Զսպվածության սահմանը

Յուրաքանչյուր պատերազմ ինքն իրեն զսպելու, ինքն իր սահմանները որոշելու հատկություն ունի: Մարտական գործողությունները վերափոխում են ինչպես էթիկայի կանոնները, այնպես էլ մարդկային փոխհարաբերությունները՝ այն շատ ժամանակ դուրս դնելով սթափության ու տրամաբանության կենսական շրջանակից: Եվ քանի որ պատերազմն այս կամ այն կերպ առնչվում է բոլորին, ապա խոստանում է ուղիղ իմաստով դրսեւորվելու եւ խոսքով, մեկնաբանություններով ու գրառումներով վերարտադրվելու ցանկությունը: Այս իմաստով նույնիսկ համացանցի ահռելի տարածքը թույլ չի տալիս ամբողջովին իրականացնել կանխարգելիչ գործողություններ, օրինակ, հակառակորդի կողմից կեղծ տեղեկատվության տարածում, ակամա մասնակցություն թյուր, կազմաքանդող քարոզչությանը եւ այլն:

Երեւան է գալիս հաջորդ գործընթացը՝ միմյանց լրջագույն ձեւով վիրավորելը, պարսավելը, որը նույնպես գլորվելով, թափ հավաքելով՝ ահագնանում է: Սա նաեւ մի պարզ բան է նշանակում՝ նոր տեխնոլոգիաների առկայության դեպքում, եթե անգամ երկիրը պատերազմական դրության մեջ է, գրեթե անհնար է վերահսկել այդ երկրում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու գիտակցության եւ մտքի աշխատանքը, ապա դրանցից բխող դրսեւորումները: Ցավը, հույզերն ու զգացմունքները, զայրույթն ու անարդարությունը լույս աշխարհ են բերում բնագրեր, գրառումներ, որոնց մեջ միտքը, մտքի ոչ դյուրին աշխատանքը բացակա են:

Մի կողմից հասկանալի պատճառաբանություններ են, սակայն, այնուհանդերձ, ջլատող ու քանդող ներազդեցությամբ, ուր միտքն այլեւս արհամարհելին ու օտարվածն է, պիտանելիությունից զուրկ կաղապարը, որին գրեթե միշտ վերջում են մտաբերում, երբ սպառվում են զգացական պաշարները: Մտորումը, թե պատերազմական իրավիճակներում պիտի հնարավորինս զգոն լինել, ուշիմ ու հավասարակշռված ըմբռնելի հղացք է: Եվ մտորումը, թե անհնար է, որ այդ հղացքը լիարժեք կամ մասամբ իրականանա, եւս պարզընկալելի է: Պատերազմական օրերին իշխանության հանդեպ (իհարկե՝ ոչ անխորհուրդ) քննադատությունը, պատերազմին ու պաշտպանությանը վերաբերող թերությունների մասին խոսելը, բարձրաձայնելը դավաճանական ու դավադրական գործառույթներ չեն եւ չպետք է այդպիսին դարձվեն: Վատ տեղեկատվության, անբարեխիղճ լրատվության հասցեին ուղղված հայհոյանքներն ու զազրաբանությունն արժեք չունեն, քանի որ միտված չեն դրանց ուղղմանը, բարելավմանը: Համատեքստն իսկապես բարդ է, եւ այս պարագայում զսպվածության սահմանը չափել, գրեթե անհնար է, ասես թողնված է յուրաքանչյուր մարդու առանձնակի գիտակցությանն ու անհատական որոշմանը: Գուցե բոլորիս համար որոշակի հավասարակշռություն պահպանելու, մարդկային ներհոգեկան եւ մտային վիճակը խորությամբ հասկանալու փորձն արդյունավետ լինի, միտքը դուրս բերի առաջնագիծ:

Արամ ****ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X