Ուշքի բերել

Կարծես եկել է այն ժամանակը, երբ, ուզած թե չուզած, պիտի հենց մենք վերականգնենք, ուշքի բերենք Ադրբեջան պետության ու պետականորեն նրա վարած հայատյաց քաղաքականության շիզոյիդ գիտակցությունը: Այլ տարբերակ մեզ չեն թողել: Միջազգային հանրույթը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանող ատյանները դա չեն անելու: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն՝ ոչ ոք իր բարի կամքով Ադրբեջանի խոշտանգող ձեռքը չի բռնելու, չի ուսուցանելու քաղաքակրթության կողմից ստեղծված այն լավագույն կանոնները, որոնց առկայության դեպքում այսօրինակ կուրություն գրեթե բացառված է: Այս դժվարին առաքելությունն ընկնում է Հայաստանի ուսերին: 20-25 տարիների ընթացքում Ադրբեջանը հավատացրել է իր ժողովրդին, որ իրենք «դաժան թշնամի» ունեն, «չարիք», որին հայ են կոչում: Պետությունն ու ժողովուրդն այս թշնամանքը կյանքի իմաստ են դարձրել, մի իմաստ, որի վերջին հանգրվանը մահն է:
Ամեն օր ատելությունն ու ոխն իմաստի վերածելով… դժվար կլինի մի քանի ակնթարթում այդ վիթխարի չարության կուտակումից հրաժարվել: Ուստի Ադրբեջանին օգնություն է հարկավոր: Հիվանդին բուժել է պետք, ճշգրտորեն ախտորոշել ու բուժել այնպես, որ մյուսների վրա վարակը չտարածվի: Օկուպացված տարածքները վերադարձնելու Ադրբեջանի ցանկությունը ազգային հողի վրա սկզբնադրած ատելության ու խտրականության լոկ շինծու վրաքաշն է:

ԼՂՀ բանակի զինվորներին, գյուղում ապրող խաղաղ բնակիչներին խոշտանգելը, վերջին հաշվով, ի՞նչ կապ ունի «արդարության» մասին անվերջ բարբաջող ցանկության հետ: Մարմնի խոշտանգումը միայն մարմնի (մաշկի, հյուսվածքների, արյան, պատկանելության) տարածությունները գրավելն է: Սահմանները, օկուպացված տարածքները «արդարությունը» վերադարձնելու ցանկության հետ անհամադրելի են: Խոշտանգումը մի բան է նշանակում՝ «տես, թե որքան եմ ատում հայ լինելդ»: Այս ատելության տեղատարափը կույր է, տրամաբանություն չունի, զրկված է իրատեսությունից, պետության եւ ժողովրդի հետ ամենասարսափելին է, որ կարող է լինել:

Հայաստանում կառուցելով իրական ժողովրդավարություն, իրական, պինդ հիմնասյուների վրա, վերջ դնելով քրեաօլիգարխիկ սիստեմի նողկալի ճախրանքին, վերջ դնելով համատարած ապօրինություններին, վերջ դնելով «ազգի տականքի բացահայտմանն» ուղղված հավերժական որոնումներին… միայն այսպես գուցե հնարավոր կլինի հեղաշրջել, վերացնել մեր հանդեպ տածած այն կենդանական ատելությունը, որով ապրում է Ադրբեջանի ներկա իշխանությունը:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X