Քաղաքագրություն. Չերյոմուշկա, Մարաշ

Ժամանակի ընթացքում Երեւանը հասակ առավ, ընդարձակվեց, անցավ Հրազդանը, որի ձախ ափին ստեղծվեց նոր թաղամաս։ Թաղամասը հայտնի է թե Աջափնյակ եւ թե Չերյոմուշկի անունով։ «Աջափնյակ»-ի բացատրությունը տալիս է հենց ինքը՝ անվանումը։ Այսինքն՝ գտնվում է Հրազդանի աջ ափին։ Բայց հետաքրքիր է իմանալ, թե որտեղից է գալիս Չերյոմուշկի անունը։ Չնայած թաղի պաշտոնական անունն Աջափնյակ է, բայց առօրյա խոսակցության ժամանակ առավել գործածական է դարձել Չերյոմուշկի անունը։ Չերյոմուշկի անունը Երեւան է «տեղափոխվել» Մոսկվայից, ինչպես ասում են՝ պատրաստի ձեւով։ Մոսկվա քաղաքի այն հատվածը, ուր այժմ Չերյոմուշկի թաղի բարձրահարկ տներն են վեր բարձրանում, մոտ անցյալում ընդարձակ, ազատ տարածություններ էին, ուր աճում էին առանձին ծառատեսակներ, որոնք ոչ մեծ ծառեր էին եւ ռուսերենում հայտնի են «չերյոմուխա» անունով։ Ի դեպ, ծառի հատապտուղները սեւ գույն ունեն, հենց այստեղից էլ առաջացել է այդ անվանումը: Ժամանակի ընթացքում, երբ Մոսկվան ընդարձակվեց, եւ քաղաքի նորակառույցները բարձրացան այստեղ, այդ նոր թաղը Չերյոմուշկի կոչվեց։ Այդ երեւույթն իր արտացոլումը գտավ նաեւ Երեւանում՝ Հրազդանի աջափնյա մասում։ Ինչպես հայտնի է, Հրազդանի աջափնյա մասում, համարյա ամայի տարածություններում, ստեղծվեցին նորանոր հոյակապ շենքեր, ու հառնեց նոր թաղ։ Նորաստեղծ քաղաքամասը, թե շենքերի նմանություններով ու ոճով եւ թե որպես նոր թաղ, կարծես հիշեցնում էր Մոսկվայի այդ նորաստեղծ թաղը՝ Չերյոմուշկան։ Երեւանի նորաստեղծ Աջափնյակ թաղը Չերյոմուշկի անվանեցին։

Մարաշ

Երեւանի Մարաշ կոչվող թաղը գտնվում է քաղաքի հյուսիս-արեւելյան մասում, Նորքից ոչ հեռու։ Այս արվարձանն իր անունն ստացել է Լեռնային Կիլիկիայում գտնվող Մարաշ բնակավայրից, որը գտնվում է Ադանայից մոտ վաթսուն կիլոմետր հյուսիս՝ Տավրոսի լանջերին, Սեյխան կամ Ճիհուն գետի արեւելյան հովտում։ Մարաշը ժամանակին Կիլիկիայի կարեւորագույն եւ հարուստ քաղաքներից էր։ Անցյալում կոչվել է Գերմանիկ։ Այս քաղաքի կլիման շատ առողջարար է, ջուրը՝ ընտիր։ Եղեռնից առաջ Մարաշում բնակվում էին մոտ քսան հազար հայեր: Մարաշցիներն աչքի են ընկել որպես լավ կահույքագործներ եւ համարվել են հաստ շալագործներ: Արտահանել են արծաթաթել գործվածքներ եւ բամբակեղեն։ Կրթական առումով Մարաշը ժամանակին առաջադեմ քաղաք էր։ Մարաշի հայերի զբաղմունքն այգեգործությունն ու երկրագործությունն էր։ Առավել տարածված գյուղատնտեսական կուլտուրաներից էին բրինձը, բամբակը, ծխախոտը, խեժը։ Մարաշի մոտ էին գտնվում Շուղուրի Կարմիր վանքը եւ Վարագա վանքը։ Ի դեպ, վերջինս չպետք է շփոթել Վասպուրականի Վարագի հետ։

Կ. Ավետիսյան

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X