Պատերազմի ժամանակ զոհված ԼՂՀ քաղաքացի զինծառայողների ընտանիքները բնակարաններ կստանան

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան առաջին օրերին ծավալված պատերազմական գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունի 77 զոհ, մոտ120 վիրավոր: Զոհված զինծառայողների շարքում կային թե ժամկետային, թե պայմանագրային զինծառայողներ եւ ԼՂՀ-ից, եւ ՀՀ-ից: Մարտերի ժամանակ զոհված զինծառայողներից 18-ը ԼՂՀ քաղաքացիներ են: Այս օրերին բազմաթիվ նախաձեռնություններ, անհատներ աջակցության ձեռք մեկնեցին տուժածների ընտանիքներին։ Իսկ ինչ օգնություն են ստանալու պետությունից այս պատերազմում զոհ ունեցող ընտանիքները:

Hraparak.am-ին ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն ասաց, որ այս պահին կոնկրետ ոչինչ չի կարող ասել, բայց, անպայման աջակցություն լինելու է Արցախի գրանցում ունեցող և՛ վիրավորների, և՛ զոհերի ընտանիքներին. «Պետական ծրագրով նախատեսված թոշակները, նպատները տրամադրվելու են, և բացի դրանից այլ աջակցություններ էլ են լինելու, այս պահին դեռ հստակեցված չէ»։

Նա նշեց, որ նախատեսված թոշակի չափը որոշվում է՝ հաշվի առնելով վիրավորվածի և զոհվածի ընտանիքի կարգավիճակը։ Արտակ Բեգլարյանի վստահեցմամբ՝ բավականին զգալի գումար է ամեն ամիս տրամադրվում. «Եթե ընտանիքում անչափահաս երեխաներ կան, ապա նրանց է տրվում մինչև չափահաս դառնալը»։

Արտակ Բեգլարյանը նաև շեշտեց, որ գործում է այն օրենքը, որով համապաատասխան ԼՂՀ գրանցում ունեցած զոհված զինծառայողների ընտանիքներին նոր բնակարններ են հատկացվում։ Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ զոհված կամ վիրավորված ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց, ապա նրանց մասով որոշում պետք է կայացնեն ՀՀ-ի իշխանությունները, առայժմ պետության մակարդակով որեւէ օգնության մասին չի հայտարարվել:

Հիշեցնենք, որ օրերս Ստեփանակերտի Ազատամարտիկների միության շենքում տեղի ունեցավ ԼՂ Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինուժի բախումների ժամանակ 2 ուղղաթիռ և 5 տանկ խոցած զինծառայողների պարգևատրման արարողությունը: Երեք զինծառայողներ պարգևատրվել են մեքենաներով։ Նրանցից 2-ը եղել են ՀՀ, իսկ մեկը՝ ԼՂՀ քաղաքացի։

Մեկնաբանություն
X