Թուրքիան Ադրբեջանի կողքին է, իսկ Ռուսաստա՞նն ուր է

Անցյալ շաբաթավերջից տարբեր տրամաչափի ՀՀԿ-ականներ՝ Շարմազանովից, Զաքարյանից, Բաղդասարյանից մինչեւ չգիտես ովքեր, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մատակարարվող հարձակողական զենքի թեման թողած, գլուխ են ցավեցնում, թե Ադրբեջանի ագրեսիայի թիկունքում Թուրքիան է, քանի որ Էրդողանը եւ Դավութօղլուն հարկի ու անհարկի Ադրբեջանին սատարող հայտարարություններ են արել: Այն, որ ռուսական զենքը հայ զինվորների ու քաղաքացիների սպանեց Ղարաբաղում, որ Ռուսաստանը շարունակելու է զենքի մատակարարումն Ադրբեջանին, ՀՀԿ-ականների համար խնդիր չէ, խնդիրն Էրդողանի՝ լեզվին տալն է։

Թույլ տվեք հարցնել՝ Էրդողանն ինչո՞ւ պետք է հօգուտ Ադրբեջանի հայտարարություններ չանի: Ադրբեջանի դաշնակիցն է, երբեք դա չի թաքցրել եւ այսօր էլ կանգնել է Ադրբեջանի կողքին: Իսկ ո՞ւր է Հայաստանի դաշնակից Ռուսաստանը: Կրեմլում այժմ միջազգային միջնորդ են խաղում, մինչդեռ Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորություններ ունեն, ինչն առնվազն բարոյական պարտականություն էր ստեղծում դժվար պահին Հայաստանի կողքին կանգնելու, ոչ թե երկակի խաղեր տալու:

Եվ, վերջապես, Թուրքիան բացի Էրդողանի ու Դավութօղլուի լեզվին տալուց (որոնց մասին չգիտես ինչպես թուրքականների փոխարեն ռուսական լրատվամիջոցներն են հաղորդում ու տարածում) ուրիշ ի՞նչ առնչություն ունի ապրիլի 2-4-ին կատարվածի հետ: Կամ ցանկության դեպքում էլ կարո՞ղ է ունենալ: Թուրքիան 20-30 միլիոն քրդերի հետ սանձազերծված իր պատերազմի, երեք միլիոն փախստականների, ներքին ընդդիմության, տնտեսական անկման խնդիրներից գլո՞ւխ է բարձրացնում, որ Ադրբեջանով զբաղվի: ԱՄՆ-ն ամբողջ կես տարի թույլ չի տալիս, որ Թուրքիան գոնե YPG-ի հետ իր խնդիրները լուծի, որքան էլ Էրդողանն աջուձախ լեզվին է տալիս, եւ որքան էլ YPG-ն ու PKK-ն անգամ ֆիզիկապես խնդիր են Թուրքիայի համար:

Թուրքիան Ադրբեջանի մասով որքան էլ լեզվին տա, ինչպես տեսանք՝ նույնիսկ Մինսկի խմբում չի կարող մի չոփ շարժել: Ներկա պահին եւ տեսանելի ապագայում Թուրքիան Հայաստանի համար վտանգ չէ, վտանգը Ռուսաստանն է, որի պահվածքը գուցե ընդունելի է որպես չեզոք միջազգային միջնորդի կեցվածք, սակայն խստագույնս դատապարտելի է որպես դաշնակցի վարք։ ՀՀԿ-ականները թող դրանից խոսեն։

ՀՀԿ-ն թող բացատրի

ՀՀԿ-ականները կարո՞ղ են երեւակայել մի իրադրություն, երբ, դիցուք, հարձակում լիներ Իսրայելի կամ Հարավային Կորեայի վրա: Ի՞նչ կաներ Միացյալ Նահանգների նախագահը: Ոչ միայն կհայտարարեր այն, ինչ կրկնում է օրնիբուն, որ ԱՄՆ-ն Իսրայելի դաշնակիցն է ու կանգնած է նրա կողքին, որ Իսրայելի դեմ ոտնձգություն անել՝ նշանակում է ոչ թե Իսրայելի 7 միլիոն, այլ ԱՄՆ-ի ու Իսրայելի 307 միլիոն բնակչությանն ու ռազմական ուժին մարտահրավեր նետել եւ այլն, այլեւ ուղղակի ամերիկյան զորաջոկատներն ու տեխնիկան ժամեր հետո Իսրայելում կլինեին, ինչպես հիմա Հարավային Կորեայում են: Ժամանակակից աշխարհում ամեն իրեն հարգող ռազմաքաղաքական դաշնակից է այդպես վարվում։
Մինչդեռ ՀՀԿ-ական դատարկախոսներն ու դատարկամիտները, իրենց հետ էլ ԱԺ բոլոր մյուս կուսակցական ու անկուսակցական թյուրիմացությունները, որ դիֆերամբներ էին ձոնում Ռուսաստանին եւ ԼՂՀ-ի անվտանգությունը երաշխավորելու «անհատակ խորամտությամբ» Հայաստանը դեպի ԵՏՄ էին քարշ տալիս, չե՞ն կարծում, որ հնչել է ժամը, որպեսզի իրենք Հայաստանի ժողովրդին պատասխան տան, թե ուր են Ռուսաստանն ու նրա նախագահը, ինչու ապրիլի 2-4-ին գոնե Թուրքիայի չափ, թեկուզ միայն բառերով Հայաստանի հետ համերաշխություն չէին հայտնում:

ՀՀԿ-ականները ճիշտ կվարվեն պատասխան տան նաեւ նրա համար, թե ինչու էին ռուսական զենքով բոլորիս աչքի առջեւ Ղարաբաղում հայերի սպանում: ՀՀԿ կարկառուն ֆիգուր Հովիկ Աբրահամյանը, ՌԴ վարչապետ Մեդվեդեւի կողքին կանգնած, մտքի փայլատակում էր ունեցել: Ի լուր աշխարհի Աբրահամյանը հայտարարել էր, թե Ռուսաստանն ուրիշ ի՞նչ անի, որ Ադրբեջանին զենք չվաճառի՝ ինքը չվաճառի, ուրիշները կվաճառեն: Ասել է թե՝ ԱՄՆ-ն կամ Եվրոպան, որ արգելք են դրել Ադրբեջանին զենքի վաճառքի վրա եւ Ալիեւին չեն զինում, հիմար են, կամ էլ միլիարդներն իրենց խանգարելու էին: Նույնիսկ ամենաետին չարչին այդքան բարոյական այլանդակություն ու մտավոր սահմանափակություն չէր ունենա, որ նման կարգի հայտարարություն աներ: Եվ նա ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում:

ՀՀԿ-ականները վա՞տ են զգում նրանից, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է, թող վատ զգան որքան ուզում են, բայց Թուրքիային անդրադառնալուց առաջ կամ հետո պատասխան տան, թե ինչու «դաշնակից» հորջորջվող Ռուսաստանը Հայաստանի կողքին չէ: Ռուսաստանն այսօր թշնամական քայլեր է կատարում Հայաստանի հանդեպ, ինչպես 1918-21-ին է կատարել, եւ թուրքերին ամբաստանելուց ռուսների հանցանքները չեն պարտակվում՝ ոչ նախկին, ոչ ներկա:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X