որոշել ամուսնանալ: Հայրը շուտ է մահացել, մայրը մեծ կին է, գրեթե 90 տարեկան: Եղբայր ունի»:
Ի դեպ, Արմեն Բեգլարյանն Արցախյան հերոսամարտիկներից է, նրա կենսագրության մեջ կարդացինք, որ 1992թ․ թողնելով ուսումը Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետում, մասնակցել է Արցախի ազատագրման և Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերին:

Դարբասի գյուղապետ Մայիս Միրզոյանն էլ մի ամսից կդառնար 60 տարեկան, ազատամարտիկը 4 զավակների հայր է, ունի 3 թոռնիկներ: Ինչպես Արմեն Բեգլարյանը, մասնակցել է Արցախյան շարժմանը, ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանությանը:

Հիշեցնենք, որ հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, նախապես հայտնել էինք, որ կա 6 զոհ, 6 վիրավոր:

Նշենք, որ Sputnik.co կայքը ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքն ընկել է Լեռնային Ղարաբաղի տարածք: Անօդաչու սարքն ընկել էր զորամասերից մեկի մոտ ու ականատեսների խոսքով՝ պայթել էր, կային վիրավորներ։ Մյուս զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան:

Մեկնաբանություն
X