Գրադարանները մեռնում են

Եվրոպական քաղաքներում շարունակվում են փակվել գրադարանները: Վերջին շրջանում ֆինանսական դժվարությունների պատճառով Լոնդոն քաղաքը մեծ թվով գրադարաններ կորցրեց: Օրեր առաջ փակվեց նաեւ Քարնեգի գրադարանը, որ բողոքի եւ դժգոհությունների ալիք է բարձրացրել:

The guardian-ը գրում է՝ բրիտանացի հայտնի գրողներ Նիլ Գեյմանը, Քոլմ Թոբին, Նիք Հորնբին եւ 220 հեղինակներ հանդես են եկել բողոքի նամակով, որով փոխանցել են իրենց դժգոհությունն ու տագնապը: Ապրիլի 5-ին գրադարանի դիմաց տեղի է ունեցել բողոքի ցույց: Գրող, թատերագետ Ստելլա Դաֆին, որն ապրում է Քարնեգի գրադարանի մոտ, ասել է. «Եթե չլիներ գրադարանը, ես գրող չէի դառնա: Գրադարանն ինձ ցույց տվեց, որ աշխարհն ավելի մեծ է, քան իմ յոթ հոգանոց ընտանիքը»: Դաֆֆին պատմել է, որ գրադարանում օրեր եւ ժամեր է անցկացրել, ապրել հրաշալի պահեր, մանավանդ, երբ առկա էր տնտեսական ճգնաժամը, «գրադարանը շատ մարդկանց համար ինչ-որ առումով նաեւ ապաստարան էր»:

Գրադարանը շրջափակած որոշ ցուցարարներ բերման են ենթարկվել, նրանց դեմ հայց է ներկայացվել դատարան: BBC-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջին վեց տարիներին ֆինանսների կրճատման արդյունքում Մեծ Բրիտանիայում փակվել են 350 գրադարան, եւ 8 հազար գրադարանային աշխատակից մնացել է գործազուրկ: Քաղաքային ղեկավար մարմինները հուսադրել են, թե հնարավոր է 2017 թվականին Քարնեգի գրադարանը վերաբացվի, սակայն շահագործվելով որպես առողջ ապրելակերպի կենտրոն, նաեւ պահպանելով գրադարանային ֆոնդը:

Մանկագիր Ալեն Գիբոնսի կարծիքով, սա պատմության ընթացքում մեծագույն ճգնաժամն է, որ ապրում են գրադարանները. «Գրադարաններում ժամերը կրճատվում են, ֆոնդերը չեն համալրվում, կամավորները շատ չեն: Սա վտանգավոր իրավիճակ է»: Գրադարանավար Յան Անթիսը կարծում է, որ Բրիտանիայի գրադարանային համակարգը ժամանակին լավագույններից էր, որի փորձառությունից օգտվում էին մյուսները, իսկ հիմա այն, ինչ կատարվում է, միայն վախ է ներշնչում:

Այսպիսով, եվրոպական երկրներում գրադարանների ֆիզիկական մահն այլեւս իրականություն է: Տարբեր վերլուծաբանների կարծիքով, եթե գրադարաններին հատկացվող ֆինանսական օգնությունը շարունակ կրճատվի, առաջիկա տասը տարիների ընթացքում հնարավոր է փակվեն գրեթե բոլոր մեծ գրադարանները, իսկ ապագայում՝ առհասարակ բոլորը:

Արամ Պաչյան

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X