Երեք օր, որ վերջակետ դրեցին բոլորի պատերազմական իլյուզիաներին

Երեք օր տեւած ռազմական բախումներն Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ավարտվեցին համարյա նույնական արդյունքով երկու կողմերի համար: Հայկական կողմը համարում է, թե ապրիլի 2-4-ը ծավալված ղարաբաղաադրբեջանական շփման գծի բախումներում հաղթանակ է տոնել, քանի որ լայնամասշտաբ հարձակումը կարողացել է ետ մղել եւ ունեցած դիրքերը պահել: Ադրբեջանական կողմն էլ նույն հաջողությամբ հաղթանակ է համարում իր աննշան՝ մի քանի հարյուր քառակուսի մետր առաջխաղացումը:

Կորուստների կապակցությամբ Ստեփանակերտից մինչ այժմ 44 զոհի մասին են հայտնել, եւ երեւի բոլոր հայերն են Աստված կանչում, որ այդ թիվը հետագա օրերին չաճի, ինչպես նախորդ օրերին աճեց, ենթադրելի է՝ ուղղակի չհայտնած զոհերը հայտնելու հաշվին: Բաքվում երեկ երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան հոգեհացի արարողություն էր կազմակերպել շփման գծում զոհվածների մայրերի համար: Ըստ azertag.az կայքի, որը հրապարակել էր արարողության լուսանկարները, հրավիրված են եղել զոհվածների, նաեւ վիրավորների մայրերը: Նրանք մի քանի հարյուր են, լուսանկարների համադրումից դատելով՝ շուրջ յոթ-ութ հարյուր, ինչը փաստացի հաստատում է Ստեփանակերտի պնդումը՝ Ադրբեջանի տված 300-350 զոհի մասին: Այդուհանդերձ, Բաքվում պաշտոնապես 60 զոհի մասին է խոսվում եւ ռազմաճակատի իրադրությունը որպես հաղթանակ է մատուցվում վատթարացող տնտեսական պայմաններում հասարակությանն Ալիեւի շուրջ համախմբելու, իշխանության հանդեպ դժգոհությունները մոռացության տալու եւ հայրենասիրական ալիքի վրա եւս որոշ ժամանակ Ալիեւների կլանի հանգիստ իշխանությունը երաշխավորելու համար:

Երեւանում էլ իշխանության կողմից գեներացվող ռազմահայրենասիրական հռետորաբանության մոտիվացիան ակներեւ է՝ անհարմար հարցերից խուսափելը եւ նոր իրականության մեջ հետագա քայլերի համար հանրային ժամանակ շահելը: Չէ որ այժմ Հայաստանի վերջին մտավոր կույրերն էլ տեսան, որ իրենց 200-ամյա դաշնակից հորջորջած Ռուսաստանի մահաբեր զենքն սկսեց կրակել հայ զինվորների ուղղությամբ, ինչպես ուղիղ մեկ դար առաջ: Ընդսմին, այժմ զենքն Ադրբեջանին է փոխանցվել բացահայտ, ոչ թե ինչ-որ Լենին-Աթաթուրք գաղտնի գործարքի արդյունքում, եւ այժմ կրակում են ոչ թե առաջին համաշխարհայինի թնդանոթ-հրանոթները, այլ «Սմերչի» կարգի բարձր արդյունավետության մահաբեր զինատեսակները: Թող Իսրայել Օրի կոչված թյուրիմացությունից մինչեւ մեր օրերը եղած իր բոլոր պրոռուս հետեւորդները լսեն այդ համազարկերը՝ շիրիմներում լինեն, թե արթմնի…
Սակայն երկու կողմից էլ իշխանություններն ինչ քարոզչություն ու պաթոս էլ գեներացնեն, անգամ այնպիսի ցնորվածության հասնելով, որ պաշտոնատար ոմանք գրեն, թե մարդիկ «երգ ու պարով են ռազմաճակատ գնում», իրականում շփման գծի ապրիլյան բախումների երեք օրն ավելի շատ բան բացատրեց թե հայկական, թե ադրբեջանական կողմին, քան 90-ականների տարիներ տեւած պատերազմը:

Երեք օր, որ բացատրեցին ամեն ինչ

Շփման գծի եռօրյա բախումների ընթացքից ադրբեջանցիները, անգամ նախագահ Ալիեւը, ակնհայտորեն տեսան, որ որքան էլ դատարկախոսեն, թե «երբ պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք», իրականում ԼՂՀ-ն նվաճել կարճատեւ՝ օրեր հաշվվող պատերազմով իրենք չեն կարող, որքան էլ հարձակումը կազմակերպեն հուժկու կամ հանկարծահաս, մանավանդ արդեն մեկ անգամ փորձելուց հետո: Սա 1967 կամ 73 թվականը չէ, իրենք Իսրայելի կամ Եգիպտոսի բանակ չեն, ոչ էլ Մոշե Դայան կամ Անվար Սադաթ է իրենց առաջնորդում, որ մի քանի օրում Սինայի թերակղզի գրավեն կամ ետ գրավեն: Այնպես որ՝ ավելի հանգիստ ու ավելի համեստ: Եթե Բաքվից Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմի բռնվեն, դա կտեւի երկար, դրանից բխող տնտեսական ու հումանիտար անխուսափելի աղետներով: Դժվար թե երկար ձգվող պատերազմի մեջ ադրբեջանական նավթամուղ կամ գազամուղ անվթար մնա ու գործի, մնացյալ ավերումների հնարավորությունը չհաշված: Այնպես որ, իրոք՝ ռազմական լուծում չկա:

Նույն կերպ էլ հայկական կողմը, որքան էլ հայրենասիրական պաթոս գեներացնի, չի կարող նոր իրականությունը քողարկել: Կարծում եմ՝ ապրիլի 2-5-ից հետո Հայաստանում ով մտածելու կարողություն ունի, հասկացավ, որ այս անգամ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի դեպքում զանգվածային մահաբեր զենքեր են գործելու՝ ռազմադաշտի վերածելով ոչ թե ղարաբաղաադրբեջանական շփման գիծը, ինչպես 90-ականներին էր, եւ որին, այսպես թե այնպես, կարելի է դիմանալ, այլ հրթիռակոծելով ու ավերելով Ստեփանակերտը, Կիրովաբադը, գուցե նույնիսկ Բաքուն ու Երեւանը: Դրանից հետո չգիտես, թե մարդկային, թե նյութական առումով ինչ կմնա Ադրբեջանից ու Հայաստանից: Այնպես որ, հայկական կողմի համար «ռազմական լուծում չկա» ձեւակեպումը նույնպես ականջի օղ դարձավ, որքան էլ որոշ խոսափողներ կամ ֆեյքեր լեզվով, օդի մեջ աշխարհադղորդ հաղթանակներ նկարեն:

Եվ մի վերջին նրբություն. երեկ որքան էլ Երեւանում, նախագահական նստավայրում Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւի առջեւ ճառել է ռուսական զենքի՝ հայերի դեմ ուղղվելուց, գոնե հրապարակավ ոչ մի արձագանք չի ստացել: Դա նշանակում է, որ ռուսական զենքը մնալու է եւ կուտակվելու է Ադրբեջանի ձեռքում, եւ այդ դեպքում, եթե այն սկսի գործել, ռուսական կողմի համար իր ռազմական արդյունաբերության վարկանիշի հարց է դառնալու այդ զենքի հաղթանակը: Որքան էլ հայերը հավատան ու տարփողեն, թե իրենց զինվորներն ասվածաշնչյան Դավիթ են, որ պարսատիկով Գողիաթ են տապալում, միջազգային զենքի շուկայի գնորդները, միեւնույն է՝ մտածելու են, որ ռուսական զենքն իրեն չի արդարացնում: Հետեւաբար, առանձնապես կասկածել պետք չէ, որ հաջորդ անգամ ռուս զինվորականները կգնան Բաքու եւ իրենց վաճառած զենքն իրենք էլ Ղարաբաղի դեմ կգործադրեն, միայն թե դրա արդյունավետությունն աշխարհին ցուցադրեն:
Այնպես որ, ուղղակի մեծատառերով՝ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉԿԱ: Հետեւաբար, բոլորը ետ՝ դեպի դիվանագիտություն եւ բանակցային գործընթաց: Մանավանդ, որ բախումներն էլ շփման գծում դադարեցին ոչ թե ռազմական գործողությունների տրամաբանությամբ, այլ կողմերի վրա գործադրված դիվանագիտական ճնշումով:

Զանգը Սպիտակ տնից էր

Ի վերջո, ի՞նչ եղավ, ինչպե՞ս դադարեցին բախումները: Թվում է՝ եղավ այն, որ մինչ ղարաբաղաադրբեջանական շփման գծում զինվորները մարտնչում էին, Ստեփանակերտի ու Բաքվի ռազմական գերատեսչություններն էլ լեզվական կրակահերթերով մարտադաշտի զարգացումներն էին խմբագրում, Երեւան, Բաքու, Մոսկվա, Փարիզ, Բեռլին, Բրյուսել, Վաշինգտոն պարամետրում դիվանագիտական քննարկումները եւ, կարծում եմ, որոշիչ դեր կատարած Քերրի-Լավրով խոսակցությունն ապրիլի 4-ի առավոտյան, ինչի մասին մի քանի ժամ հետո Պետդեպի ամենօրյա բրիֆինգում հաղորդվեց եւ նույնիսկ երկար խոսվեց, ավարտվեցին այն արդյունքով, որ, ի վերջո, ապրիլի 4-ի երեկոյան կամ գիշերը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Սպիտակ տնից զանգահարեց Ալիեւին եւ Սարգսյանին:
Դրանից հետո կրակոցները դադարեցին, կողմերից յուրաքանչյուրը մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր, լուսաբացին էլ Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ շտաբի պետերը մեկնեցին Մոսկվա՝ մեկնարկած հրադադարի մասին դեմառդեմ բանակցելու: Ապրիլի 5-ին, օրվա ընթացքում, Վիեննայում գումարվեց Մինսկի խմբի նիստը լիագումար կազմով, որը դատապարտեց շփման գծում լարվածության բռնկումը, հայտարարեց, որ խնդիրը ռազմական լուծում չունի, եւ վերահաստատեց ԱՄՆ-ՌԴ-Ֆրանսիա համանախագահների լիազորությունները:

Դրանից հետո, արդեն երեկոյան, ՌԴ նախագահ Պուտինը, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ «հեռախոսը վերցրեց եւ զանգեց» Բաքու ու Երեւան՝ իր կողմից անձնապես կրկնելու այն, ինչ մի քանի ժամ առաջ հայտարարվել էր Վիեննայից: Ինչո՞ւ Պուտինը չզանգահարեց ապրիլի 2-ին, 3-ին, 4-ին, այլ միայն հրադադարի փաստացի հաստատվելուց, գլխավոր շտաբների պետերի հանդիպումից եւ Վիեննայում Մինսկի խմբի հայտարարություններից հետո, ապրիլի 5-ի երեկոյան:
Թերեւս, նախ որովհետեւ Ռուսաստանի միակ ռեալ լծակը Հարավային Կովկասում զենքն է, այժմ զենքը կրակում էր, իսկ այլ՝ տնտեսական, քաղաքական լծակներ միջազգային մեկուսացման մեջ հայտնված ու քանդվող Ռուսաստանը չունի: Երկրորդ՝ Ռուսաստանն արդեն Ուկրաինայում եւ Սիրիայում այնքան ձախողումների մատնվեց ու տուժեց իր միջազգային մեկուսացման ու անջատ գործողությունների համար, որ, երեւի, այլեւս ցանկություն չի մնացել միջազգային հարթակում մոնոներկայացումներ տալու: Պուտինն ակնհայտորեն նախընտրեց միջազգային ֆորմատում եւ փոխհամաձայնությունների մեջ գործել: Չի բացառվում, որ մասամբ էլ ժամանակային առումով համընկած panamapapers տեղեկատվական արտահոսքն էր Պուտինին զբաղեցրել:

Փոխարենը զանգը եղավ Սպիտակ տնից: Ինչո՞ւ: Թվում է՝ նախ որովհետեւ Սպիտակ տունը մնում է Սպիտակ տուն, եւ Երեւանում կամ Բաքվում իրենց երկրների 25-ամյա անկախության ընթացքում հինգ անգամ էլ Վաշինգտոնից զանգ չէին ստացել, որպեսզի հակաճառեին հրադադարի պահանջին: Եթե մտքով էլ անցկացնեին հակաճառել, տնտեսական հրամայականները դա թույլ չէին տա: Հազար Ղարաբաղ լինի, Ալիեւը, դիցուք, իր SOCAR-ի եկամուտներն ու TANAP-ի ծրագրերը հանուն դրանց կվտանգի՞, այն էլ ներկա տնտեսական անկման մեջ: Նույնկերպ էլ մի վայրկյան պատկերացնենք՝ միջազգային ֆինանսական կառույցները Հայաստանի տնտեսությունը չպահեն, քանի՞ ժամում Հայաստանի արժութային շուկան կփլուզվի, եւ ռեալ, կենցաղային մակարդակի խուճապն ու իրարանցումը կպատեն ամբողջ երկիրը:

Փառք Աստծո, այժմ 90-ականները չեն, որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ գլոբուսից դուրս, հետխորհրդային տարածք լինեն, աշխարհի հետ բացարձակ չինտեգրված եւ դրա «շնորհիվ» տարիներ շարունակ պատերազմեն: Այժմ նման հնարավորություն չունեն ոչ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը՝ աշխարհին իրենց փոխկապակցվածության պատճառով: Ապրիլյան եռօրյա բախումները ցույց տվեցին, որ հիմա, եթե կողմերը կամ թեկուզ նրանցից մեկը խնդիր չդնի սեփական ոչնչացման գիտակցմամբ ու գնով դիմացինին էլ ոչնչացնելու, մնացյալ բոլոր դեպքերում բախումներն օրերի մեջ կավարտվեն ոչ-ոքի արդյունքով: Ապրիլյան ռազմական ոչ-ոքին վերջակետ դրեց բոլորի 22 տարի փայփայած պատերազմական իլյուզիաներին:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X