Ներքին ցնցումներ

Աչքըս դարձնում Արեւմուտքին,

Արեւ ծագե սլավոն ազգին

Հայի արեւն, ահա՛ վեց դար,

Համատարած պատե խավար։

Ռափայել Պատկանյան.

Անվերջ գանգատներ

Հայաստանում բարձրացված յուրաքանչյուր խնդրի, տարաձայնության, արդարացի բողոքի ձայնը իշխանությունը տարիների ընթացքում փորձ է արել կասեցնել՝ մատը տնկելով սահմաններին՝ «Պատերազմող երկիր ենք, մեզ ներքին ցնցումներ պետք չեն»: Անգամ ամենապարզ հարցադրումներ բարձրացնելու ժամանակ իշխանությունները հապճեպ վերհիշել են՝ հիշեցնելով, թե ինչ պայթյունավտանգ տարածաշրջանում ենք ապրում, որ ղարաբաղյան հակամարտություն ունենք, եւ այս պարագայում «մանր-մունր» խնդիրների, «մանր-մունր», թեկուզեւ արդարացի, պահանջների ժամը չէ:

Բանակն ու ղարաբաղյան հակամարտությունը խխունջի պատյան դարձնելն ու մեջը մտնելը որեւէ կերպ ներքին ցնցումների ալիքը, վերջին հաշվով, բացառել չեն կարող: Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ ծանր ժամանակներ են, որ կան հրատապ, հույժ կարեւոր առաջնախնդիրներ, սակայն այդ «բոլորի» մեջ, անգամ մեծ ցանկության դեպքում, այս իշխանությանը ոչ մի կերպ չես տեղավորի: Վերջիվերջո, կուլակները երբեք իրենք իրենց կուլակաթափ չեն անում, համենայնդեպս, այս պահին չեմ հիշում պատմության մեջ այդպիսի մի դեպք: Հակառակը՝ վերջին տարիների բառիս բուն իմաստով հարկահավաքությունը (կարմիր գծերից սկսած) ուրիշ բանի մասին է վկայում, որ կառավարությունը պետության առջեւ ծագած ամենաբարդ խնդիրը պարզապես վերցնում ու դնում է հարստահարված ժողովրդի ուսերին՝ անվերջ-անդադար շահարկելով արտաքին վտանգների գերառկայությունը:

Իսկ, ահա, կուլակները ժուժկալ գրպաններ են ունենում՝ պինդ կարած բերաններով: Սելֆիներով սահման հասցրած վաֆլիներն այդ գրպաններին բնավ չեն դիպչում, չեն թեթեւացնում դրանց պարունակությունը, դրա համար են ժպիտներն այդքան անպակաս: Մեզ ասում են՝ «օլիգարխներից ու այլեւայլ չինովնիկներից, թերեւս, կարելի է որեւէ օգտակարություն կորզել, հնարավոր է՝ դա էլ չանեին»:

Պարզ է, որ ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ տասնյակ պատգամավորներ, եթե ոչ գլխովին, ապա մասամբ կուլակության վառ ներկայացուցիչներ են, եւ նրանց դեմ գնալ, նրանց ասպարեզից իսպառ հեռացնել նախագահը չի կարող: Կապող օղակները, պարանները, երեւելի ու աներեւույթ թելերն ու սարդոստայնները չափից դուրս շատ են եւ բավականի ամուր կազմություններով: Միակ տարբերակը՝ որ բոլորով հեռանան: Բայց հարց է՝ եթե անգամ այդպիսի ցանկություն լինի, արդյոք Սերժ Սարգսյանին կթողնե՞ն հեռանալ:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X