Կերպարանափոխություններ

Այս օրերին շատերն են կարծում, որ ապրիլի 5-ից հետո Հայաստանում շատ բան է փոխվել, կամ եթե անգամ այդ փոփոխությունները դեռ շեշտված չեն, ապա անխուսափելի են, այլ ենթատեսակ չկա, եթե անգամ մերժենք, ինքն է գալու՝ առանց թույլտվություն խնդրելու՝ անտեսելով մեր բուռն հակասական մտքերի ու կարծիքների հոսքը: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Տեր-Պետրոսյանի տանը բուռն արձագանքների տեղիք է տվել: Մարդիկ կան՝ այդ իսկությունն անհավանական մի բան են համարում, սուր քննադատողներ էլ կան, կան ողջունողներ, որ այս օրհասական պահին, երբ որոշվում է կամ պիտի որոշվի Հայաստանի ապագան, ներկա եւ նախկին նախագահները, մի կողմ դնելով ակնհայտ քաղաքական ընդդիմակցությունը, որն արդեն բավականին մանրամասն կենսագրություն ունի, հանդիպեցին եւ քննարկեցին ի նպաստ պետականության, ի նպաստ ազգային անվտանգության:

Նմանօրինակ կերպարանափոխություններն ինչ-որ առումով պարտադրված են քաղաքական ստատուս-քվոյի կողմից: Այս պարագայում անցյալի ու ապագայի գործառույթներն այլեւս չեն աշխատում, առկա են միայն ներկան եւ ներկայի հարկադրանքը: Դավաճանությունների, մոռացությունների հիշեցումը ներկա իրավիճակում ոչ մի դերակատարություն չունի՝ սպառված է կամ սպասում է իր ժամանակներին: Նույնը կարելի է ասել նաեւ ժողովրդական համախմբվածության մասին:

Շրջանառվում է նախադասությունը, թե «խաղաղության ժամանակ արտագաղթում ենք, պատերազմի ժամանակ՝ ներգաղթում»: Հնարավոր է՝ այդպես է, հնարավոր է՝ պատերազմը, մահվան ակնհայտ ներկայությունը մահվան գործիքն է, որ ձեռնհաս է կերպարանափոխելու մարդկային գիտակցությունը: Վերջիվերջո, Հայաստանում պատերազմը (մահը) բոլորին է վերաբերում, դիպչում է բոլորին՝ անձանց, ընտանիքներին, քաղաքներին, շեներին, ուստի վերադարձը հնարավոր ճշմարտություն է: Մեր մեջ տագնապ ու տխրություն կա, որ իշխանությունն առայսօր չի ճանաչել ժողովրդին, բայց մենք շատ ժամանակ մոռանում ենք, որ այս իշխանությունը վաղուց կորցրել է ժողովրդին ճանաչելու կարողությունը: Անգամ մեծ ցանկության դեպքում իշխանության համար գրեթե անհնար է ճանաչել մի ժողովրդի, որը տարիների ընթացքում հարստահարվել է, աղքատացել, անկարող է եղել ընտրելու իր ուզած ղեկավարին եւ այլն: Սակայն, միեւնույն է՝ փաստ է, որ հարկ եղած դեպքում, երբ վտանգված է պետության գոյությունը, միակ իշխանությունը պատկանելու է ժողովրդին, եւ ինքն է որոշելու ընդհանրապես իշխանության դերն ու նրա լինելիությունը:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X