Միքայել Մանվելյան. Յերեվան

Հատվածներ համանուն անավարտ վեպից

Այդ թաղում են ցրված բոլոր արհեստավորները։ Ամբողջ թաղը լցված է պղնձի, թիթեղի, երկաթի, սղոցի արձակած ձայներով, բոլորը եռանդով կռում են, կոփում, ծեծում, սղոցում, եւ այդ բոլոր ձայներն իրար խառնված՝ տնքում են, հառաչում կարծես ցավից: Ծանր մուրճերն իջնում են շիկացած երկաթի գլխին, կայծեր սփռում չորս կողմ: Պղնձագործների մուրճերի հարվածների տակ շառաչող մետաղը ողբաձայն տնքում է ցավից ու կանչում...

Պայտառների արհեստանոցի առջեւ, կախաղանի նմանող գործիքների մոտ ոտն ու դունչը կապած եզներ են մնչում, ձիերն անհանգիստ շարժում են ոտները, դոփում գետինը եւ վրնջում, երբ սմբակից խորն են կտրում: Այդ իրար խառնված, խառնիճաղանջ ձայների միջից երբեմն դուրս է թռչում շրջիկ թեյավաճառի զիլ կանչը.

  • Զանջաֆիլ չայի՜...

Ներկարարների մոտ ինչ-որ թախծոտ անդորր է տիրում, հեռվից լսվում են աղմկարար արհեստավորների մուրճերի ձայները, բայց նրանք, անտարբեր այդ ձայներին, ներկից կապտած ձեռներով, քիթ ու պռունգով, գլուխները քաշ, իրենց գործին են:

Ընդարձակ տարածության վրա՝ կապույտ ներկած կտավից մի բարակ շոգի է բարձրանում եւ մնում է թոկերի վրա՝ մի անհաճո հոտ տարածելով շուրջը:

Ամառվա այդ շոգ օրերին, երբ ջերմաստիճանը 60-ից անցնում էր, անցուդարձ գրեթե դադարում, առուտուրը կանգ առնում, խանութպանները, մերկ կրծքով նստած Ղանթարի դիմացի ծածկված խանութների առջեւ, մի ձեռքով հովհարում, մյուսով շարունակ սրբում էին ճակատից հոսող քրտինքը եւ ծարավը հագեցնում սառը ձմերուկով, որ ամբողջ գիշեր հորում կախված մնալով՝ սառել է, կամ դարչինի ու զանջաֆիլի տաք թեյով:

Յերեւանը դեռ առվի ջուր է գործածում: Կաթիլ-կաթիլ քամվելով քարի միջից, հավաքվում էր քարի տակ դրած սափորի մեջ, մեղմ ու միալար կլտոցով:

Խանութի աշակերտները ծխախոտի թղթից շինած ճանճաքշիներով հալածում էին հանդուգն, աներես ու տաքից ահ չունեցող թեւավորներին: Բայց այդ կռիվը նրանք խաղ համարելով՝ ավելի աշխուժացած իրենց խաղն էին շարունակում:

  • Դարչին չայի՜, զանջաֆիլ չայի՜...

Լսվում է զանազան կողմերից շրջիկ թեյավաճառի ձայնը, եւ արագ, առանց ուշ դարձնելու հոգնածությանը եւ ճակատից հոսող քրտնքի առվակներին, երկու ծանր թեյամանի նմանող ինքնաեռներ ձեռքից կախած, նա անցնում է խանութից խանութ եւ ցանկացողներին դարչնի կամ զանջաֆիլի թեյ մատակարարում:

Կեղտոտ մի սրբիչ ուսից կամ կողքից կախ, կիսալուսնաձեւ մի արկղ կապած առջեւից, ուր գտնվում են թեյի անհրաժեշտ պարագաները, ասես կորսետով իրանը սղմած փոքրիկ բաժակներ, ֆայանս կապույտ կամ կարմիր եզրերով պնակներ, երկու դեղնած ֆուռաժի գդալ, մի առանձին արկղ էլ՝ շատ մանր կտրտած շաքարի համար: Դա էր նրանց ամբողջ հարստությունը: Այդ չարքաշ մարդիկ ամբողջ օրը աշխատում էին հաց հասցնել ընտանիքներին:

Մանր առեւտրականներ, վաշխառուներ, տնայնագործներ, արհեստավորներ-ներկարարներ, դարբին ու պայտառ... մեծ մասամբ ապրում էին այգիների հասույթով:
Փողոցները կեղտոտ, նեղ, ծուռումուռ, հողե գորշ մի հարկանի տներ. մի քանի փողոց կար փողոցի նման եւ մի տասնյակ քարաշեն երկհարկանի տներ:

Փողոցի անկյուններում, բակերում կեղտի ու փոշու կույտեր էին դիզված եւ մինչեւ երեկո անշարժ մեխված տեղերում, քամուն էին սպասում, որ բարձրանան, կենդանացած իրար անցնեն, խփվեն տների պատերին, պատուհաններին, դռների արանքից ներս թափանցեն ու լցվեն մարդկանց աչքերը, քիթն ու բերանը...

«Խորհրդային գրականություն» հանդես, 1938թ. (6-7)

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X