Մեր դաշնակիցը մեզ զենք պիտի անհատույց տա

Խորհրդային Միությունը ղեկավարող քաղբյուրոն (Գորբաչով, Ալիեւ, Շեւարդնաձե, Սուսլով, Ռաշիդով, Կունաեւ եւ այլք, ինչպես այժմյան Նուրսուլթանները) ղարաբաղյան պրոբլեմը կամ տակով է արել, կամ, լավագույն դեպքում, հավասարության նշան դրել: Հիմա, երբ լսում եմ ՕԲՍԵ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային այլ կառույցների հայտարարությունները, ճիշտ եւ ճիշտ խորհրդային ժամանակներն եմ հիշում: Միթե այս 25 տարում ոչինչ չի փոխվել: Կարծես մոռացվել է, որ ղարաբաղյան խնդրի լուծման հավասարության այդ նժարը, թացն ու չորն իրար խառնելը սկզբում քանդեց Բեռլինի պատը, հետո՝ Խորհրդային Միությունը: Եթե միջազգային հանրությունն այսպես շարունակի եւ չճանաչի Ղարաբաղի 22-ամյա դե ֆակտո անկախությունը, ապա Սիրիայի այսօրվա տաք ճգնաժամը դրա դեմ գլուխը քարով է տվել:

Ափսոս, որ այն ժամանակվա հաղթանակը չամրագրվեց 1994 թվականի Բիշքեքի հրադադարի փաստաթղթում, եւ մտահոգված եմ, որ նույնը կարող է կրկնվել հիմա, իսկ պրոբլեմի սառեցումը հանգած հրաբխի է նման: Ներկա պայթյունավտանգ այս պարագայում մեր դաշնակիցը, ուժերի բալանսը կարգավորելու համար, մեզ ոչ թե փողով կամ կես գնով պիտի զենքը տա, այլ՝ անհատույց: Ինչո՞ւ: Որովհետեւ Հայաստանն ու Արցախը, հայ հերոս զինվորը թուրքական էքսպանսիայից, դահիճից կամ, այսպես կոչված, մուսուլմանական պետությունից Ռուսաստանի հարավային սահմանն են պահում: Եթե չհասկանալու են տալիս, ապա պիտի գիշեր-ցերեկ հասկացնել:

1918 թվականին, երբ ռուսական զորագունդը Կովկասյան ռազմաճակատից վերադառնում էր հեղափոխական Ռուսաստան, Շամախիի մոտակայքի բաց դաշտում թուրք-թաթարները ճաշկերույթ էին կազմակերպում: Գետնին երկար, շատ երկար սուփրաներ էին փռում, իսկ զինվորները հրացանները ցից, խաչուփաչ արած՝ մի կողմ էին դնում: Մի որոշ ժամանակ անց թուրք-թաթարները՝ այսօրվա ադրբեջանցիները, հենց ռուսական զենքով, նրանց ճաշի սեղանն արյան ծովի վերածեցին: Կասկած չունեմ, որ եթե գա պահը, թուրք-թաթարները՝ Ադրբեջանը, նույնն անելու են նաեւ այսօր:

Եզրահանգում: Տարածաշրջանում ուժի բալանսը կարգավորելու, խաղաղությունը պահպանելու համար մեր ռազմավարական ընկերը՝ Ռուսաստանը, հայկական բանակին ժամանակակից զենքը ոչ թե փողով, այլ անհատույց պիտի տա:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X